ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության նիստերի դահլիճում
Երեկ՝ կառավարության նիստի սկզբում, նախքան օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ձեռքբերումների առթիվ: Վարչապետը հույս հայտնեց, որ դեռեւս հաղթանակների ակնկալիքներ կան ազատ ոճի ըմբիշներից:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր դեպքերում կարող է իրավաբանական անձը լուծարվել:
Վիկտորիա Առաքելյան (34 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ իրավաբանական անձը կարող է լուծարվել՝
ա) նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է.
բ) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում՝ կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.
գ) դատարանի վճռով՝ առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Իրավաբանական անձը լուծարվում է նաեւ սնանկության հետեւանքով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրավաբանական անձի գոյությունը դադարում է նրա լուծարմամբ՝ առանց իրավունքները եւ պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Իրավաբանական անձի լուծարման գործընթացն ավարտվում է պարտադիր պետական գրանցմամբ: Ի դեպ, իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու համար հիմք կարող են հանդիսանալ՝
ա) իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը.
բ) օրենքով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
գ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին.
դ) պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների կամ իրավաբանական անձի նկատմամբ հանձնաժողովի կողմից հարուցված եւ չավարտված վարչական վարույթի մասին հստակ պատասխան ստանալը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է որոշվում ՀՀ վերադարձից հետո երեխայի դասարանը:
Սվետլաննա Միրզոյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հաստատել է Հայաստանի եւ այլ պետությունների հանրակրթական համակարգերի համարժեքության աստիճանները, համաձայն որոնց որոշվում է Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի երեխայի դասարանի հետշարժը:
Բնակության վայրի մարզպետարանի կրթության բաժինը կրթական համարժեքության աստիճանի որոշումից հետո ցուցում է տալիս դպրոցի տնօրինությանը, որպեսզի ստուգեն երեխայի գիտելիքների մակարդակը եւ որոշեն, թե նա որերորդ դասարան պետք է հաճախի: Ռուսաստանից վերադարձած դպրոցահասակ երեխաների համար դասարանի իջեցումը կատարվում է, որպես կանոն, մեկ տարով:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2014 թվականին հիմնական կրթությամբ շրջանավարտների թիվը կազմել է 30.030, որոնցից 18.000-ը կրթությունը շարունակել է ավագ դպրոցում, 4.971-ը՝ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: 2014 թվականին այլ մարզ է տեղափոխվել 2.512 աշակերտ, հանրապետությունից դուրս է եկել 5.838 աշակերտ: Հանրապետությունը լքած աշակերտների թիվը վերջին 5 տարում աճել է. 2009 թվականին այն կազմում էր 3 867: 2014 թվականին հանրապետություն աշակերտների ներհոսքի թիվը կազմել է 2 410: