ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ Է ԾԱԽՍՎՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա պետական բյուջեով քրեակատարողական համակարգի պահպանման համար հատկացվել է 8 միլիարդ 774 միլիոն դրամ, որից 4 միլիարդ 851 միլիոն դրամը երեկվա դրությամբ արդեն ծախսվել էր:

Նշենք, որ այս գումարի առյուծի բաժինը` 6 միլիարդ 227 միլիոն դրամը, նախատեսված է քրեակատարողական ծառայության աշխատողներին աշխատավարձեր եւ հավելավճարներ վճարելու համար: Էներգետիկ ծառայությունների, իսկ ավելի կոնկրետ, էլեկտրական էներգիայի եւ գազի վարձավճարների համար նախատեսվել է 655 միլիոն 86 հազար դրամ, որից 569 միլիոն 86 հազար դրամը բաժին կհասնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, իսկ 81 միլիոն դրամը` «Գազպորմ-Արմենիային»: 73 միլիոն 563 հազար դրամ էլ հատկացվելու է քրեակատարողական ծառայության վարչական շենքերի ու քրեակատարողական հիմնարկների ջրամատակարարման համար: 26 միլիոն դրամից մի փոքր ավել գումար էլ ծախսվելու է կապի ծառայության համար: Քրեակատարողական ծառայության աշխատակիցների գործուղումների համար նախատեսվել է 23 միլիոն 843 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 884 հազար դրամը:
Քրեակատարողական հիմնարկների պահպանման գործընթացը Հայաստանի կառավարման համակարգի թերեւս ամենամութ կողմերից մեկն է: Այս ոլորտին առնչվող խնդիրներից գուցե ամենաստվերայինը քրեակատարողական հիմնարկների նյութական ապահովման հետ կապված գործարքներն են: Նյութական ապահովում ասելով՝ նկատի ունենք քրեակատարողական ծառայության գործունեության համար անհրաժեշտ հագուստի, սննդամթերքի եւ կենցաղային պարագաների ձեռքբերման գործընթացը: Մասնավորապես, գրասենյակային նյութեր եւ հագուստ գնելու նպատակով ողջ տարվա համար պետբյուջեից հատկացված 219 միլիոն 674 հազար դրամ, որից 61 միլիոն 134 հազար դրամն արդեն իսկ ծախսվել է: Ի դեպ, «գրասենյակային նյութեր եւ հագուստ» տողով հատկացված գումարի առյուծի բաժինը ծախսվում է հագուստի եւ կոշիկի ձեռքբերման համար:
Քրեակատարողական հիմնարկների համար անհրաժեշտ կենցաղային եւ սննդի նյութեր գնելու նպատակով պետական բյուջեում նախատեսվել է 1 միլիարդ 63 միլիոն 356 հազար դրամ: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ մեկուկես տասնյակ ընկերություններ քրեակատարողական ծառայությանը կենցաղային եւ սննդի նյութեր են ապահովում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե հատկապես սննդի մատակարարողների ցանկում մենք պետք է Հայաստանի հայտնի ընկերությունների անունները հանդիպենք, քանի որ նրանք ամեն ինչ պետք է անեն՝ նման մատակարարումների իրավունք ստանալու համար: Սակայն իրականում պատկերը բոլորովին այլ է: Սնունդ եւ կենցաղային պարագաներ մատակարարող ընկերությունները հիմնականում ինչ-որ անհայտ անուններ են: Ավելին՝ երբ մի փոքր ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ այդ ընկերությունները ընդամենը մատակարարներ են, այլ կերպ ասած՝ միջնորդներ: Օրինակ՝ «Անանո» անունով մի ընկերություն, որը քրեակատարողական ծառայության հետ կնքած մատակարարման երկու գործարքներ ունի, ընդհանուր 164 միլիոն 245 հազար դրամի չափով, մեկ պայմանագրով պարտավորվել է մատակարարել հավկիթ, ձեթ, հնդկաձավար եւ մսի պահածո: Մեկ այլ ընկերություն` «Ֆոտոն» ՍՊԸ-ն, մեկ պայմանագրով պարտավորվել է միանգամից ինն անուն ապրանքներ մատակարարել, որոնց թվում են կարագ, հունդեղեն, բանջարեղեն եւ անգամ ձմերուկ: Ի դեպ, ձմերուկը պարտավորվել է մատակարարել մեկ կիլոգրամը 94 դրամով:
Նկատենք, որ ամենաթանկ պայմանագրերից մեկը կնքված է «Հրայր Մանուկյան» անունով անհատ ձեռներեցի հետ` 152 միլիոն 905 հազար դրամ ընդհանուր արժեքով: Այս ընկերությունից քրեակատարողական ծառայությունը գնում է ձկան պահածո, հատիկով լոբի, կաղամբ, կարտոֆիլ, ճակնդեղ, գազար եւ անգամ աղ: Հիշեցնենք, որ Հայաստանում աղ մեկ ձեռնարկություն է արտադրում` «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն: Բնական հարց է ծագում, չէ, իսկ ինչու քրեակատարողական ծառայությունը անմիջապես արտադրողից աղ չի գնում, այլ ինչ-որ միջնորդից: Ի դեպ, նույն անհատ ձեռներեցը պարտավորվել է ողջ տարվա ընթացքում մատակարարել 750 տոննա կարտոֆիլ` մեկ կիլոգրամը 119 դրամով: Այսինքն՝ միայն կարտոֆիլի մատակարարման շնորհիվ միջնորդը մոտ 30 մլն դրամի եկամուտ է ստանում:
Հայտնի է, որ ոչ միայն քրեակատարողական ծառայության, այլեւ ընդհանրապես պետական գնումների ողջ համակարգը ՀՀ իշխանությունների եւ մասնավորապես մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կերակրատաշտն է, եւ որեւէ պատահական մարդ կամ ընկերություն այդ ոլորտ չի կարող եւ ոչ էլ կհամարձակվի մտնել, քանի որ նրան պարզապես կհոշոտեն:
Հ. Գ. Իսկ ինչ վերաբերում է դատապարտյալների սնունդին, ապա Հայաստանում ցանկացած ոք, ով մի անգամ առնչվել է բանտարկյալների հետ, ապա գիտի, որ եթե հարազատները կալանավորներին սնունդ չհասցնեն, հնարավոր է՝ նրանք պարզապես սովի մատնվեն կալանախցում: Եւ այստեղ առաջ է գալիս ամենագլխավոր հարցը. ի՞նչ են լինում դատապարտյալների սննդի համար նախատեսված գումարները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՎ ԿԶԱՎԹԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է՝ նախօրեին ԼՂՀ խորհրդարանը հրապարակեց Արցախում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Ըստ այդմ, ԼՂՀ-ում պատրաստվում են կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել նախագահականի: «Ժողովուրդ»ը փորձեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանից պարզել, թե ըստ նրա՝ նման փոփոխությունները որքանով անհրաժեշտ եւ հրատապ են, ինչպես նաեւ՝ ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ այդ ամենի արդյունքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը կարող է երեք տարով` մինչեւ 2020թ. երկարացվել: «Ակնհայտ է, որ նախաձեռնողներն ինչ-որ նպատակներ են հետապնդում եւ իրենց տեսանկյունից այդ սահմանադրական փոփոխություններն անհետաձգելի են: Եթե ճիշտ է, որ գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու տարբերակ է նախատեսված, ապա մտահոգություններն ավելի առարկայական են դառնում, քանի որ առաջ է գալիս նրա կողմից եւս մի քանի տարով իշխանությունը պահելու, անգամ յուրացնելու նպատակով գործող Սահմանադրությունը փոխելու հիմնավոր կասկած»,-ասաց Ա. Մելիքյանը:

 

 

Ո՛Չ, ՉԳԻՏԻ ՆՐԱ ԱՆՈՒՆԸ
ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է հաշվարկել, թե վերջին երեք տարում ՄԻԵԴ-ի վճիռների կատարումն ապահովելու համար որքան գումար է պետբյուջեից հատկացվել: Նրա հրահանգի առիթը դարձել է «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 18 հազար 225 եվրո փոխհատուցելու խնդիրը: Հայկ Ալումյանը, որը եղել է այս գործով ՄԻԵԴ դիմումատուի փաստաբանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրավունքի խախտումը թույլ է տվել ՀՀ վճռաբեկ դատարանը: Վճիռը կայացնելու պահին` 2007 թվականին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահը, այսինքն՝ նշված դատական ակտի համար հիմնական պատասխանատուն, եղել է Արման Մկրտումյանը, որը ներկայումս զբաղեցնում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը: Ի դեպ, վերջին երկու տարիներին Հայաստանը եվրոդատարանի վճիռների հիման վրա, այսինքն՝ դատավորների թույլ տված սխալները փոխհատուցելու համար պետբյուջեից ծախսել է 262 հազար 580 եվրո:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ օգոստոսի 16-ին ստորագրած որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ»-ը Գուրգեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչու է նա ազատման դիմում ներկայացրել: Մեր հարցմանն ի պատասխան՝ նա ասաց. «Մեկնաբանություն չունեմ տալու: Դա եղել է իմ ցանկությունը` այս պահին այդ պաշտոնից ազատվելու: Բնականաբար, կանցնեմ այլ աշխատանքի, իսկ այս պահին ընդամենը իմ հանգիստն եմ վայելում»:

 

 
ԱՐՁԱԿՈՒՐԴՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ
Սերժ Սարգսյանը, ավարտելով աշխատանքային այցը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, մեկնել է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:

 

 

ՀՅԴ-Ն՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

 

 

ՈՉ ՖՈՐՄԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ուկրաինական «5-րդ ալիք»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին տեղի կունենա ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Կլիմկինի խոսքով՝ սեպտեմբերի 3-ին ակնկալվում է «Արեւելյան համագործակցության» ԱԳՆ ղեկավարների (Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան) ոչ պաշտոնական հանդիպում:

 

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ ձեւավորվել է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդ, որը իրեն համարում է «Սասնա ծռերի» պահանջների պաշտպանը: Հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք շարժումը մասնակցել 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Ենիգոմշյանը բացասական պատասխան է տվել՝ նշելով. ««Սասնա ծռեր» քաղաքական շարժումը չի մասնակցելու ընտրություններին, նման բան չի կարող լինել, մեր խնդիրը մինչեւ նշանակված ընտրությունները հաղթանակին հասնելն է: Եվ մենք ունենք, ու կձեւակերպվի մեր մարտավարությունը առաջիկա ամիսների համար: Եթե այնպես ստացվի, որ մինչեւ ընտրությունները ռեժիմը չվերանա, բնականաբար, այդ օրը մեր մարտավարության մեջ կունենա շատ էական նշանակություն: Բայց վստահ կարող եմ ասել, որ շարժումը իր ռազմավարությունը չի կարող կառուցել ընտրությունների վրա»:

 

 

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի գլխավորած պատվիրակության հետ: Վերջինս նշել է, որ ուսումնասիրել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ ընդգծելով, որ առկա են էլեկտրաէներգիայի արտադրության բարենպաստ պայմաններ: Ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ»-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով նախագահը շեշտել է նաեւ, որ նախատեսում են իրենց տեխնոլոգիական արտադրությունը տեղափոխել Հայաստան, կիրառել արտադրական նորագույն տեխնոլոգիաներ եւ բուհերի հետ համագործակցությամբ պատրաստել անհրաժեշտ կադրեր:




Լրահոս