ՀԱՋՈՐԴԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ՎԵՐՑՆԵԼՈՒ» ԽՆԴԻ՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից զենքերը վայր դնելու որոշումից անցել է շուրջ 1 ամիս, բայց հանրության որոշակի հատված շարունակում է փողոց դուրս գալ` ի աջակցություն «Սասնա ծռերի»:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, ով ակտիվորեն մասնակցում է բողոքի ակցիաներին:
-Տիկի՛ն Փոստանջյան, Դուք օգոստոսի 12-ին դիմում էիք գրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ նշելով, որ Ձեզ խոչընդոտել են մտնել քրեակատարողական հիմնարկ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են հենց Ձեզ արգելում. անձնական գործոն կա՞, թե՞ որեւէ մեկին ներս թողնելու խնդիր է դրված:
-Միանշանակ դա խտրական մոտեցում է, հասկանալի է՝ որն է պատճառը, որովհետեւ քաղաքական պատվերը շատ ուժեղ է, եւ իրենք վախենում են հավանաբար այն բացահայտումներից եւ հայտարարություններից, որոնք կարող եմ ես անել: Երեւի դա է պատճառը, որ արգելել են:
-Հետահայաց վերլուծությամբ, ըստ Ձեզ, ինչի՞ հասան «Սասնա ծռեր»-ը, եւ ի՞նչ փոխվեց նրանց գործողության արդյունքում:
-Կարող եմ ասել, որ իշխանությունն այսօր ունի քայքայված համակարգ, որովհետեւ եթե իշխանությունը իրականում վերահսկեր իրավիճակը, թեպետ բռնակալ իշխանություն է, մի խումբ հերոսներ չէին կարողանա վերցնել զենքը եւ գրավել այդպիսի բարձունք: Դա մենք կայացած փաստն ենք դիտարկում: Եթե կարելի է վերցնել բարձունք՝ ի դեմս ՊՊԾ գնդի, ապա Սերժ Սարգսյանին նույնպես կարելի է վերցնել, հաջորդը նրան վերցնելու խնդիրն է լինելու:
-Տիկի՛ն Փոստանջյան, Դուք հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բռնությունների ականատեսն եք եղել, մեր լրագրողներին եք փրկել բռնություններից: Որպես իրավաբան՝ որեւէ իրավական քայլ արե՞լ եք՝ Սարի թաղում բռնություններ կիրառած քաղաքացիական հագուստով անձանց հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ:
-Դա ուղղակի բախում չէր, դա պատրաստված հարձակում էր հանրության նկատմամբ ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով ջոկատների կողմից: Այս հարձակման պարագայում հասկանալի է՝ ով է մեղավորը եւ ով պետք է նստի մեղադրյալի աթոռին: Իրավական ընթացակարգերը չեմ կարծում, որ լինելու են արդյունավետ, բայց դրանք պետք է օգտագործվեն եւ օգտագործվում են, որովհետեւ Դուք գիտեք՝ իմ գործընկերներն են այսօր որպես մեղադրյալ ներգրավված, հետեւաբար այդ իրավական ընթացակարգերում երբ մեր կողմը մեղադրյալ է, մենք հասնելու ենք նրան, որ իրական մեղադրյալներ լինեն մեղադրյալի աթոռին:
-Ըստ Ձեզ՝ ինչու են սակավաթիվ դարձել Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքները: Կարծես թե «միացում» կոչերին այլեւս չեն հետեւում մարդիկ, ինչո՞ւ քաղաքացիների մոտ առաջացած ոգեւորությունը մարեց:
-Ոչինչ չի մարել, բնականոն ընթացք է, այդպես էլ պետք է լինի: 15 օր նույն ռեժիմով չէր կարող ընթանալ շարժումը, որովհետեւ քաղաքական օրակարգի ձեւավորման խնդիր է այս պահին դրված: Քաղաքական օրակարգի մեջ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր իրենց տեսնում են եւ պատրաստ են դա սպասարկել, կամաց-կամաց ընդգրկվում են, իսկ դա մեր իրական անկախության համար պայքարն է եւ, իհարկե, ժողովրդավար հանրապետական կարգերի ստեղծումը: Կան կուսակցություններ եւ քաղաքական ուժեր, որ, այո, հայտարարում են եւ հայտարարել են, որ իրենք էլ են պատրաստ հանուն ժողովրդավարության պայքար տանել, բայց աշխարհաքաղաքական այս ձեւափոխման ընթացքում նրանք առայժմ մնում են ԵՏՄ-ի դաշտում եւ ոչ անկախ Հայաստանի ու պատրաստ են նույնիսկ գնալ հայրենի հողերի հանձնմանը: Մինչդեռ քաղաքական օրակարգը այսօր հրամայում է՝ ոչ մի թիզ հող, մենք չունենք ոչինչ հանձնելու, հրամայում է, որ այլեւս որեւիցե օտար ուժ չի լինելու հայկական սահմաններին, օտար ուժերի ներկայությունը պետք է մանրազնին մեր կողմից քննվի, եւ այստեղ օտար ուժերի, հատկապես ռուսական ռազմաբազային է վերաբերում, մնալն արդեն վիճելի է:
-Տիկի՛ն Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը մեկ օր երեւաց Խորենացի փողոցում: Ինչո՞ւ այժմ նա պայքարի հարթակում չէ, Ձեզ հայտնի՞ է՝ որտեղ է Ձեր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Ես չգիտեմ, ով ինչպես է մեկնաբանում կամ գնահատում պարոն Հովհաննիսյանի մասնակցությունը, բայց պարոն Հովհաննիսյանն այնպիսի եզակի քաղաքական գործիչներից է, ում գործունեությունը չի սահմանափակվում միայն հանրային եւ հրապարակային միջավայրերում լինելով: Նա, իհարկե, մշտապես այսպիսի վայրերում է, եւ նաեւ քաղաքականություն է բանեցնում դահլիճներում, քաղաքական հարթակներում, որոնք ոչ թե հանրային այսպիսի միջավայրերն են, այլ շենքային պայմանները: Քաղաքականություն բանեցնելը միայն այստեղ չէ, այնպես որ, եթե պարոն Հովհաննիսյանն այստեղ չէ, ապա ես եմ այստեղ, եթե ես չեմ, ապա Արմեն Մարտիրոսյանն է, եթե Արմենը չէ, պարոն Հովհաննիսյանն է: Մենք թիմով ենք ներկայանում, այլ ոչ թե միայն պարոն Հովհաննիսյանով:

 

 

 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՐԴԻՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրեր առաջ նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարության Էներգետիկայի պետական տեսչության պետ: Հիշեցնենք, որ նախկինում վերջինս զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը:

Ուշագրավն այն է, որ գործարարների` հաճախակի բողոքների հիման վրա, ըստ որոնց տարատեսակ տեսչական ստուգումներն անտեղի են ու չհամակարգված, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից դեռեւս անցած տարվա հուլիսի 23-ին հրահանգ եղավ կես տարով տնտեսվարողների գործունեությանը չմիջամտել եւ տեսչական ստուգումները դադարեցնել: Եւ այսպիսով՝ բավական երկար ժամանակ անգործության մեջ գտնվող տեսչությունն արդեն նոր պետ ունի: Նկատենք, որ Աբրահամ Մանուկյանի որդիները հանրության շրջանում աչքի են ընկել իրենց անվան հետ կապված աղմկահարույց պատմություններով, մասնավորապես տարիներ առաջ նրանց մեքենաների մեջ ապօրինի զենք-զինամթերք էր հայտնաբերվել:
Այս նշանակման կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ: «Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ այդպես սարսափելի ոգեւորված ենք»,- իր որդու նոր պաշտոնը գնահատելով՝ ասաց Մանուկյանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե որ արժանիքների համար են հենց Հակոբ Մանուկյանին այդ պաշտոնը տվել, Մանուկյանը մեզ ուղղորդեց դիմել որդուն պաշտոն տվողներին: Իհարկե, «Ժողովուրդ»-ը այս առնչությամբ հարցում էր ուղղել նաեւ ՀՀ էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյանին, սակայն նախարարից այդպես էլ պատասխան չստացանք: Օրվա ընթացքում բազմիցս գրավոր հարցը ուղարկեցինք նախարարության լրատվական ծառայությանը, սակայն բոլորը ձկան նման լուռ էին: Այնպիսի տպավորություն էր, որ ամաչում էին կատարված նշանակման առնչությամբ որեւէ բառ ասել:
Ինչեւէ, պատգամավոր Աբրահամ Մանուկյանից հետաքրքրվեցինք նաեւ նրա քաղաքական գործունեության մասին: Ինչո՞վ է զբաղված Մանուկյանը, ո՞ւր է հեռացել քաղաքականությունից, այս անգամ ո՞ր կուսակցության ցուցակով է պատրաստվում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել: «Մինչեւ սեպտեմբերի վերջ հոկտեմբերի կեսերը ես ոչ մի բանի չեմ խառնվելու, հետո կասեմ իմ դիրքորոշումը, ինչ եմ անում, ոնց եմ անում, մնում եմ, թե չեմ մնում քաղաքականության մեջ»,-պատասխանեց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյանը նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության անդամ էր, հետո դարձավ ԲՀԿ-ական, իսկ երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, նա փորձեց կուսակցության ֆինանսական կառավարումն իր ձեռքը վերցնել, սակայն դա էլ չստացվեց: Եւ կուսակցության վերնախավից պարբերաբար ահազանգեր են հնչում, որ Մանուկյանը վերցրել է ԲՀԿ-ի փողերն ու անհետացել:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՉԵՆ ԱՍՈՒՄ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի փաստի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) եւ 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությունը: ՀՔԾ-ն հայտարարել էր այս գործով 4 անձի մեղադրանք առաջադրելու մասին: «Ժողովուրդ»-ը փորձեց հենց ՀՔԾ-ից պարզել, թե ինչու չեն հրապարակում Սարի թաղի դեպքերի առիթով կալանավորված անձանց անունները: Ի պատասխան՝ ՀՔԾ-ից մեզ հայտնեցին, որ նախաքննության գաղտնիության նկատառումներից ելնելով՝ գտնում են, որ քրեական դատավարության մասնակիցների վերաբերյալ տվյալներն այս փուլում հրապարակման ենթակա չեն:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ
Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին իրավական ակտի նախագիծը մինչեւ ընթացիկ ամսվա վերջ արդեն պատրաստ կլինի եւ կուղարկվի իրավապահ մարմիններին` նրանց առաջարկությունները եւ դիտողությունները ստանալու համար: Ինչպես հայտնի է՝ համաներման նախագծերը, որպես կանոն, մշակվում են նախագահական նստավայրում եւ մինչեւ խորհրդարան ուղարկվելը դրա տեքստը գաղտնի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անկախության տոնի կապակցությամբ սպասվող համաներումը նախորդներից ավելի ընդգրկուն է լինելու:

 

 

 

ԴԵՌ ՉԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
«Ժողովուրդ»-ը Գյումրիի 34 ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղդասարյանից եւ Վանաձորի 39 ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանից հետաքրքրվեց` ո՞ր կուսակցություններն են ավագանու ընտրություններում առաջադրվել, եւ ինչպիսի՞ պատկեր է այժմ: «Ոչ մի առաջադրում չկա, այնքան հանգիստ է, որ մենք էլ ենք զարմացել: Զանգում են, ասում եմ, բացատրում էլ եմ, որ առաջին անգամ կարող է սխալվեք, հետո ժամանակ չունենաք, 48 ժամ է տրվելու ուղղելու համար, չհասցնեք հանել, շուտ բերեք, օգնենք եւ այլն, եւ այլն, ոչ մի շարժ չկա»,-ի պատասխան մեր հարցադրմանն՝ ասաց Պապանյանը:
Գրեթե նույն պատասխանը հնչեց Գյումրու հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղդասարյանի կողմից: «Ոչ մի առաջադրում չկա մինչեւ հիմա, հավանաբար վաղը, մյուս օրը նոր կսպասենք»,- ասաց նա:




Լրահոս