«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-Ը ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍԻ ԵՐՇԻԿ ԱՐՏԱԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երշիկեղենի արտադրությամբ զբաղվող «Բեկոն պրոդուկտ» ՍՊ ընկերության մասնակիցների այս տարվա հուլիսի 7-ի կայացած արտահերթ ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին: Այն իրականացվելու է մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքների նվազեցման ճանապարհով: Որոշման համաձայն՝ կանոնադրական կապիտալը նվազել է 287,5 մլն դրամով եւ կկազմի 120 մլն դրամ:

Բացի այս, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության պարտատերերն իրավունք ունեն կանոնադրական կապիտալը նվազեցնելու վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից 30 օրվա ընթացքում պահանջել իրենց նկատմամբ ընկերության պարտավորությունների վաղաժամկետ դադարում կամ կատարում, ինչպես նաեւ` իրենց վնասների հատուցում: Նշենք, որ «Բեկոն պրոդուկտ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին եւ զբաղվում է մսամթերքի եւ կիսաֆաբրիկատների արտադրությամբ:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մետաքսյա Հարությունյանի հետ:
-Տիկի՛ն Հարությունյան, «Բեկոն պրոդուկտ» ընկերությունը արտահերթ ժողով գումարելու արդյունքում որոշել է իր կանոնադրական կապիտալը 287.5 մլն դրամով նվազեցնել: Արդյո՞ք սա նշանակում է, որ ընկերությունը գնում է սնանկացման ճանապարհով:
-Ո՛չ, ո՛չ: Սա ուղղակի օրենսդրական պահանջ է, որովհետեւ տարեվերջյան իրավիճակով ինձ մոտ այդպես էր ստացվել: Այն ունի լուրջ ֆինանսական վերլուծության հարց: Եւ մեկ ամիս անց կանոնադրական կապիտալը նորից համադրելով՝ բարձրանալու է: Ոչ մի խնդիր չկա: Անհոգ եղեք:
-Այսինքն՝ ընկերությունը ֆինանսական խնդիրներ չունի՞:
-Ո՛չ, չունի: Մեկ ամիս հետո կտեսնեք նոր հայտարարություն՝ կանոնադրական կապիտալի ավելացման եւ համալրման մասին, ուղղակի ես պետք է մեկ ամիս սպասեմ: Իսկ պարտատերերի մասով կարող եմ ասել, որ ոչ մեկի հանդեպ պարտավորություն չունենք: Սա ուղղակի օրենսդրական պահանջն է: Այնտեղ ֆինանսական հաշվետվություններով այդպես էր երեւում, որ ընկերության կանոնադրական կապիտալը, որը ժամանակին ներդրվել է տարեվերջյան արդյունքներով եւ ՍՊԸ-ների մասով պետք է նվազեցում տանք: Բայց սա չի նշանակում, որ մենք չունենք հնարավորություն նորից համալրել կանոնադրական կապիտալը: Դրա նվազեցումը օրենքի պահանջ է, եւ հետո այն նորից կհամալրվի:
-«Բեկոն պրոդուկտ»-ը գրասենյակ ունի նաեւ Վրաստանի Հանրապետությունում: Ընկերությունն այնտեղ գործարան ունի՞:
-Այսպես ասած՝ մեր մասնաճյուղն է. մեր հիմնական փոխկապակցված գործընկերն է Վրաստանում:
-Ձեր ընկերությունը Վրաստանում արտադրությո՞ւն է հիմնել:
-Դեռեւս ոչ: Մենք այնտեղ ունենք վաճառքի կետ, որտեղից ապրանքատեսակները իրացվում են Վրաստանի տարածքում: Համենայնդեպս, այս պահին աշխատանքներ են տարվում Վրաստանում արտադրություն հիմնելու վերաբերյալ: Բայց դեռ հիմնած արտադրություն չկա:
-Ձեր ընկերությունը Ռուսաստանի Դաշնություն արտադրանք արտահանո՞ւմ է, թե՞ ոչ:
-Պատրաստվում է առաջիկայում արտահանել: Նոր պայմանագրեր ունենք: Ես հենց այսօր պայմանագիր էի կնքում: Դեռեւս մեծածավալ ոչ մի ապրանք չի արտահանվում, քանի որ դեռ քննարկումների փուլում է: Բայց աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Մոտակա ամիսներին դեպի Ռուսաստան հաստատ արտահանում լինելու է: Քանի որ օրենսդրական որոշակի խոչընդոտներ կան՝ կապված ռուսական տարբեր տեսչությունների հետ: Բայց այս ուղղությամբ աշխատում ենք: Եւ այս ամիս արտահանման մասով արդեն մեկ պայմանագիր պատրաստվում է կնքման:
-Տիկի՛ն Հարությունյան, տեղական շուկայում իրավիճակը ինչպիսի՞ն է: Վերջին տարիներին բազմաթիվ գործարարներ դժգոհում են, որ գնողունակությունն ընկել է, իրացման ծավալներն են նվազել, բնակչության թվաքանակն է նվազել…
-Բնականաբար, ընկել է, բայց մենք ամեն ինչ կարողանում ենք անել, որ պահենք առնվազն նույն՝ անցած տարվա տեմպը: Այս մասով դեռ ոչ մի բան չի փոխվել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ԶԳՈՒՅՇ Է
Երեկ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ կառավարությունում ընթացող հաստիքների կրճատման գործընթացը շարունակվում է, եւ որեւէ փոփոխություն այդ որոշման մեջ չի եղել: Կառավարության երեկվա նիստից հետո Մ. Բադալյանը նշեց, որ հաստիքների կրճատումն ինքնանպատակ չպետք է լինի: «Հոնքը սարքելու տեղը չպետք է աչքը հանել, ինքնանպատակ չպետք է լինի: Դրա համար դնել եւ մի օր որոշել այսքան տոկոս կամ այսքան հաստիք կրճատել, ճիշտ չի: Մենք քաղծառայության մասով պետք է ուշադիր եւ նրբանկատ լինենք, որովհետեւ դա պետական կառավարման համակարգ է, եւ պետք է զգույշ լինել»,-ասաց Մանվել Բադալյանը:

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երեկ անդրադարձել է կառավարության նիստում ընդունված որոշմանը, որով բրոքերի ծառայությունից օգտվելը պարտադիր չի դառնում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ա. Մինասյանը նշեց, որ մաքսատներում բրոքերի ծառայության համար որպես կանոն կատարվում է 10-ից 15 հազար դրամի վճար, իսկ եթե փոքրարժեք ապրանքները մի քանիսն են, ապա ստիպված են լինում մարդիկ մի քանի անգամ ավել վճարել: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու կառավարությունն առաջարկություն էին կատարել, որպեսզի փոփոխություններ կատարվեն «Մաքսային կարգավորումների մասին ՀՀ օրենքում»՝ ելնելով նաեւ ԵՏՄ-ի տված հնարավորություններից: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ պատգամավորի առաջարկը վերաբերում էր միայն արտահանմանը, սակայն կառավարությունն առաջարկել է հարցը լուծել նաեւ ներմուծման դեպքում: Ա. Մինասյանը հույս հայտնեց, որ ԱԺ աշնանային նստաշրջանում, ամենայն հավանականությամբ, այս օրենքը կընդունվի եւ ուժի մեջ կմտնի ընդունումից 10 օր հետո:

 

 

ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԸ՝ ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության հարցով հնարավոր փոխզիջումներին: Ըստ նրա՝ փոխզիջումների մասին խոսելը պարտվողականություն է: Երբ որ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ էլ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ այդ մասին չեն խոսում, դրա մասին բարձրաձայնելը կոռեկտ չէ. «Այլ բան է, երբ ասում ենք, որ, բանակցային գործընթացի հետ կապված, պատրաստ ենք փոխզիջումների, բայց քանի դեռ որեւէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, ավելին՝ քանի դեռ այնտեղից դիրքորոշումն ավելի է կոշտանում, ապա հայկական կողմից ինչ-որ զիջումների մասին խոսելն անիմաստ է»,-ասաց փոխնախարարը: Անդրադառնալով Պուտին-Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը՝ Շ. Քոչարյանը նշեց, որ բանակցային գործընթացում նմանատիպ հանդիպումներ կազմակերպելու ձգտում կա. «Որպես կանոն, հայկական կողմը երբեք չի խուսափել նմանատիպ հանդիպումներից: Իհարկե, եթե այդ հանդիպումներից կարելի է որեւէ արդյունք ակնկալել…»:




Լրահոս