Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում տարածված դաբաղ հիվանդությունը հաստատել են համայնքի բնակիչների ու գյուղապետի ահազանգով արոտները մեկնած անասնաբույժները: Զննել են կենդանիներին ու հաստատել՝ դաբաղ է: Այդպես էլ պաշտոնապես տեղեկացրել են Մարգահովիտի գյուղապետ Սամվել Անանյանին ու բնակիչների հետ սկսել խորհրդատվական աշխատանքներ իրականացնել, թե ինչ պետք է անել հիվանդությունը կանխելու և հիվանդ կենդնանիներին բուժելու ուղղությամբ:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել գյուղի անասնաբույժ Մարատ Վերանյանի հետ: Հեռախոսին պատասխանեց մի տղամարդ, ով նախ հետաքրքրվեց, թե ով է զանգահարողը, ապա հայտնեց, թե անասնաբույժը հեռախոսը տանն է թողել ու սար գնացել, մոտն էլ բջջային այլ հեռախոսահամար չկա:
Կապ հաստատեցինք նաև սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանի հետ: Վերջինս, սակայն, պաշտոնապես հերքում է, թե Մարգահովիտում ու Գուգարքում տարածված հիվանդությունը դաբաղ է.
«Հիվանդությունը նախնական ախտորոշում է անասնաբույժը, իսկ վերջնական ախտորոշումը տալիս է լաբորատորիան: Հիմա որ իրենք ասում են դաբաղ, դա չգիտեմ ինչից ելնելով են ասում: Ես տեղյակ եմ, անասնաբույժը գնացել գործողություն է արել, բայց ես չգիտեմ, որ էնտեղ դաբաղ հիվանդություն կա, այսինքն էնտեղ չկա դաբաղ հիվանդություն: Լաբորատորիայով ախտորոշված մենք չունենք դաբաղ հիվանդություն: Ոտքերի հիվանդություն կա էնտեղ, կենդանիների մոտ խնդիրներ կան, այնպես չէ, որ հիվանդություն չկա, բայց որպես դաբաղ հիվանդոթյուն չեմ տեսնում»,-ասաց նա, հաելելով, որ լաբորատոր որևէ փորձաքննություն չի իրականացվել, կլինիկական նշաններից ելնելով դա դաբաղ չէ:
Թե ինչ է արվել կամ ինչի դեմ է արվել, Սողոյանը առաջարկեց ճշտել կոնկրետ անասնաբույժներից.«Եթե հիվանդության կլինիկական նշաները բնորոշ են այդ հիվանդությանը 80 տոկոսի չափով, այդ դեպքում կարելի է նյութ ուղղարկել լաբորատորիա, որտեղ կամ հաստատվի կամ հերքվի»:
Իսկ մեր այն հարցին, թե ինչ է զեկուցվել կոնկրետ իրեն, ինչ հիվանդություն է հայտնաբերվել գյուղում.«Իհարկե զեկուցվում է: Ասվել է, որ հիվանդություն կա, որը որոշակի բնորոշ է դաբաղին, անասնաբույժները մեկնել են, հիվանդությունը նմանվում է այլ հիվանդության, ոչ թե դաբաղին»:
ArmLur.am-ը կրկին կապ հաստատեց Մարգահովիտի գյուղապետ Սամվել Անանյանի հետ, ով ևս մեկ անգամ կրկնեց, որ աասնաբույժերն իրեն պաշտոնապես զեկուցել են, որ անասունների շրջանում դաբաղ է տարածված ու բուժումներն էլ դաբաղի դեմ է իրականացվել.«2-3 անասնաբույժ ա եկել հետս սարեր, նայել են, ասել են դաբաղ ա, թե ինչու՞ են հիմա հերքում, չեմ կարող ասել, բա եթե դաբաղ չի, խի՞ են դաբաղի դեմ դեղեր նշանակում, կամ գյուղի անասունները գոմերում հիվանդ ընկած են, ինչի չեն լաբորատոր փորձաքննություն անում, դե թող հիմա գոնե գան անեն ու ինձ ասեն, թե ինչու՞ են իմ անասունները հիվանդ, ոչ թե մեզ այլ բան ասեն, Ձեզ՝ այլ»: