ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս ապացուցել է, որ արտաբերած խոսքը գրոշի արժեք չունի: Ու այլեւս անհնար է հիշել, թե նա քանի անգամ է իր խոստումները դրժել կամ իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ արել: Այս փուլում, կարծում ենք, ամենաարդիականը նրա վերջին խոստումն է: Ինչպես հայտնի է՝ ՊՊԾ գնդի գրավման շրջանում նա խոստացել էր, որ եթե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր դնեն զենքը եւ հանձնվեն, ապա ինքը կընդունի «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին եւ կլսի Հայաստանի ապագայի վերաբերյալ նրա դիտարկումները: Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, երբ միջնորդական առաքելությամբ Ստեփանակերտից Երեւան էր եկել: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ նա հերթական անգամ չկատարեց իր խոստումը: Ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե Ժիրայր Սէֆիլյանի հետ նա ինչ պետք է խոսեր, կամ ինչ կտար դա մեր երկրին: Գլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն Ժիրայր Սէֆիլյանին եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խաբեց, այլ նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանին: Այս փաստը հատկապես Արցախի բնակչության համար, կարծում ենք, շատ կարեւոր է, որպեսզի նրանք իրենց օրինակով հասկանան, թե Սերժ Սարգսյանի խոսքը որքան արժեք ունի:

 

 

 
Տարածված տեղեկությունների համաձայն՝ այս տարի Արցախից բազմաթիվ աշակերտներ են տեղափոխվել տարբեր բնակավայրերի դպրոցներ: Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ հիմնականում Արցախի Մարտակերտի շրջանի աշակերտներն են տեղափոխվել Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրերի առնչությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից մեկնաբանություններ ստանալ: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՆ-ից պատասխանեցին. «Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից որոշ ընտանիքներ տեղափոխվել էին Հայաստան: Ուսումնական գործընթացը չխաթարելու նպատակով այդ ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթությունը ժամանակավորապես, մինչեւ ուսումնական տարվա ավարտը, կազմակերպվել էր ՀՀ հանրակրթական դպրոցներում: Ամառային արձակուրդներով պայմանավորված` տվյալ աշակերտների հաշվառման վերաբերյալ վերջնական տվյալները կամփոփվեն նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո»:

 

 

 
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կհրապարակվի 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանելու մեջ մեղադրվող, Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը: Ինչպես եւ սպասվում է՝ նա կդատապարտվի ցմահ ազատազրկման: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ռուս զինվորն իր պատիժը կրելու է ոչ թե Հայաստանում, այլ կուղարկվի ՌԴ` պատիժների կրման համար նախատեսված հաստատություն: ՀՀ եւ ՌԴ իշխանությունները, շատ լավ գիտակցելով, որ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելը Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրացնել, քննարկում են զինվորին ՀՀ քաղաքացի, 2013 թ., հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար կալանավորված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ «փոխանակելու» տարբերակը: Այսինքն՝ երբ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխեն, անմիջապես կհայտարարվի նաեւ, որ Հարությունյանն էլ հանձնվելու է ՀՀ իրավապահներին:

 

 

 
Դեռեւս հուլիսի վերջին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման կազմակերպած գրոհի ու դրան հետեւած 15-օրյա իրադարձությունների օրերին արդեն արձանագրվեց, որ ամռան երկրորդ ամիսը տնտեսության համար լավ պատկեր չի ուրվագծել: Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում կա: «Ժողովուրդ» օրաթերթի այս լուրը երեկ հաստատվեց նաեւ պաշտոնապես: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին, անցած տարվա նույն ամսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4,3 տոկոսով: Այլ կերպ ասած՝ այս տարվա հուլիսին Հայաստանի տնտեսությունը անկում է արձանագրել: Ամենաողբերգականն այն է, որ տնտեսագետները առաջիկա ամիսների համար եւս ոչ մի լավ բան չեն կանխատեսում: Իսկ ստեղծված վիճակը, ըստ տնտեսագետների, պայմանավորված է նրանով, որ ընթացիկ տարում Հայաստանում արտերկրից ներդրումները հասել են զրոյական վիճակի, դրա հետ միասին տրանսֆերտները եւս գնալով ավելի են նվազում: Այսինքն՝ արտերկրից ավանդաբար Հայաստան եկող գումարները այլեւս չեն գալիս, եւ տնտեսությունը սկսել է շնչահեղձ լինել:

 

 

 
ՇԱՏ ՏԱՐԲԵՐ ՉԵՆ
Հատկապես այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ սա ՌԴ-ից ապագաղութացման պայքար է, Հայաստանի արեւմտամետ շրջանակները վերաթարմացված ավյունով սկսեցին լուտանքների նոր հեղեղ թափել Ռուսաստանի վրա: Ինչ խոսք, այն, որ Ռուսաստանի հետ մեր ապագան, մեղմ ասած, մռայլ է լինելու, այսօր ակնհայտ է բոլորի, անգամ հաստիքավոր ռուսաֆիլների համար, որոնց դրամաշնորհային ներհոսքերը, ի դեպ, վերջերս կտրուկ նվազել են: Սակայն ՌԴ-ից ակնկալիքներ մեր հասարակության ակտիվ հատվածը վաղուց արդեն չունի, եւ այս առումով վերջին իրադարձությունների հետ կապված պաշտոնական Մոսկվայի արձագանքն ու հորդորները սպասելի էին: Իսկ, ահա, նույն արեւմտյան ազդակները բավականին հակասական էին, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի զարմանալի:
Նախ՝ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ դեսպանը բարձր է գնահատել հայրենի ոստիկանության գործողությունները հուլիսյան իրադարձությունների ընթացքում: Եւ եթե մինչեւ երեկ արեւմտյան գրանտակերները փորձում էին հանրությանը համոզել, որ այդ մասին ասել է ՀՀ ոստիկանությունը, այլ ոչ թե ԵԱՀԿ-ն, ապա երեկ այդ փաստարկն էլ ի չիք դարձավ, քանի որ հենց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն իր պաշտոնական հաղորդագրության մեջ վերահաստատեց, որ գրասենյակի ղեկավար, դեսպան Ավակովը բարձր է գնահատել բանակցող ոստիկանների արհեստավարժությունը, որոնք կանխել են արյունահեղությունը: Ընդ որում, այդ հաղորդագրության մեջ առավել տարակուսելի էր այն, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, փաստորեն, ողջունել է ՀՀ ոստիկանության նախաձեռնությունը՝ կլոր սեղաններ հրավիրել ոստիկանության եւ ԶԼՄ-ների միջեւ: Փոխանակ կոնկրետ հարցեր բարձրացնելու եւ ողջունելու լրատվամիջոցների միասնական բողոքի ակցիան եւ պահանջը՝ հստակ պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, ԵԱՀԿ գրասենյակը, փաստորեն, ձեւացնում է, թե ոչինչ չի եղել, եւ նորից նույն «լոլոներն է կարդում» քաղհասարակության կողմից վերահսկողության, մոնիթորինգի եւ այլնի մասին:
Իհարկե, այս դեպքում էլ արեւմտյան գրանտակերներն արդարացում գտնում են՝ ասելով, թե Ավակովը Ռուսաստանից է, դրա համար էլ, իբր, «ռուսավարի» է մտածում: Հետաքրքիր է, թե ինչ կասեն նրանք վաղը՝ կապված ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից նոր ընտրական օրենսգրքի շուրջ հիացական եզրակացության վերաբերյալ: Հիշեցնենք, որ դրանում ամրագրված է, որ այդ կառույցների՝ ավելի վաղ արված առաջարկությունների զգալի մասն ընդունված է, եւ որ նոր ԸՕ-ն «ստացել է նշանակալի մեծամասնության աջակցությունը, ինչին հաջորդել է իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ լայն քաղաքական համաձայնությունը»: Այսքանից հետո ինչը պիտի խանգարի կամ զսպի ՀՀԿ-ին՝ առաջիկայում նույն ոգով շարունակելու եւ ԸՕ փոփոխությունները տապալելու հարցում:




Լրահոս