ՀՀ ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստանի խորհրդարանի հնաբնակներից է: Պատգամավորի աթոռին նա նստել է բոլորի օրոք` 1995 թվականից սկսած: Եւ ամենակարեւորն այն է, որ նա մշտապես եղել է իշխող խմբակցության շարքերում: Օրինակ՝ 1995-ին, երբ նա առաջին անգամ դարձավ պատգամավոր, լինելով անկուսակցական, իշխող Հանրապետություն խմբակցությունում է ընդգրկված եղել: Հետագայում, երբ 1999-ի մայիսի 30-ի ԱԺ ընտրություններից առաջ երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ-ն, Նաղդալյանն արդեն դարձել էր ՀՀԿ անդամ եւ պատգամավորական մանդատ ստացել «Միասնություն» դաշինքի կազմում: Հաջորդ խորհրդարանական ընտրություններում եւս նա մշտապես եղել է իշխող ՀՀԿ-ի առաջին շարքերում: ԱԺ փոխնախագահը հանրության շրջանում հայտնի է ոչ միայն որպես ԵԽԽՎ-ում Հայաստանը վարկաբեկած պաշտոնյա, այլ նաեւ պետության հաշվին տարեկան մի քանի միլիոն դոլար վաստակող «բիզնես լեդի»:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն երեք պայմանագրով Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն այս տարի 636 միլիոն 272 հազար դրամ արժողությամբ ճանապարհաշինարարական աշխատանքների պետական պատվերներ է ստացել: ԱԺ այս փոխնախագահը եւ նրա ամուսինը` ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, մշտապես զբաղեցրել են գործարարության հետ անհամատեղելի պաշտոններ: Բայց դա չի խանգարել, որպեսզի ամուսինները տարեկան հարյուրավոր միլիոն դրամների եկամուտներ ստանան իրենց պատկանող ընկերություններից, որոնք գործում են բացառապես պետական պատվերով ճանապարհաշինարարական եւ այլ աշխատանքներ իրականացնելու հաշվին: Իսկ ՀՀ Կառավարության անդամները դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ինչ-որ մութ անկյուններում կոռուպցիա են փնտրում:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը երեկ դատապարտվեց ցմահ ազատազրկման: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի համաձայն՝ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո վճիռն արձակած դատարանը կատարման կարգադրություն է արձակում, որից հետո քրեական պատիժն իրականացնող մարմինը դատարանին եւ դատապարտյալի հարազատներին իրազեկում է, թե տվյալ անձը որտեղ է կրելու իր պատիժը: Այսինքն՝ եթե Վալերի Պերմյակովն իր նկատմամբ արձակած դատավճիռը չբողոքարկի, ապա այն մեկ ամիս անց ուժի մեջ կմտնի: Այդ պահից սկսած, ըստ ՀՀ օրենսդրության, նա պետք է հանձնվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տնօրինմանը: Սակայն, ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, ՀՀ եւ ՌԴ իշխանություններն արդեն իսկ սկսել են քննարկումները, որպեսզի ռուս զինվորն իր պատիժը կրի Ռուսաստանում: Փոխարենը հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստանի ՔԿՀ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրերս նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի պետական տեսչության» պետ: Նախկինում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը: «Ժողովուրդ»-ը Աբրահամ Մանուկյանից փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ ընդդիմադիր հոր որդին նման պաշտոնի է նշանակվել: «Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ այդպես սարսափելի ոգեւորված ենք»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Մանուկյանը: Այս նշանակման մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ Ա. Մանուկյանը համարվում է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկը, որը, ըստ ԲՀԿ վերնախավի, երկար ժամանակ է՝ «կուսակցության փողերը վերցրել է ու հեռացել»: Ստացվում է` այդ փաստն ամենեւին էլ չի խանգարում որդու առաջխաղացմանը:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է երկու բուհեր միավորել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը եւ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը, ու այդ երկու ԲՈՒՀ-երի հենքի վրա ստեղծել Գրիգոր Նարեկացու անվան Շիրակի պետական համալսարան: Նորաստեղծ` «խոշորացված» ԲՈՒՀ-ի ռեկտոր կնշանակվի ՀՀԿ-ի Շիրակի տարածքային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, որը ներկայումս հանդիսանում է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատարը: Այս գործարքի մեխերից մեկն էլ լինելու է այն, որ միավորման արդյունքում «ազատվելու» է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի գույքի մի մասը, որը սկզբում հանձնվելու է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը: Այսինքն՝ միավորման արդյունքում ՀՀ կառավարությունը մի կողմից ՀՀԿ-ականի համար առավել «յուղոտ պաշտոն» է ստեղծում, մյուս կողմից նոր գույք է ազատում` չնչին գներով սեփականաշնորհելու համար:
ՆՈՒՅՆԱԲՈՎԱՆԴԱԿ
Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին ՀԱԿ անդամների լռությանը, ուշագրավ հայտարարություն է արել: Մեկ ամիս անց առաջին անգամ խոսելով կատարվածի մասին՝ Մանուկյանը նախ ընդգծել է, որ բռնությամբ իշխանափոխության հասնելու մեթոդն իրենց համար անընդունելի է, ապա հավելել.«Չի կարելի անել անպիսի բան, որը կարող է եղածն էլ կործանել: Եվ մեր լռությունը հենց այդ նպատակն ուներ, որ չսրեր, չլարեր վիճակը, չտաներ ավելի վատ էսկալացիայի»:
Նկատենք, որ իրենց լռությունը օրերս գրեթե բառ առ բառ նույն կերպ էր պարզաբանել նաեւ ԱԺ իշխող Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը: Իսկ նրանից առաջ էլ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել, թե ԱԺ արտահերթ նիստ չեն գումարում, որպեսզի Աժ ամբիոնից հնչող հայտարարություններով էլ ավելի չլարեն իրավիճակը:
Այսպիսով՝ ինչ է ստացվում. այն պահին, երբ երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է, իշխանություններն, ըստ էության, պարալիզացված, իսկ հանրության ճնշող մասն էլ անորոշության մեջ է եւ սպասում է իր քաղաքական ընտրյալների կողմնորոշիչ խոսքին, վերջիններս լռում են՝ «լարվածությունը չմեծացնելու համար»: Ավելի լավ ինքնախոստովանություն՝ սեփական հեղինակության չգոյության մասին, թերեւս դժվար էր անել: Եւ եթե իշխանությունների դեպքում լռությունն ինչ-որ տեղ հասկանալի էր, քանի որ նրանց խոսքը կարող էր առավել բորբոքել առնվազն Խորենացի փողոցում հավաքվածներին, ապա իրեն տիտղոսավոր ընդդիմություն համարող ուժի՝ «Հայ ազգային կոնգրեսի» դեպքում լռելը վիճակը չսրելու եւ էլ ավելի չլարելու պատճառաբանությամբ ներկայացնելը, մեղմ ասած, խոսում է այդ ուժի նկատմամբ հավատի եւ վստահության իսպառ բացակայության մասին:
Հակառակ պարագայում անհասկանալի է՝ ինչպես կարող էր իրապես ընդդիմադիր եւ ժողովրդի վստահությունը վայելող ընդդիմադիր ուժի խոսքը ավելի լարել իրավիճակը, այդ ինչ պետք է հնչեր այդ խոսքում: Արամ Մանուկյանն ասում է՝ իրենք դեմ են բռնությամբ իշխանափոխությանը, բայց այդ օրերին որեւէ ընդդիմադիր ուժ հրապարակավ բռնության կոչեր չի արել: Ընդհակառակը՝ այն հատուկենտ քաղաքական գործիչները, ովքեր համարձակություն եւ պատասխանատավություն ունեցան իրենց խոսքն ասել Խորենացի փողոցում, բացառապես իրավիճակի խաղաղ եւ առանց բռնության հանգուցալուծման կոչերով հանդես եկան:
Ուստի իշխանությունների հետ, մեծ հաշվով, նույն խաղը խաղալու իրենց մարտավարությունը քողարկելուն միտված նման հայտարարություններով ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչն ընդամենն ամրագրում է տրամագծորեն հակառակ իրողությունը: