«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շիրակի մարզի Սարատակ գյուղում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են։ Եվ ահա քարոզարշավի շեմին 10 տարվա ՀՀԿ-ական գյուղապետի, այժմ էլ թեկնածու Ղրզոյան Միշայի որդին կին է ծեծում՝ թոշակառու Սվետլանա Վարդանյանին։ «Ամսի 21-ին՝ երեկոյան, վերադառնում էի հորեղբորս տանից։ Տանից ոչ հեռու ինձ վրա հարձակվեց մեկը, բռունցքով հարվածեց գլխիս։ Ես ընկա գետնին, հետո սկսեց ոտքերով, ձեռքերով հարվածել։ Դեմքը ճանաչեցի, գյուղապետի տղեն էր՝ Արթուր Ղրզոյանը։ Գյումրիում է աշխատում, գազի գրասենյակում։ Մի կերպ ինձ հավաքեցի, վեր կացա, գնացի հետևից, փախավ, մի ընկեր էլ իրեն միացավ, երկուսով վազեցին», «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց թոշակառու կինը։
Սկզբում նա չի բողոքել։ «Մեր գյուղացի է, մտածեցի՝ կգան, կընդունեն մեղքը, ներողություն կխնդրեն, կանցնի, կգնա», ասաց Սվետլանա Վարդանյանը։ Բայց ներողություն խնդրող չեղավ։ Դրա փոխարեն Սվետլանա Վարդանյանի հասցեին, ինչպես ինքն է վստահեցնում, գյուղապետը սպառնալիքներ է հնչեցրել. «Հանկարծ տղիս գլխից մազ պակասի, կկորցնեմ, սաղ սրբերը կուրանամ, ում ուզում եք բողոքեք, անգամ՝ ՀՀ նախագահին, 1000 հոգի կբերեմ, կասեն, որ թոշակ չեն ստացել, քեզ նստացնել կտամ»,- ասել է ՀՀԿ-ական թեկնածուն։
Բայց այսքանով գյուղապետի «գործունեությունը» չի սահմանափակվել։ Վարդանյանների փոխանցմամբ՝ գյուղապետը այստեղ-այնտեղ հպարտացել է ոստիկանների շրջանում իր կապերով, հայտարարել է, թև ինքը շատ մոտ է Արթիկի միլպետի հետ, և իրեն ոչ ոք ոչինչ չի կարող անել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։