ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՆԳԱՄ ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նույնիսկ պաշտոնական վիճակագիրներն են այլեւս ընդունում, որ Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում: Բանն այն է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա անցած յոթ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ, պարզվում է, որ այս տարվա հուլիսին, անցած տարվա նույն ամսի հետ համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշ 4,3 տոկոսով ցածր է եղել: Այլ կերպ ասած՝ այս տարվա հուլիսը Հայաստանի տնտեսության համար խիստ վատն է եղել:

Իհարկե, ընդհանուր յոթ ամսվա կտրվածքով պաշտոնական վիճակագիրները, այնուամենայնիվ, տնտեսական աճ են արձանագրել` 3 տոկոսի չափով, բայց հենց այս փաստն իսկ արդեն վկայում է ՀՀ կառավարության ծանր կացության մասին: Բանն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ` վեց ամիսների արդյունքները ամփոփելիս, պաշտոնական վիճակագիրները գրել էին, թե իբր 4,8 տոկոսի տնտեսական աճ ենք ունեցել: Այսինքն՝ մեկ ամսում նույնիսկ պաշտոնապես Հայաստանի տնտեսությունն արդեն հասցրել է իր «աճի» մոտ երկու տոկոսը կամ իբր թե ձեռքբերածի 40 տոկոսը կորցնել:
Յոթ ամիսների արդյունքներով փաստացի գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել է անկում: Այսպես՝ մեկ ամիս առաջ արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել էին 8,9 տոկոսով, այժմ այդ ցուցանիշը կազմել է 7,9 տոկոս: Գյուղատնտեսական համախառը արտադրանքի ծավալն անցած ամիս աճել էր 3,3 տոկոսով, այժմ այդ թիվը ընդամենը 1,3 տոկոս է կազմում: Այսինքն՝ պաշտոնական վիճակագիրները երկար-բարակ թվեր նկարելուց հետո կարողացել են ընդամենը չնչին տարբերությամբ աճ «նկարել», որպեսզի ստիպված չլինեն խոստովանել, որ գյուղատնտեսությունում անկում ենք ունեցել: Ասել է, թե Հայաստանի գյուղացին այսօր ավելի աղքատ է, քան անցած տարի, անցած մեկ տարին նրա կյանքում ոչինչ չի ավելացրել: Շինարարության ծավալների անկումը մնացել է նույնը՝ 7,6 տոկոս` անցած տարվա յոթ ամիսների հետ համեմատած:
Ի դեպ, առեւտրի շրջանառության անկումը տոկոսային արտահայտությամբ մի փոքր է ավելացել` 0,1 տոկոսով, վեց ամիսների կտրվածքով անկումը 0,3 տոկոս էր կազմել, այժմ դարձել է 0,4: Սակայն այս փաստը կարեւոր է, քանի որ ցույց է տալիս, որ նույնիսկ պաշտոնական կառույցներն ընդունում են Հայաստանի բնակչության էլ ավելի աղքատանալու հանգամանքը: Ինչպես հայտնի է՝ առեւտրի շրջանառության անկումը ենթադրում է սպառողների գնողունակության նվազում, ինչն իր հերթին ենթադրում է բնակչության էլ ավելի աղքատացում: Նման պայմաններում ամենեւին էլ պատահական չէ, որ էլեկտրական էներգիայի արտադրության ծավալները այս տարվա յոթ ամիսների արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, 5,5 տոկոսով նվազել են: Այսինքն՝ Հայաստանի ողջ բնակչությունը, ձեռնարկությունները եւ մնացածը միասին այս տարի անցած տարվանից էապես քիչ էլէներգիա են օգտագործել: Իսկ նման անկումները լավ օրից չէ, որ տեղի են ունենում:
Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանում պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը շարունակում են նվազել: Մասնավորապես, մեկ ամիս առաջ այդ անկումը կազմել 0,6 տոկոս, այժմ այն դարձել է 1 տոկոս: Ամսվա կտրվածքով պետական աշխատողների ստացած աշխատավարձերն այս ընթացքում նվազել են մոտ 1600 դրամի չափով: Հայտնի է, որ պետական հիմնարկների ղեկավար կազմի աշխատավարձերը չեն փոխվել, նրանք շարունակում են նախկինի պես աստղաբաշխական գումարներ ստանալ ոչինչ չանելու համար: Այսինքն՝ աշխատավարձի անկումը տեղի է ունեցել պետական հիմնարկների շարքային աշխատակիցների եկամուտների նվազման հաշվին:
Իհարկե, վերը բերվածը դեռ չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները խելքի կգան եւ կսկսեն երկրի տնտեսությունը փրկելու ուղղությամբ քայլեր կատարել, որից առաջինը իրենց հեռանալն է: Առավել հավանական է, որ կառավարությունում կրկին կհավաքվեն եւ մեկմեկու շնորհակալություն կհայտնեն «փայլուն» աշխատանքի համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԱՄԱԽՄԲՎԱԾՆ ՈՒ ՎԵՐԱԾՆՎԱԾԸ
Ինչպես արդեն հայտնի է՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը Գյումրիում չի պատրաստվում ավագանու անդամների թեկնածուների սեփական ցուցակն առաջադրել եւ փորձում է շահավետ ձեւով իր «աջակցությունն» իրացնել: Օրերս հայտնի դարձավ, որ «Համախմբումը» Գյումրիում խոստացել է սատարել «Հայկական վերածնունդ» կուսակցությանը` նախկին ՕԵԿ-ին: Գյումրի ավագանու թեկնածուների վերածնված ՕԵԿ-ականների ցուցակը գլխավորելու է Հովհաննես Մարգարյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ այս, «Համախմբումը» Գյումրիում ակտիվորեն բանակցել է «ԳԱԼԱ» կուսակցության հետ: Մի պահ նույնիսկ տպավորություն է ստեղծվել, որ այդ երկուսի միջեւ շուտով համաձայնություն կկայանա, եւ նրանք դաշինք կկնքեն: Այս գործին փոքր-ինչ խանգարել է այն փաստը, որ «Գալա» հեռուստաընկերության հիմնադիր եւ համանուն կուսակցության նախագահ Վահան Խաչատրյանը միաժամանակ հանդիսանում է նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահը: Նկատենք, որ «Համախմբման» առաջնորդ Վարդան Օսկանյանը վերջին մեկ տարում նախկին ՕԵԿ-ի, իսկ այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ ակտիվ ստվերային բանակցությունների մեջ է: Նույնիսկ բացառված չէ, որ խորհրդարանական ընտրություններին նրանք որոշեն միասին` մեկ ընդհանուր ցուցակով մասնակցել:

 

 

ՀԵՏԱՊՆԴՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ իրավապահները շարունակում են Սարի թաղի բնակիչներին հարցաքննության հրավիրել նշված թաղամասում հուլիսի 20-ին ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների առնչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ծանուցագրերը ուղարկում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները: Սակայն ծանուցագրերին ի պատասխան՝ հարցաքննության հրավիրվող սարիթաղցիների հարազատները եւ ընտանիքի անդամները պատասխանում են, որ տվյալ անձը բացակայում է հանրապետությունից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նշված միջադեպի մասնակից սարիթաղցիները զանգվածաբար հեռացել են Հայաստանից` հնարավոր հետապնդումներից խուսափելու նպատակով:

 

 

ԹՈՒԹՈՒՆ, ԷԺԱՆ ԹՈՒԹՈՒՆ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը դաշնամուրից, սուրճի բաժակից կամ կնոջ դիմանկարներից ու «գարշոկներից» հետո որոշել է նաեւ նարգիլեի ծխախոտներ (թութուններ) վաճառել: Այսպես՝ ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել նարգիլեի 1851 հատ ծխախոտ: Դրանք վաճառվում են մեկ ամբողջական լոտով եւ արժեն 451 հազար 181 դրամ: Երեկվա դրությամբ գնային առաջարկ դեռ չկար:

 

 
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂ Պնախարար Լեւոն Մնացականյանը:

 

 

ԿԺԱՄԱՆԻ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը սեպտեմբերին պլանավորում է այցելել Հայաստան եւ Ադրբեջան: Expertonline.kz պարբերականի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ բանակցությունների ժամանակ Նազարբաեւը կանդրադառնա ԼՂ հիմնահարցին:

 

 

Ո՛Չ ՀԵՐՔԵԼ, Ո՛Չ ՀԱՍՏԱՏԵԼ
Սերժ Սարգսյանի խոսնակը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկատվությունը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ողջունել է այս տարի հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժանանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արված առաջարկը՝ նորմալ տարանցման եւ Հայաստանի հետ տնտեսական կապերը վերականգնելու դիմաց Լեռնային Ղարաբաղին հարակից ազատագրված երկու շրջանները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ օրերս նման բացահայտում էր արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: 168.am-ի հետ զրույցում հարցին, թե արդյոք կարո՞ղ է հերքել կամ հաստատել փաստը, որ Վ. Պուտինն առաջարկել է սկսել 2 շրջանների վերադարձից, եւ Ս. Սարգսյանը ողջունել է դա, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել»:

 

 

ԽՈՇՈՐ ՏՐԱՄԱՉԱՓԻ ԶԵՆՔՈՎ
ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ՝ հանգստյան օրերին Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց, այդ թվում` 60 կրակոց «Ուտյոս» տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:

 

 

ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՅՏՆԻ Է
Երեկ տեղի է ունեցել ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է հոկտեմբերի 2-ին Կապանում ՏԻՄ ընտրությանը կուսակցութան մասնակցության հարցը: ԲՀԿ Կապանի տարածքային կառույցը որոշել է հոկտեմբերի 2-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրել ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանի թեկնածությունը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՍԷՖԻԼՅԱՆԻ
«Սասնա ծռերի» կատարած գործը չեմ արդարացնում, բայց նրանց համար պատրաստ եմ կյանքս տալ: Այս մասին երեկ ասել է «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը՝ ընդգծելով, որ ««Սասնա ծռերի» կատարած գործողություններից հետո Հայաստանը կանգնած էր քաղաքացիական պատերազմի եզրին: Պատասխանելով հարցին, թե ինչու չմիացան «Սասնա ծռերին», Կարապետյանն ասել է. «Սէֆիլյան Ժիրայրը երեք տարի եղել է դաշնակների գումարտակի հրամանատարը, եւ ես պարզ հայտարարում եմ՝ որտեղ կա Ժիրայր Սէֆիլյանը, այնտեղ կա խառնակություն, դավադրություն: Ժիրայր Սէֆիլյանը հայ ժողովրդի համար չբացահայտված վտանգ է: Ի՞նչ արեց Սէֆիլյան Ժիրայրը. հանկարծ պատահական մեքենայի միջից 2 հատ ավտոմատ գտան ու ասացին՝ Սէֆիլյան Ժիրայր: Բռնում են, հերոսացնում են, հետո օգտագործում են հայ ժողովրդին ապակողմնորոշելու համար»:

 

 

ԿՈՐՈՇԵՆ՝ ՈՒՄ ԲԱՇԽԵԼ
Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Մրցույթին դիմել է 14 ՀԿ։ Այն հայտարարվել է «Անկախության 25-ամյակ» անվանակարգում: Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի դիմում-հայտերը, փաստաթղթերը եւ կորոշի հաղթողներին:




Լրահոս