Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել է, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը` ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Վերջինսիս այսօր պետք է վիրահատեին:
ArmLur.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանի դուստրը` Ասպրամ Մանուկյանը, ասաց. «Աշոտ Պետրոսյանին մի կերպ հասցրեցինք տեսնել, իսկ Արամին ուրիշ կողմով փախցրերցին, տեսնել չկարողացանք»:
Ասպրամ Մանուկյանը նշեց, որ վիրահատությունը դեռ չի սկսվել և չգիտեն ՝ երբ կսկսվի:
Նշենք, որ այսօր Արամ Մանուկյանի հետ Էրեբունի ԲԿ են տեղափոխել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին:
«Էրեբունի» ԲԿ-ից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ա. Մանուկյանին և Ա. Պետրոսյանին այսօր կհետազոտեն: Արամին վաղը ոտքի կրկնակի վիրահատության կենթարկեն: Այս պահին նա արդեն իսկ հետազոտվում է:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն արդեն կարողանում է քայլել, իսկ Արամը դեռևս խնդիրներ ուներ: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: