Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնության համար իշխանության ղեկին գտնվելու հանգամանքը կենսական նշանակություն ունի, քանի որ նրանք իրենց ունեցվածքը կուտակել եւ կուտակում են բացառապես իշխանական լծակների շնորհիվ, այլ ոչ թե բիզնես հոտառության:
Այս տեսանկյունից ամենավառ օրինակը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն է, որն իր հատուկ ունակությունների շնորհիվ իշխանական շրջանակներում «բիզնես լեդի» համարում ունի: Նա հաջողացրել է ԱԺ բոլոր գումարումների պատգամավոր լինել` մշտապես ընդգրկվելով իշխանական խմբակցություններում: Տեղեկացնենք, որ Նաղդալյանը տարեկան մոտ մեկ միլիարդ դրամի եկամուտ է պաշտոնապես հայտարարագրում որպես իրեն պատկանող ընկերություններից ստացված շահաբաժին: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությամբ պատգամավորներին արգելված է գործարարությամբ զբաղվել: Բայց դա չի խանգարել, որ Հերմինե Նաղդալյանը եւ նրա ամուսինը` ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, որը նույնպես տարիներ շարունակ գործարարության հետ անհամատեղելի պաշտոններ է զբաղեցրել, մի քանի ընկերությունների սեփականատեր լինելով, տարեկան մի քանի միլիոն դոլարի եկամուտ ստանան:
Մասնավորապես, Նաղդալյանների ընտանիքին պատկանող ընկերություններից մեկը` «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, տարիներ շարունակ պետական ֆինանսավորմամբ հարյուրավոր միլիոն դրամների, իսկ երբեմն անգամ միլիարդների ճանապարհաշինարարական պատվերներ է իրականացնում: Մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերը ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընթացիկ տարում եւս Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերությունները պետական պատվերով շինարարական աշխատանքների պակաս չեն ունեցել: Պայմանագրերից մեկով ԱԺ փոխնախագահի ընկերությունը` «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, պարտավորվել է 130 միլիոն 471 հազար դրամով հիմնանորոգել Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհը: Մեկ այլ պայմանագրով էլ նույն ընկերությունը պարտավորվել է նորոգել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհը` 373 միլիոն 225 հազար դրամի դիմաց: Բայց վերը բերվածը դեռ ամենը չէ: «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն մեկ այլ պայմանագրով էլ պարտավորվել է իրականացնել Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհների պահպանման աշխատանքները: Այս պայմանագրի ընդհանուր արժեքը 132 միլիոն 576 հազար դրամ է: Այսինքն՝ միայն վերը բերված երեք պայմանագրերով Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն ճանապարհների պահպանման եւ նորոգման աշխատանքների 636 միլիոն 272 հազար դրամի (1 միլիոն 325 հազար դոլար) պետական պատվեր է ստացել:
Թե այս գումարի որ մասն է դրվում իրականում ասֆալտապատման աշխատանքների վրա, որ մասը` Նաղդալյանների գրպանը, դժվար չէ կռահել` դատելով մեր երկրում տարիներ շարունակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքների որակից: Իսկ որակ, ինչպես հայտնի է, չկա մեզանում: Ավտոճանապարհները հիմնանորոգվելուց մեկ տարի անց վերածվում են ջրափոսերի:
Տեղեկացնենք, որ Հերմինե Նաղդալյանը նախորդ տարի հայտարարագրել է 226 միլիոն 131 հազար դրամի եկամուտ, որից ընդամենը 8 միլիոն 667 հազար դրամն է նրա աշխատավարձը, իսկ մնացած գումարը նրա «բիզնես եկամուտներն» են: Իսկ Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը, 2015 թվականի համար հայտարարագրել է 86 միլիոն 219 հազար դրամ, որից ընդամենը 4 մլն 125 հազար դրամն է կազմել նրա պաշտոնական աշխատավարձը, իսկ մնացած գումարը «բիզնես եկամուտներից» է ստացվել:
Ահա թե ինչ բիզնեսի մասին է խոսքը: Իսկ թե ի՞նչ կմնա այդ բիզնեսից, երբ Հերմինե Նաղդալյանի եւ իշխող ՀՀԿ-ի ճանապարհները շեղվեն, կամ էլ ՀՀԿ-ն հավերժ թվացող իշխանությունը կորցնի, դժվար չէ կանխատեսել: Բազմաթիվ պաշտոնյաներ կան, որոնք հաջողակ բիզնեսմեններ էին, բայց երբ լքեցին պաշտոնը, սնանկացան:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ ՊԱՏԳԱՄԱՎՈ՞Ր
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է մասնակցել 2017-ի ԱԺ ընտրություններին: Ըստ լուրերի` նա ընդգրկված է լինելու ՀՀԿ-ի Շիրակի մարզի տարածքային կամ, այսպես կոչված, «ռեյտինգային թեկնածուների» ցուցակում: Ենթադրվում է, որ նրան է վերապահվելու Արթիկի տարածաշրջանում իշխանության օգտին քվեներ հավաքագրելու գործառույթը: «Ժողովուրդ»-ը Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: «Չէ, չէ, չէ, նման բան չկա: Նման բան չի կարող լինել»,- մեր հարցմանն ի պատասխան` ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Ի դեպ, ըստ արթիկցիների՝ Ցոլակյանն այս օրերին ամեն ինչ անում է, որպեսզի Արթիկում քաղաքապետ դառնա Մուշեղ Պետոյանը: Ավելին՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ «այո»-ի ապահովման խնդիրը թեեւ լուծել են Արթիկի նախկին քաղաքապետներ Հմայակ Աբրահամյանն ու Խաչատուր Վարագյանը, սակայն Ֆելիքս Ցոլակյանը դրանք «գրել է» ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի անվան տակ, քանի որ բավականին մտերիմ հարաբերություններ ունի հետ: Ըստ ամենայնի, միմյանց պահելու խնդիր է դրված:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Լոռու մարզի Մղարթի գյուղապետ Արմինե Մամաջանյանը հրաժարական է տվել: Տեղեկացնենք, որ վերջինս գյուղապետի պաշտոնում ընտրվել էր այս տարվա հունվարի 24-ին: Արմինե Մամաջանյանի՝ գյուղապետի պաշտոնից հրաժարվելը պատճառաբանել է իր առողջական վիճակի վատթարացմամբ: Հրաժարականի դիմումը նա համայնքի ավագանուն ներկայացրել է հուլիսի 22-ին, ինչի առթիվ հուլիսի 25-ին ավագանին արձանագրություն է կազմել: Արդյունքում Մղարթի համայնքում եւս հոկտեմբերի 2-ին տեղի կունենան գյուղապետի արտահերթ ընտրություններ: Հրաժարականի դիմումի հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմինե Մամաջանյանի հետ, ով ասաց, որ ինքը այժմ բուժվում է:
ՄԻ ԹԵԹԵՎ ՊԱՅԹՅՈՒՆ
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գազամուղի պայթեցման փորձը: «Ժողովուրդ»-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից փորձեց պարզել, որ եթե ահաբեկչությունը հաջողվեր, ի՞նչ վնասներ կունենար մեր տնտեսությունը: «Գազատարի հնարավոր պայթեցման դեպքում սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվեր Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հաշվին, որտեղ առկա է 25 օրվա պաշար այն դեպքերի համար, երբ Հայաստան գազ չի ներկրվի թե՛ հյուսիսից, թե՛ հարավից: Իսկ 25-օրյա ժամկետում միանգամայն հնարավոր կլիներ վերականգնել վթարի հետեւանքները թե՛ հայ, թե՛ վրացի գործընկերների կողմից: Որեւէ լուրջ վտանգ չի ներկայացնում պետությանը»,- պատասխանեցին ՀՀ ԷԲՊ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
«Համախմբում» կուսակցությունը երեկ հայտարարել է հանրապետության տարբեր մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Գյումրիում եւ Վանաձորում կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակներով, որոնք համապատասխանաբար կգլխավորեն Հովհաննես Ասոյանը եւ Վահան Ղույումչյանը։ Այդ կապակցությամբ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջիկա օրերին հանդես կգա ծրագրային ելույթով։
ԱՐԴԵՆ ԱՆԻՄԱՍՏ Է
ԼՂՀ կարգավորման հարցում հայկական կողմի գերխնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է սեփական բնօրրանում: «Բազե¬2016» երիտասարդական համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Երկրագնդի վրա շատ ազգեր, օրինակ, Կոսովոյի բնակչությունը, ինքնորոշվել է ոչ իր բնօրրանում: Եվ արցախցին հայկական լեռնաշխարհում, իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունք ունի: Եթե չկա ինքնորոշում կամ միավորում ՀՀ հետ, ապա մնացած բոլոր փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է»,¬ «Արմենպրես»¬ի հաղորդմամբ՝ ասել է Օհանյանը:
ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ
Պետական գնումներին մասնակցող կազմակերպությունների իրական սեփականատերերը պետք է բացահայտվեն: Այդ մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Պետք է հստակորեն հայտնի լինի այն ֆիզիկական անձը, որը կապված է կազմակերպության հետ: Ընդ որում, պետք է ներկայացվեն իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ իրենք են իրական սեփականատերերը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ արդարադատության նախարարությունն առաջարկում է մի կարգավորում, որը գնումների ողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ:
Նրա խոսքով՝ գնումների գործընթացում հաղթող ճանաչված կազմակերպության իրական սեփականատիրոջ կամ սեփականատերերի տվյալները տեղադրվելու են գրանցամատյանում, որը բաց է լինելու հանրության համար: «Գրանցամատյանի ստեղծման պարագայում այդ անձինք կխուսափեն կեղծ տվյալներ ներկայացնելուց՝ վստահ լինելով, որ այդ մասին հանրությունն անմիջապես կիմանա: Նաեւ հստակ մեխանիզմներ կսահմանվեն, որոնք կեղծ տվյալներ ներկայացնողների համար քրեական պատասխանատվություն կնախատեսեն, ինչպես նաեւ կնքված գործարքը չեղյալ կհամարվի»,-հավաստիացրել է Հովհաննիսյանը:
ՄԵՐԺԵՑԻՆ
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությունը: Նշենք, որ Ա. Մանուկյանը մասնակցել է դատական նիստին, նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան է բերվել շտապօգնության մեքենայով, իսկ դահլիճ մտցվել պատգարակով: