ԶԻՆՎՈՐԻՆ ՎԱՂՈՒՑ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը հրապարակեց 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքի բնակիչ Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը: Շուրջ 1,5 տարի տեւած քննությունից հետո Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Դաժանաբար սպանեց
ընտանիքին
Հիշեցնենք, որ նշված օրը ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն եւ սպանել ընտանիքի 7 անդամներին: Դեպքից հետո հասարակական լայն դժգոհության ալիք բարձրացավ, զանգվածային ակցիաները ոստիկանության ուժերը հատուկ միջոցների գործադրմամբ մի կերպ կարողացան ցրել: Մարդիկ պահանջում էին Պերմյակովին պատժել Հայաստանում: Այդ պայմանը հնարավոր եղավ բավարարել ու պահել: Մինչեւ դատավճռի հրապարակումը Պերմյակովը մնաց Հայաստանի տարածքում:
Իսկ ի՞նչ պարզվեց նախաքննության ու դատաքննության ընթացքում. արդյո՞ք այդ դաժան սպանության բոլոր հանգամանքները բացահայտվեցին:
«Ժողովուրդ»-ը Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի հետ զրուցեց այս թեմայով: Ըստ նրա՝ «Բազմաթիվ ապացույցներով հիմնավորվել է, որ Պերմյակովն է եղել եւ եղել է միայնակ, համենայնդեպս, ապացույց, որ այլ անձ է եղել սպանողը, չկա: Երկրորդ` հանցագործությունը կատարվել է, որովհետեւ Վալերի Պերմյակովը ունի լուրջ առողջական խնդիրներ ու չնայած իրավունք չուներ զենք կրելու, բայց, չգիտես ինչու, նրան զենք է տրամադրվել ու պատշաճ հսկողություն էլ չի կատարվել: Եւ, ահա, այդ պայմաններում նա կարողացել է լքել զորամասը եւ զենքով հայտնվել Ավետիսյանների տանը` սպանելով ընտանիքի 7 անդամներին»:

Մենակ էր կրակել
Իսկ ի՞նչ հանգամանքներ կային, որ մնացին չբացահայտված: Փաստաբանի խոսքով, կար մի հարց, որի պատասխանն այդպես էլ չստացվեց. «Այս դատավարությունը պետք է իր առջեւ հիմնական նպատակ դներ, որ մեղավորները, որոնց գործողությունների հետեւանքով Վալերի Պերմյակովը զենքով հայտնվել էր Ավետիսյանների տանը, պետք է ենթարկվեին պատասխանատվության, բայց ռուսական կողմը չգնաց դրան, եւ նրանք քրեական պատասխանատվության չենթարկվեցին: Իսկ հայկական կողմը առնվազն ֆինանսական պատասխանատվության պետք է կանչեր Ռուսաստանի Դաշնությանը, որովհետեւ մենք քաղաքացիական հայց էինք ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որպեսզի ՌԴ-ն ֆինանսական բեռ կրելով՝ հասկանար, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ծառայեն նորմալ զինվորները, ոչ թե Պերմյակովի նման լուրջ խնդիրներ ունեցող անձինք: Սակայն այս խնդիրը դատարանում չլուծվեց: Սրա պատճառով մենք պատրաստվում ենք բողոքարկել դատական ակտը, առնվազն քաղաքացիական հայցի մասը: Երբ ծանոթանանք ամբողջ դատական ակտին, կորոշենք, թե ուրիշ մասով արդյո՞ք բողոքարկման անհրաժեշտությունը կա, թե ոչ»:
Անդրադառնալով ամենագլխավոր հարցին, թե, ի վերջո, որտեղ պետք է իր պատիժը կրի Վալերի Պերմյակովը, որի մասին մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը մի բառ անգամ չասաց մեղադրական ճառը կարդալիս, Լուսինե Սահակյանը նշեց. «Վալերի Պերմյակովը չի հանձնվել Հայաստանի Հանրապետությանը: Ինքը, այսպես թե այնպես, ռուսական կողմի ձեռքում էր, իրենց իրավասության տակ էր գտնվում: Ակնհայտ է, որ նա իր պատիժը կրելու է Ռուսաստանի Դաշնությունում, իհարկե, վերջնական առումով չեմ կարող ասել, քանի դեռ վերջնական որոշված չէ երկու պետությունների միջեւ, թե դա ինչ է լինելու: Ակնհայտ է, որ եթե դատական նիստերի ընթացքում Պերմյակովը չհանձնվեց, հետագայում էլ չի հանձնվելու ու նաեւ անիմաստ է հանձնելը»:

Պերմյակովի գործը բերվեց ՀՀ
Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ ռուս զինվորին ՌԴ-ն չի հանձնել, այլ հանձնել են քրեական գործը, եւ ՀՀ դատարանը կարողացել է ընդամենը դատապարտել Պերմյակովին. «Ժամանակին էր պետք մտածել այդ մասին, եւ Պերմյակովին չպետք է հանձնեին Ռուսաստանի Դաշնությանը»:
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ եւ ՌԴ իշխանությունների միջեւ Վալերի Պերմյակովի պատժի հետագա կրման մասով դեռ քննարկումներ են ընթանում, թե ինչպես փոխանակել կալանավորներին. Պերմյակովին տալ, հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին բերել Հայաստան:
Նկատենք, որ 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի» 4-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ: Ավելին՝ իրավասության մասին համաձայնագիրը, ի տարբերություն 1992թ. պայմանագրի, սահմանում է, որ եթե գործը ենթակա է ՀՀ իրավասու մարմինների քննությանը, ապա դատապարտվելու դեպքում հանցագործը պատիժը եւս պետք է կրի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սակայն միայն այս ակտով չի պարզվում իրավիճակը, քանի որ կան նաեւ հանձնման (էքստրադիցայի) մասին կանոններ: Իրավասության մասին համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերի իրավասու մարմինները կարող են դիմել միմյանց` քրեական հետապնդումը միմյանց փոխանցելու խնդրանքով:
Նկատենք, որ քրեական հետապնդման կամ դատապարտումից հետո պատժի կրման նպատակով անձանց հանձնումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առավել մանրամասն կարգավորվում է քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին 1993թ. հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայով, որի 56-րդ հոդվածի համաձայն` «պայմանավորվող կողմերը պարտավորվում են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար»: Այստեղ, սակայն, անմիջապես պետք է նշենք նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածը, որն ընդհանրապես չի նախատեսում ՀՀ տարածքում կատարված հանցագործություններով անձանց հանձնում: Բայց սովորաբար հայաստանյան օրենսդրության եւ միջազգային պայմանագրի հակասության դեպքում կիրառելի է դառնում միջազգային պայմանագիրը:
Հենց նույն Մինսկի կոնվենցիան նախատեսում է, որ հանձնումը կարող է մերժվել, եթե հանցագործությունը, որի առիթով հանձնումը պահանջվում է, կատարվել է հարցվող պայմանավորվող կողմի տարածքում: Այսինքն՝ նույնիսկ ՌԴ իրավասու մարմինների խնդրանքի դեպքում Հայաստանի Հանրապետությունը բոլոր հիմքերն ունի մերժելու դատապարտյալի հանձնումը:

Ժամանակին էր պետք
սկզբունքային լինել
Այսպիսով, ամփոփելով իրավիճակը՝ պետք է արձանագրել, որ չնայած օրենքները մեզ թույլ են տալիս Պերմյակովին պահելու հայաստանյան քրեակատարողական հիմնարկներից մեկում, սակայն դա տեղի չի ունենա, քանի որ ռուս զինծառայողը վաղուց` դեռ ձերբակալման օրերից է հանձնվել Ռուսաստանին եւ, բնականաբար, նա իր պատիժը կկրի ՌԴ-ում:
Մեզ մնում է հուսալ, որ երկու երկրների ուժային կառույցների միջեւ քննարկումների արդյունքում իսկապես հնարավոր կլինի ՌԴ-ում նվաստացման ենթարկված հայ վարորդին` Հրաչյա Հարությունյանին, վերադարձնել Հայաստան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՇՏԱՊԵՑԻՆ ԳՆԱԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ են այցելել ՔԿՀ վարչության պետի տեղակալները:
Բանն այն է, որ օգոստոսի 22-ին ՀՀ դատապարտյալների հիվանդանոց էին այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը եւ բժիշկ-մասնագետները եւ պարզել, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների առողջական վիճակի համար «Էրեբունի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված եւ վերջիններիս խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է: ՄԻՊ-ը ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարություններից պահանջել է ստեղծված իրավիճակի մասով համապատասխան գրավոր պարզաբանումներ ներկայացնել:
Ու մինչ առողջապահության նախարարությունից եւ արդարադատության նախարարությունից պաշտոնապես կպարզեն իրավիճակը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի տեղակալներն առաջ են ընկել ու շտապել հիվանդանոց: Այնտեղ նրանք հանդիպել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանի հետ: Ավելի ուշ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որ ՔԿ-ն պնդում է` «Սասնա ծռերը» բուժանձնակազմի ցուցաբերած բժշկական օգնությունից եւ խնամքից բողոքներ չունեն:
Բայց իրավիճակն այնքան էր թեժացել, որ անգամ մի խումբ փաստաբաններ կալանավորվածների հարազատների հետ երեկ գնացել էին ՀՀ ՄԻՊ գրասենյակ եւ պահանջում էին, որ Արման Թաթոյանը հնարավոր բոլոր քայլերն իրականացնի, եւ հիվանդանոցում գտնվող «Ծռերը» պատշաճ բուժօգնություն ստանան:

 

 

ԱՂՄԿՈՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Սեպտեմբերի 18-ին ինչպես մի շարք քաղաքներում, այնպես էլ Մեղրիում քաղաքապետի ընտրություններ են, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել Ագարակ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը: Հիշեցնենք, որ 2015 թվականի օգոստոսի 4-ին Ագարակում կրակոցներ էին հնչել քաղաքի բնակիչ Ստեփան Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն Հովհաննիսյանը հաջողացրել էր փախչել: Պոտենցյալ զոհ Ստեփան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կրակոցները կազմակերպված են եղել Ագարակ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձեռքով, իսկ պատճառը 7 տարի առաջ Ագարակ քաղաքում տեղի ունեցած ընտրություններն են եղել: Բանն այն է, որ Հովհաննիսյաններն ընտրություններում չէին պաշտպանել գործող քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, որից հետո նրանց ընտանիքի հետ քաղաքապետի թիմակիցներն անընդմեջ կոնֆլիկտներ են ունեցել: Սակայն ինքը` Զաքարյանը, ասել էր, թե կրակոցների հետ կապ չունի:
Եւ, ահա, նույն աղմկոտ թեկնածուն կրկին առաջադրվել է, եւ նրա թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն, իսկ նրա մրցակիցն է իր նախկին տեղակալ Արմեն Սամվելյանը, որը եւս Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն նրան կուսակցությունը չի առաջադրել, այլ նա ինքնաառաջադրվել է:

 

 
23 ՕՐ ՀԱՑԱԴՈՒԼ
Անդրիաս Ղուկասյանի կնոջ` Անահիտ Թարխանյանի համար անընդունելի է դատարանի կողմից կայացրած կալանքի որոշումը: «Ես գտնում եմ, որ առանց որեւէ գրավի նրան պետք է ազատ արձակեն` հաշվի առնելով իր պատշաճ անձ լինելը: Դժվար է պատկերացնել, որ նման մարդը կմասնակցի զանգվածային անկարգությունների»,- ասել է նա: Ղուկասյանի պաշտպան Լուսինե Հակոբյանն էլ նշել է. «Անդրիաս Ղուկասյանը շարունակում է իր հացադուլը, նա շատ վճռական է այդ հարցում, շատ ուժեղ, ընկճված չէ, առողջական վիճակը վատ չէ, պայքարելու է մինչեւ վերջ եւ ցանկանում է օգտագործել իրավական բոլոր ճանապարհները, իսկ այսօր հացադուլի 23-րդ օրն է»:




Լրահոս