Պրահայում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանն ունի 2 ոսկե մեդալ։
Մինչև 12 տարեկան տարիքային խմբում Մամիկոն Ղարիբյանը 9 հնարավորից 8 միավորով և մինչև 18 տարեկանների խմբում Մանուէլ Պետրոսյանը 7․5 միավորով հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հաջող արդյունքներ են ցույց տվել նաև նաև մեր մյուս մասնակիցները, ովքեր մնացել են առանց մեդալի։ Մինչև 8 տարեկանների խմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակած 7 միավորով կիսել է 2-7-րդ տեղերը, սակայն, լրացուցիչ միավորներով, նրան բաժին է հասել 7-րդ հորիզոնականը։
Արամ Հակոբյանը նույնքան միավորով մինչև 16 տարեկանների խմբում կիսել է 3-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով գրավել 5-րդ հորիզոնականը։ 7 միավոր վաստակել է նաև մինչև 18 տարեկանների խմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը, ով կիսեց 2-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներվ դարձավ 5-րդը։
Աղջիկների մրցաշարում հաջող է հանդես եկել մինչև 12 տարեկանների խմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը, ով 6․5 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ մինչև 16 տարեկանների խմբում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը նույնքան միավորով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։