ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել մեկ տարի առաջ տեղի ունեցած բռնությունների գործով: Պարզվում է` 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների դեմ բռնություն կիրառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ոստիկանության 4 ծառայողների վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրյալներից մեկը ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանն է, որը հունիսի 23-ին եղել է քաղաքացիական հագուստով:

Ինչ են պարզել իրավապահները
2015թ. հունիսի 23-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, երբ ՀՀ ոստիկանության ծառայողները ջրանետ հատուկ միջոցի գործադրմամբ ցրել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երեւանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքը եւ բերման էին ենթարկել դրա մասնակիցների մի մասին, ոստիկանության ծառայողներ Տաճատ Նորատունկյանը եւ Արթուր Այվազյանը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքից ապօրինաբար բերման էին ենթարկել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանին` խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությունը: Նկատենք, որ լրատվամիջոցներում հայտնված տեսանյութերում հստակ երեւում է, որ ֆոտոլրագրողը ցույց է տալիս իր լրագրողական վկայականը, սակայն դա չի օգնում ոստիկաններից ազատվելու հարցում:

Միայն մեկը
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նշված օրը ոստիկանության կապիտան Կոստան Բուդաղյանը Ազատության հրապարակում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել էր իր մասնագիտական գործունեությունը իրականացնող «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի աշխատանքը եւ ապօրինաբար նրան բերման ենթարկել: Նրան եւս չի փրկել լրագրողական «բեյջը»: Մի քանի ոստիկաններ լրագրողի ոտքերից ու ձեռքերից բռնել, տարել են: Սակայն այսօր այդ լրագրողի գործով ընդամենը մեկ ոստիկան է կանգնել դատարանի առաջ:

Փոխգնդապետը` ջարդարար
Այս պատմության մեջ ուշագրավը ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի մասնակցությունն է: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ոստիկանության փոխգնդապետը Ազատության հրապարակում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձեւով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին. նրանից խլել է ընկերությանը պատկանող «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը եւ մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ հիշյալ ՀԿ-ին պատճառելով 485 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ՝ Դավիթ Փերիխանյանն այդ ժամանակ դիտավորությամբ Ազատության հրապարակում խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի լրագրողական աշխատանքը` նրա ձեռքից խլել է «Samsung GT-I9500/Galaxy S4 16GB» մոդելի բջջային հեռախոսն ու անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները՝ հեռախոսը մի քանի անգամ հարվածել գետնին, վնասել այն՝ պատճառելով գույքային վնաս:
Նկատենք, որ այս բոլոր գործողությունները փոխգնդապետ Փերիխանյանն իրականացրել է քաղաքացիական հագուստով:

Ոստիկանները կդատվե՞ն
Այս ամենի արդյունքում ոստիկան Տաճատ Նորատունկյանին, Արթուր Այվազյանին, Կոստան Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Իսկ փոխգնդապետ Փերիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Դատելով շարքային ոստիկաններին եւ փոխգնդապետին առաջադրված մեղադրանքից՝ Դավիթ Փերիխանյանին ավելի մեղմ պատիժ է սահմանվել: Ինչո՞ւ, որովհետեւ նա իր պաշտոնեական դիրքը չարաշահելով չի արել տեխնիկայի ջարդը, այլ եղել է քաղաքացիական հագուստով: Ու սա կարող է վատ նախադեպ լինել, եւ ոստիկանները սկսեն բողոքի ակցիաներին զանգվածաբար մասնակցել քաղաքացիական հագուստով, ոչնչացնել լրագրողների գույքը, խոչընդոտել մասնագիտական գործունեությունը, այնուհետեւ «թեթեւ» տուգանվել:

20 տուժողից 4-ի հարցը լուծվեց
Տեղեկացնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչի որոշմամբ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվել է, եւ նրանց մասով գործն արդեն ուղարկվել է դատարան: Իսկ նույն օրվա մյուս դեպքերի դրվագներով նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ բացի թվարկված լրագրողներից, էլի կան հունիսի 23-ին տուժածներ: Հարուցված քրեական գործով 20 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ տուժող են ճանաչվել, սակայն, ինչպես նկատում ենք, դեռեւս 4 տուժողի մասով է նախաքննությունն ավարտվել: Թե ինչ կլինի մյուսների մասով, ապագան ցույց կտա:
Հ. Գ. Նկատենք, որ օգոստոսի 10-ին, երբ լրագրողները «Ազատության» հրապարակում բողոքի ակցիա կազմակերպեցին` տալով 2 ամիս ժամանակ, որպեսզի լրագրողների նկատմամբ բռնության գործերով կոնկրետ կալանավորումներ լինեն, ՀՔԾ-ն սկսեց ավելի աշխուժ գործել: Հուսանք` տեմպերը չեն թուլանա:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԼԱՎ ՍՈՎՈՐՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ
Արարատի Նոր կյանք գյուղում սեպտեմբերի 18-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցելու համար առաջադրվել են 3 թեկնածուներ՝ գործող համայնքի ղեկավար Մայիս Աբրահամյանը, նրա տեղակալ Կարեն Աբրահամյանը, ով վերջինիս հորեղբոր տղան է (ասել է թե՝ ձեւական թեկնածու՝ ձեւական այլընտրանք ապահովելու համար) եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը:
Այս առնչությամբ «Ժողովուրդը» զրուցեց թեկնածուներից մեկի՝ Գարիկ Սարգսյանի հետ:
-Գարի՛կ, Դուք 29-ը տարեկան եք, ի՞նչը ստիպեց Ձեզ այսքան երիտասարդ տարիքում առաջադրվել որպես համայնքի ղեկավարի թեկանածու:
-Որովհետեւ մեր գործող համայնքի ղեկավարը ընտրվել է 1999թ. եւ մինչ այժմ ինքն է ղեկավարում համայնքը: Եղել են փորձեր մեր համագյուղացիների կողմից, որ փորձել են առաջադրվել, սակայն նա ամեն կերպ կարողացել է ինչ-որ միջոցներով նրանց չեզոքացնել: Չի թողել որեւէ մեկը իրենից բացի առաջադրվի:
-Իսկ Ձեզ վրա որեւէ ճնշում չի՞ եղել գործող գյուղապետի կողմից մինչ այս պահը:
-Ես ռեալ հնարավորություն ունեի առաջադրվելու, ու ինձ ոչ մի ճնշում չէր կարող հետ պահել այդ քայլից, որովհետեւ ես էլ ունեմ իմ ծրագրերը՝ կապված իմ գյուղի զարգացման հետ: Ասեմ ավելին՝ այս 17 տարվա մեջ երեւացող ոչինչ չի արվել գյուղացիների հոգսերը թեթեւացնելու համար:
-Իսկ ինչի՞ համար գյուղացիները հենց Ձեզ պետք է ընտրեն:
-Ես դպրոցում շատ լավ եմ սովորել եւ գերազանց ավարտել: Ով ինձ ճանաչում է, դրա մասին գիտի, տարիքով երիտասարդ եմ եւ հիմնականում երիտասարդությունն իմ կողմն է: Բացի այդ՝ մարդիկ հոգնել են: Արդեն երկար տարիներ է, ինչ փոփոխություններ տեղի չեն ունենում, մեր գյուղը դեպի լճացման է գնում:
-Առաջադրվելով ընդդիմադիր կուսակցության կողմից՝ ի՞նչ եք կարծում՝ ընդդիմադիր լինելը կօգնի Ձեզ, թե՞ կխանգարի:
-Իհարկե, մարդկանց մոտ կա մտավախություն, թե ով էլ լինի, նույնն է լինելու: Բայց ընդդիմադիր թեկնածուի պարագայում չի լինի. շատ խիստ կհետեւեն թե՛ մարզպետարանից, թե՛ կառավարությունից եւ գյուղին հատկացված գումարներն էլ կօգտագործվեն միայն գյուղի համար:
-Սովորաբար փոքր համայնքներում գյուղացիներն իրենց ընտրությունը կայացնում են՝ ելնելով ծանոթ, բարեկամ սկզբունքից: Այսինքն՝ հաճախ մեծ ձայներ է հավաքում այն մարդը, ով շատ ազգականներ ունի: Այս առումով Ձեր դիրքերն ինչպիսի՞ն են:
-Գործող համայնքի ղեկավարն իր ազգով մեծ է: Բարեկամական, խնամիական կապերով գյուղապետարանի աշխատող անձնակազմը, մանկապարտեզի անձնակազմը բոլորն իր բարեկամներն ու իր ծանոթներն են: Որոշ չափով իրենց ձայներն ապահովվում է, սակայն այնպես չէ, որ լուրջ ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքների վրա, եթե մնացած գյուղացիների 50%-ից ավելին ինձ ընտրի, ամեն ինչ լավ կլինի: Ավելին՝ գործող գյուղապետի հեռու բարեկամներն էլ են կուշտ իրենից:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 
ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.««Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կրկին իր խորը մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտում Հայաստանում վերջին զարգացումների ընթացքում ոստիկանության եւ նրան սպասարկող քրեական տարրերի անմարդկային ու բանդային հարիր դրսեւորումների, ինչպես նաեւ քաղաքական բանտարկյալների թվի կտրուկ աճի առթիվ: Առանձնահատուկ դաժանությամբ վերաբերվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ, որը վերջին տարիներին ոչ միայն հրապարակային ու հետեւողական քննադատում է Հայաստանում գործող կոռուպցիոն համակարգի գոյությունը, այլեւ ներկայացնում է կոնկրետ փաստեր իշխող վարչախմբի ներկայացուցիչների մասին»: Կուսակցությունը կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին:




Լրահոս