Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում խոտածածկ տարածքներ են այրվում:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց բնապահպան Սիլվա Ադամյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ չորացած տերևները կամ խոտածածկ տարածքները շատ լուրջ խնդիրներ կարող են առաջացնել :
«Բազմից նշել ենք, որ չոր խոտերը կամ տերևները կրակի չտան, որովհետև դրանք այրվելու ընթացքում լուրջ խնդիրներ կարող են առաջացնել:Դրանից արտադրվող ծուխը կարող է լուրջ վնասներ առաջացնել մարդու առողջությանը, մասնավորապես, շնչառական օրգաններին»,-ասաց նա:
Բնապահպանի խոսքով՝ սա կապված է իշխանությունների հետ: Նրանք պետք է շատ լուրջ վերաբերվեն այս խնդրին:
«Թույլ չի տրվում ընդհանրապես չոր խոտ կամ տերև վառել: Դա ազդում է մարդու շնչառական օրգանների, թոքերի, բրոնխների, ի վերջո դրանք քաղցկեղածին նյութեր են իրենց մեջ պարունակում: Ես շատ ժամանակ տեսնում եմ, որ քաղաքապետարանի նույն աշխատողները, որպեսզի խուսափեն այդ տերևները հավաքելուց, նրանք հավաքում և այրում են: Պետք է շատ աչալուրջ լինել այս խնդրի շուրջ»,-եզրափակեց Սիլվա Ադամյանը:
Նշենք, որ այս խնդրի շուրջ ArmLur.am-ը փորձեց պատասխան ստանալ քաղաքապետարանից, սակայն վերջիններս այս հրատապ հարցին ի պատասխան ասացին, որ գրավոր ներկայացնեք, հակառակ դեպքում չեն կարող մեր հարցերին պատասխանել: