ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը երբեմն  հիշեցնում է սնանկ ճանաչված մի ընկերության, որի կառավարիչը ցանկանում է հնարավորինս արագ վաճառել ընկերությանը պատկանող գույքն ու գնալ ավելի լավ գործի: Կասկածելի միջնորդների միջոցով կնքվող  կասկածելի գործարքները դարձել են  հայրենի կառավարության ձեռագիրը: Օրերս էլ չինական «Fortune Oil»  ընկերությունը գնել է «Bounty Resources Armenia»  ընկերության 35 տոկոս մասնաբաժինը, իսկ այդ  ընկերության պատվիրակության ղեկավարի տեղակալին էլ ընդունել է անձամբ վարչապետը: Հանդիպմանը չգիտես թե ինչ կարգավիճակով մասնակցել է նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Գոնե հարկ համարեն նմանատիպ հանդիպումները կազմակերպել աշխատանքային ժամերից հետո` մարդկանց աչքից հեռու: Ի վերջո, դա մասնավոր գործարք էր, որից պետությունը որեւէ օգուտ  չունեցավ: Ուրեմն ի՞նչ իմաստ կար կառավարությունում ընդունելություն կազմակերպել եւ այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել: Այս ամենը հիշեցնում է  ամերիկյան ֆիլմերը, որտեղ բանկ թալանողները դա անում են օրը ցերեկով, ոստիկանական շորերով եւ շատ հանգիստ: Գիտեն` որքան հանգիստ,  այնքան քիչ կասկածի տեղիք կտան: Վերադառնալով գործարքին` նշենք, որ չինական կողմը հունվարի սկզբին է գնել Հրազդան,  Աբովյան քաղաքներում  եւ Սյունիքի մարզի Ավարանց գյուղում գտնվող երկաթի հանքերը եւ միայն հիմա է եկել տեսնելու իր տիրույթները: Եվ այնքան է զարմացել, որ միանգամից խոստացել է 500 միլիոն դոլարի ներդրում կատարել: Տեղեկացնենք, որ չինական ընկերությունը 1,83 մլրդ տոննա նախնական գնահատված պաշարներ ունեցող  երեք հանքերի համար վճարել է 24 միլիոն դոլար: Մինչդեռ ժամանակակից բիզնեսում չկա այդպիսի բան. եթե վաճառվող ապրանքը արժե X գումար, ապա մոտակա ներդրումները չեն կարող կազմել X անգամ 25 գումար: Օրինակ`  օրերս վաճառված «Սթար» սուպերմարկետների ցանցի  դեպքում գնորդները հայտարարեցին, որ կանեն ներդրումներ 5-10 միլիոն դոլարի չափով: Այսինքն` գնված ապրանքի արժեքից մի քանի անգամ քիչ: Աշխարհում մետաղի գինը թանկանում է գրեթե ամեն օր, մինչդեռ մենք, չգիտես ինչու, նման պաշարներ ունեցող երեք հանքերը  վաճառում ենք  իբրեւ թե 24 միլիոն դոլարով: Այս ամենին հետեւելով` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հանքերի սեփականատերը` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ինչ-ինչ պատճառներով  առանձնապես երկար չի սակարկել  իր նախարարության օրոք ձեռք գցած հանքերը վաճառելիս: Չի բացառվում, որ նա խնդիր ունի  իր ողջ  ունեցվածքը հապշտապ կերպով վաճառել եւ  հեռանալ Հայաստանից: Նման կասկածների տեղիք է տալիս նաեւ այն հանգամանքը, որ Վարդան Այվազյանը առաջարկում է 3 միլիոն ռուբլիով գնել որդուն պատկանող «Բենթլի» մակնիշի մեքենան: Իսկ 3 մլն ռուբլին համարժեք է 100 հազար ԱՄՆ դոլարի: Համացանցում նույն  մոդելի 2005 թվականի արտադրության ամենաէժան մեքենայի գինը 150 հազար ամերիկյան դոլար է: Ինչ-որ բան այն չէ:  Թեեւ մյուս կողմից էլ նշենք, որ ժամանակին այդ հանքերը Վարդան Այվազյանը  ձեռք է բերել  ընդամենը 300 ԱՄՆ դոլարով եւ հիմա դրանք  24 միլիոն դոլարով   վաճառելով` հաստատ չի տուժել: Հետաքրքրական է նաեւ, որ ըստ  «Fortune Oil»-ի հաղորդագրության`  իրենք գնել են երեք հանք, սակայն համաձայն  ՀՀ էներգետիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության` հանքավայրերից  միայն մեկի հետազոտման իրավունքն է պատկանում «Bounty Resources Armenia Limited» ընկերությանը, իսկ մնացած  երկուսի սեփականատերը «Սփայս Սթիլ Արմենիա» ընկերությունն է: Իրականում, գնելով հանքերը մի կազմակերպության անունով` այն մի քանի անգամ վերավաճառվել է` ընթացքում նաեւ ձեռք բերելով դուստր ձեռնարկություններ: Այնպես որ խեղճ Էներգետիկայի նախարարությունը չի հասցրել հետեւել անվանափոխություններին: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս