Դիզայներ Արամ Նիկոլյանը սեպտեմբերին հայ հանրության դատին կհանձնի նոր հավաքածու, որի միջոցով հայկական էթնիկ հագուստը կմատուցվի ժամանակակից ձեւվածքների մեջ, եւ, այդպիսով, նոր շունչ կհաղորդվի դրան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամն անդրադարձել է ոգեշնչման իր աղբյուրներին եւ ոլորտի խնդիրներին:
-Արա՛մ, Ձեր` «Ուրֆա. վերածնված արժեքներ» հավաքածուն, որի հիմքում հայկական տարազներն էին, դրանց խորհրդանիշները, ուրֆայի ոսկեթել եւ արծաթաթել ասեղնագործությունները, որքանով տեղյակ եմ, պետք է շարունակական լիներ: Այժմ կա՞ նոր հավաքածու, որի վրա աշխատում եք:
-Այո՛, կա, այն կոչվում է «Այնթապ», որը գարուն-ամառ 2017 հավաքածու է: Այնտեղ ներառված նմուշների միջոցով ներկայացվում է այդ քաղաքի ասեղնագործությունը (Այնթապ քաղաքը գրականության մեջ հիշատակվում է 10-րդ դարից։ Այնտեղ բնակվում էր ավելի քան 20.000 հայ, որոնց զգալի մասը զբաղվում էր ասեղնագործությամբ։ Այնթապի կարի մեջ կարեւորագույնը թափանցիկ կտորն է, որից ուղիղ եւ հատվող թելեր են հանվում, ապա հենքի թելերի համրումից հետո գործվում է զարդանախշը-հեղ.): Այս պարագայում ոգեշնչման իմ աղբյուրը հայկական էթնիկ հագուստն է, որը մատուցվում է ժամանակակից ձեւվածքների մեջ: Բայց եթե «Ուրֆա»-ի դեպքում մենք փոխանցել էինք նաեւ տեղական հագուստների գույները, ապա «Այնթապ»-ը կներկայացվի սեւ ու սպիտակի մեջ (թեեւ ցուցադրության ժամանակ հնարավորություն կլինի տեսնելու նաեւ որոշ նմուշների գունավոր տարբերակներ): Պատճառն այն է, որ ասեղնագործության նրբությունները, այսպես ասած, «մաքուր» գույների մեջ ավելի հստակ են երեւում: Ես էլ փորձել եմ մինիմալիստական լուծումներով, ժամանակակից տեխնիկայի միջոցով ցույց տալ այդ ասեղնագործության շքեղությունը: Այսպիսով` նպատակս մեր հին հայկական կարատեսակները վերականգնելն է, դրանց ժամանակակից շունչ հաղորդելը: «Այնթապ»-ի` իմ անհատական ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին, ապա հավաքածուն կներկայացվի նաեւ նորաձեւության երեկոներում: Ի դեպ, նշեմ, որ շարունակական այս նախագծի շրջանակում հետագայում հանրության դատին կհանձնվի, օրինակ, Մարաշի ասեղնագործությունը:
-Հետաքրքիր է` հայկական այդ կարատեսակներով հագուստի պահանջարկը մեր շուկայում մե՞ծ է, դրա հանդեպ հետաքրքրությունը մասսայական բնույթ կրո՞ւմ է: Բացի այդ` նոր հավաքածուում ներկայացվելիք զգեստները գոնե մեր միջին խավին մատչելի կլինե՞ն:
-Հայ հանրության շրջանում հետաքրքրությունը այդ հագուստների նկատմամբ, այո՛, բավական մեծ է. դրա ապացույցը մեզ հասած տեղեկությունն է այն մասին, որ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից մարդիկ հետաքրքրված են ոչ միայն «Ուրֆա»-ի նմուշներով, այլեւ ներկայացված կարատեսակներով, ավելին` նրանք սկսել են սովորել տիրապետել տվյալ կարատեսակի տեխնիկային: Այնպես որ, ըստ իս, մի քիչ դանդաղ, բայց այդ հետաքրքրությունը մասսայական կդառնա: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, դեռ չեմ հաշվարկել, թե այս նոր հավաքածուի նմուշները ինչ կարժենան, այնուամենայնիվ, կփորձեմ այնպես անել, որ դրանք հասանելի լինեն միջին խավի սպառողներին: Ներկայացվելիք հագուստների շրջանակում մի փոքր թանկ կարժենան միայն ձեռքի աշխատանքները:
-Իսկ արտերկրից այս հագուստների հանդեպ հետաքրքրություն տածող մարդիկ պատրա՞ստ են նաեւ վճարել դրանց դիմաց: Հայաստանից դուրս գնորդներ ունե՞ք:
-Այո՛, այս ոլորտում նոր բան ասելը, հայկական մշակույթին անդրադառնալն օգնում է հետաքրքիր լինել նաեւ դրսի սպառողների համար: Նշեմ, որ «Այնթապ»-ը կցուցադրվի նաեւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Իսկ «Ուրֆա»-ն, օրինակ, այժմ ներկայացվում է Ռումինիայում: Ամեն դեպքում, գնորդների շրջանում դեռեւս գերակշռող են հայաստանցիները:
-Արա՛մ, այսօր հայ դիզայների համար ամենաշահութաբեր թեման ո՞րն է:
-Գուցե փոքր-ինչ տարօրինակ հնչի, բայց հայ դիզայներների գործունեության պարագայում շահույթի մասին խոսելը դեռ վաղ է: Շահույթ հնարավոր է ստանալ այն դեպքում, երբ քո արտադրանքը կդառնա մասսայական, երբ քո երկրում զարգացում կապրի թեթեւ արդյունաբերությունը: Իսկ այս առումներով մենք դեռ կայացման փուլում ենք:
-Այդ դեպքում ի՞նչը կարող է նորեկի համար ստիմուլ լինել` այս ասպարեզ մուտք գործելու համար:
-Ոլորտում կայանալու եւ գումար աշխատելու տարբերակը անհատականություն լինելն է: Քո ստեղծածը պետք է նման չլինի մյուսների ստեղծածին եւ պետք է հասանելի լինի մարդկանց: Իհարկե, այս ամենի հիմքում, նախեւառաջ, սերն է քո աշխատանքի նկատմամբ:
«ԵՐԲԵՔ ՉԵՄ ՕԳՏՎԵԼ ՔԱՎՈՐ-ՍԱՆԻԿԻ ԳՈՐԾՈՆԻՑ»
Ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ջազ երգչուհի Էմմա Ասատրյանը խոստացել էր առաջիկայում վերադառնալ երգարվեստ: Նշենք, որ նա իր առաջնեկի ծնունդից հետո ամբողջովին նվիրվել է երեխային եւ արդեն հինգ ամիս է` զբաղվում է նրա խնամքով:
Այսպիսով` ամիսներն անցան, սակայն Էմման ասպարեզում դեռեւս չի երեւում. «Ճիշտն ասած` մեր ոլորտն ինձ մի տեսակ մահացած է թվում, այն կարծես սառած վիճակում լինի: Ես չեմ պատրաստվում հանդես գալ այնպիսի երգերով, որոնցով ներկայանում է մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների զգալի մասը: Այսօր բոլոր հեռուստաընկերությունները եթեր են տրամադրում հենց այն աստղերին, որոնց ամեն օր նույն այդ եթերով փնովում են: Հիմա ասպարեզում ուժեղ լճացում է, անգամ իմ սաները արդեն չգիտեն, թե ինչ անեն, քանի որ իրավիճակն անմիջականորեն բացասական ազդեցություն է ունենում նաեւ կրտսեր սերնդի գործունեության վրա»,- նկատեց Էմման` հույս հայտնելով, որ այս ամենն աստիճանաբար կբարելավվի:
Այնուամենայնիվ, նա տեղեկացրեց, որ կենդանի նվագակցությամբ մենահամերգով, թեկուզ ակումբային համերգներով հանդես գալու ցանկություն ունի, իսկ թե որտեղ եւ երբ, դեռեւս չի կարող հստակ ասել:
Գաղտնիք չէ, որ երբ խոսվում է էմմա Ասատրյանի գրանցած հաջողություններից, հաճախ հետկուլիսային խոսակցություններ են պտտվում այն մասին, թե Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, Ջազ բենդի, Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսեր, «Շարմ հոլդինգ»-ի, Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասատրյանի դուստրը հաճախ գործի է դնում իր անձնական կապերը. «Ասեմ, որ երբեք չեմ օգտվել քավոր-սանիկի գործոնից: Ի դեպ, այնպես է ստացվել, որ մի քանի տարի անընդմեջ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցել են հենց իմ սաները` Մոնիկա Ավանեսյանը, Դալիթան, Բեթթին, եւ մյուս թեկնածուների ծնողները հաճախ խոսակցություններ են տարածել այն մասին, թե իբր այս պարագայում եւս որոշիչ է եղել հորս գործոնը: Բայց ժամանակը ցույց է տվել, որ դա այդպես չէ, եւ այդ մարդիկ, կարծում եմ, համոզվել են դրանում»,-մեկնաբանեց Էմման:
Վերջում «Շիկահեր ու կարճատես», «Ելակ», «Լեյլո» երգերի կատարողը խոստացավ, որ համերգային հարմար ծրագրից հրավեր ստանալու պարագայում կօգտագործի հնարավորությունը եւ կապ կհաստատի իր հանդիսատեսի հետ. «Ի վերջո, ես առանց երաժշտության ապրել չեմ կարող»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«ՖՐԵՍԿՈ»-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Օգոստոսի 19-ից 29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։ Սոցիալական շեշտադրությամբ մշակութային նախաձեռնության նպատակը հոգեւոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների ու մշակութային նմուշների ցուցադրությունն է եւ դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ ու ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: Փառատոնի շրջանակում կանցկացվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ ու ցուցահանդեսներ, արտերկրից Հայաստան կժամանեն մեկ տասնյակից ավել հյուրեր, «առանց տոմսի» ձեւաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը: Այս տարի «Ֆրեսկոյի» ծրագրում ներառված է 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը՝ հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին: Հավելենք նաեւ, որ հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը, իսկ «Ֆրեսկոյի» մրցանակները, ավանդույթի համաձայն, պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:
«HORTUS MUSICUS»-Ը` ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Երեւանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա «Hortus Musicus» անսամբլը: Երեկոյի ընթացքում կներկայացվեն «Շողացող վերածնունդ» եւ «Փայլուն Բարոկկո» ծրագրերը: Նշենք, որ «Hortus Musicus»-ը էստոնական անսամբլ է, որը հիմնադրվել է 1972 թվականին: Այն հիմնականում ներկայացնում է IX-XVII դարերի արեւմտյան եվրոպայի երաժշտությունը: Բացի այդ՝ անսամբլը կատարում է Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի, Հայաստանի ավանդական երաժշտությունը:
ԱՄԵՆԱՄԵԾ ԳՐԱՖԻՏԻՆ
Սան Պաուլոյից 40-ամյա նկարիչ Էդուարդո Կոբրան 2.787 քառակուսի մետր ծավալով եւ 15 մետր բարձրությամբ գրաֆիտի է նկարել` Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի պատվին: Viralnova.com-ի փոխանցմամբ` Ռիոյի նավահանգստային թաղամասում արված գրաֆիտին կոչվում է Las Etnias («Էթնոսներ»), դրա վրա նկարիչն աշխատել է երկու ամիս: Այն ներկայացնում է հինգ տարբեր մայրցամաքներից հինգ դեմքեր, որոնք ներկայացնում են ինչպես օլիմպիական 5 օղակները, այնպես էլ խաղերի մշակութային բազմազանությունը: Եթե Գինեսի ռեկորդների գիրքը հաստատի, ապա Կոբրայի գրաֆիտին կհամարվի մի մարդու կողմից արված աշխարհի ամենամեծ գրաֆիտին: