ԷՐԴՈՂԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՊԱՅՔԱՐԸ «ԳՅՈՒԼԵՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԴԵՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու Թուրքիան արտաքին քաղաքական հարաբերություններում գրեթե միշտ հանդես են գալիս միասնական ճակատով: Այս երկրները, ունենալով բավական շատ ընդհանրություններ, նույնիսկ որդեգրում են ներքին քաղաքականության կազմակերպման ընդհանրական սխեմա: Իհարկե, այստեղ հիմնական ընդօրինակողը Ադրբեջանն է, որը գրեթե միշտ հետեւում է իր ավագ եղբոր գործողություններին:

Չնայած որոշ հարցերում Անկարան ու Բաքուն ունենում են տարաձայնություններ, երբեմն Բաքուն խանդով է նայում իր ավագի ավելի մեծ ազդեցությանը Նախիջեւանում, ինչպես նաեւ նրան, թե ինչպես է երբեմն «հեռավոր տեքստերով» Թուրքիան ակնարկում Երեւանի հետ հարաբերությունների նորմալացման մասին (իհարկե, երբ դրանից Արեւմուտքում կարող է որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել), սակայն դա, իհարկե, նրանց միջեւ խորքային տարաձայնությունների առաջացման համար լուրջ հիմքեր չի ստեղծում:
Հիմա էլ բացառություն չէ «գյուլենական շարժման» դեմ պայքարը: Հայտնի է, որ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի նախագահ Էրդողանի համար դարձել է պայքարի թիվ մեկ թիրախը: Հատկապես այն բանից հետո, երբ անցած հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման անհաջող փորձը, Էրդողանն ու նրա շրջապատը սկսեցին ահեղ պայքար ծավալել Գյուլենի դեմ, որին էլ մեղադրում են այն կազմակերպելու մեջ: Դժվար է ասել, թե Գյուլենն ինչ դերակատարում ունի, սակայն հստակ է, որ նա լուրջ ազդեցություն ունի Թուրքիայի ներքին քաղաքականության վրա: Էրդողանն առավելապես վախենում է այդ մարդու մշակութային-գաղափարական ազդեցությունից, որից մոբիլիզացիոն մեծ վտանգ է տեսնում: Գուցե Էրդողանն այսպիսով ցանկանում է իր համակարգի կենսունակության համար ստեղծել որոշակի քաղաքական միֆ՝ ի դեմս «գյուլենական չարիքի» եւ պայքար մղել ներքին թշնամիներին ու դիսիդենտներին չեզոքացնելու համար: Հայտնի է, որ քաղաքական միֆը, հատկապես փակ-բռնատիրական համակարգերի պարագայում հրաշալի ծառայում է տվյալ համակարգի կենսունակության ապահովմանը: Այն հեշտությամբ կարողանում է դեպի իշխանական ռեժիմն ուղղել հանրության կողմնորոշումներն ու այդպիսով ապահովել վերջինի աջակցությունը համակարգին: Իսկ Թուրքիայի նախագահը, բավական հասուն եւ խարդավանքների սիրահար քաղաքական գործիչ լինելով, չի կարող այս հանգամանքը չօգտագործել:
Ահա եւ իր կրտսեր եղբայր Ալիեւը նույնպես որոշել է «պայքար մղել» «գյուլենականների դեմ», որը, գուցե, Ադրբեջանում ավելի շատ վիրտուալ, քան իրական ուժ է: Ալիեւի հաշվարկն էլ պարզ է. նա ցանկանում է երկու նպատակի հասնել: Նախ՝ քաղաքական ու գաղափարական սոլիդարություն է հայտնում իր պետության «կնքահայր» Թուրքիային, երկրորդ՝ դա իրեն նույնպես հնարավորություն է տալիս պայքար մղելու սեփական ռեժիմի հակառակորդների դեմ՝ իհարկե, հյուսելով քաղաքական միֆը, թե պետությունը գտնվում է անվտանգության ներքին սպառնալիքի տակ, որը պետք է չեզոքացնել զանգվածային մոբիլիզացիայով: Ստացվում է, որ գյուլենականների անվան տակ երկու երկրների առաջնորդները գնում են սեփական դիկտատուրայի խստացման, որը ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին իրենց բավական անհրաժեշտ է: Թեկուզ այն պատճառով, որ Անկարան ունի քրդական եւ, այսպես ասած, հեղաշրջման ցիկլային իրավիճակ, դրան գումարած խնդիրներ սիրիական ու եվրոպական ուղղություններով: Ինչ մնում է Բաքվին, ապա այն ունի արցախյան հարց ու ապրիլյան քառօրյայում ռազմական լայնամասշտաբ գործողություններով տարիներով խոստացված հայկական բանակների ջախջախման եւ «պատմական հողերի հետ վերադարձի» ձախողում: Այս վերջինն ադրբեջանական հանրության մոտ կարող է լուրջ հարցադրումներ առաջացնել, երբ մարդիկ սկսեն դուրս գալ քարոզչական դաշտի ազդեցությունից եւ սթափ դատել իրավիճակը: Բացի այդ՝ Ալիեւն ունի մեկ այլ խնդիր եւս. գյուլենականների պատրվակով, այսպես կոչված, «Իսլամական պետության» հետեւորդների դեմ պայքարը, որը պետք է անել քողարկված, որպեսզի հանրությունը չկասկածի, թե Ադրբեջանում ԻՊ-ի սպառնալիք գոյություն ունի, եւ խուճապային տրամադրություններ չարթնանան: Ահա թե ինչու ալիեւյան ռեժիմը փորձում է իր ժողովրդին նման հնարավորություն չտալ՝ նրան հրամցնելով տարատեսակ քարոզչական թիրախներ, որոնք միտված են ռեժիմի ամրացմանն ու համակարգի գոյապահպանմանը: Հատկանշական է, որ երբ Բաքվից բողոքել են, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ կառավարությունն ամեն ձեւով ճնշում են գյուլենականներին, Վրաստանում Գյուլենի դպրոցների կառավարիչ Հայաթի Քյուչյուքը հայտարարել է, թե Գյուլենը սպառնացել է «Ադրբեջանի իշխանություններին նետել Կասպից ծովը, եթե վերջիններս շարունակեն ճնշել այդ երկրում իր հետեւորդներին»: Գուցե Գյուլենն իսկապես էլ Ադրբեջանում լուրջ հնարավորություններ ունի եւ կարող է գլխացավանք դառնալ այդ երկրի իշխանության համար, ինչը կերեւա ժամանակի ընթացքում:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ «ԲՈՑԵՐԸ»
Տավուշի մարզում օգոստոսյան շոգ է: Մթնոլորտն ավելի է շիկանում նախընտրական լարված պայքարից: Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Նոյեմբերյանի, Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններում: Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեժ մրցակցություն է խոշորացված Նոյեմբերյան համայնքում: Այն այժմ ընդգրկում է Նոյեմբերյան քաղաքն ու Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր: Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը, Բարեկամավանի գյուղապետ, ՀՀԿ անդամ Գարիկ Աբազյանը, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Սերյոժա Ամիրաղյանը, անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Կարեն Աբազյանը, Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն-2» ՍՊԸ գնորդ, ՀՀԿ անդամ Արթուր Անանյանը, Ոսկեպարի գյուղապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Եգանյանը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գարիկ Փիրումյանը: Վ. Ամիրաղյանը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մյուս թեկնածուները՝ ինքնառաջադրմամբ:
Թեժ պայքար է սպասվում նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում եւ Կողբ համայնքներում: Այրում համայնքը ներառում է համանուն քաղաքը եւ Դեբեդի հովտի 7 գյուղեր: Այրում համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Բագրատաշենի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արկադի Մակյանը, Պտղավան համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Արայիկ Պարանյանը, «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության գործակալ, անկուսակցական Արարատ Պետրոսյանը, անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Դավիթ Փարսադանյանը: Ա. Պարանյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացածներն՝ ինքնառաջադրմամբ:
Կողբի համայնքը ներառում է Կողբ եւ Զորական գյուղերը: Կողբ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Կողբի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արամայիս Աբովյանը, նախկին գյուղապետ, անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, Զորականի գյուղապետ, ՀՀԿ անդամ Սուրեն Մարտիրոսյանը, ՀՀԿ անդամ Գոռ Վանյանը: Ա. Աբովյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացածներն՝ ինքնառաջադրմամբ: Սուր մրցակցություն է սպասվում նաեւ Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում, որտեղ մրցակցելու են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Ղազարյանը, նրա տեղակալ, անկուսակցական Սպարտակ Վանեսյանը, անկուսակցական Գոհար Ղազարյանը եւ ՀՀԿ անդամ Ստեփան Մեսրոպյանը: Լարված պայքար է լինելու նաեւ Ազատամուտ, Վազաշեն, Մովսես եւ այլ համայնքներում: Խոշորացված համայնքների ավագանու ընտրություններում եւս մեծ մրցակցություն է լինելու: Սակայն փոքր համայնքներից ավագանու թեկնածու առաջադրվածների մեջ կան անձինք, ովքեր գրագիտության խնդիր ունեն:
Նոյեմբերյանում տեղակայված Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ավագանու թեկնածու առաջադրվելու համար պահանջվող փաստաթղթերը լրացնելու ժամանակ, կուսակցական պատկանելության վերաբերյալ գրառում կատարելիս թեկնածուներից մեկը գրել է՝ «անկուսակցածակ» ընտանեկան դրության մասին հարցին ի պատասխան էլ թեկնածուներից մեկը գրառել է «ամուսնացված», մյուսը ՝ «լարված», մեկ ուրիշը՝ «նորմալ»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՓՈՂ ՉՈՒՆԵՄ, ԿԱՐՏՈՇԿԱ ԿԲԱԺԱՆԵՄ

ՀՀ Արագածոտնի մարզի մոտ 400 ընտրող ունեցող Երնջատափ գյուղում սեպտեմբերի 18-ին գյուղապետի ընտրություններ են անցկացվելու: Առաջադրված թեկնածուները 4-ն են՝ անկուսակցականներ Շահեն Գեւորգյանը, որը «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսության անտառպաթոլոգն է, Արմեն Ենգիբարյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Պարգեւ Խաչատրյանը եւ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հրաչյա Սահրադյանը: Նշենք, որ Պարգեւ Խաչատրյանը երկրորդ անգամ է գյուղապետի պաշտոնի համար պայքարելու:

Գյուղապետի ընտրությունների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ե՛ւ Պարգեւ Խաչատրյանի, ե՛ւ Հրաչյա Սահրադյանի հետ:

Պարգեւ Խաչատրյան, «Հայկական վերածնունդ» կուսակցություն
-Պարո՛ն Խաչատրյան, որքա՞ն ժամանակ է, ինչ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ եք:
-Մեկ տարի:
-Ո՞ր թեկնածուն է Ձեր հիմնական մրցակիցը: Նկատենք, որ թեկնածուների թվում է նաեւ ՀՀԿ-ական գործող գյուղապետ Հրաչյա Սահրադյանը:
-Դե, ինքը գործող գյուղապետն է եւ քայլեր կձեռնարկի, շանտաժներ կանի: Ասենք՝ նպաստառու ընտանիքներին կսպառնա նպաստ կտրելով, ինչպես որ նախորդ ընտրություններին է արել: Կխաբի ու կհասնի իր ուզածին: Նախորդ ընտրություններին այս ամենը պարզ է արել: Ես ինքս նախորդին առաջադրվել էի ու 15 ձայնով պարտվեցի:
-Այս ընտրություններին ՀՀԿ-ն կօգնի՞ Ձեզ:
-Այդ կուսակցության մեծ անդամներն իմ բարեկամներն են, եւ ես միշտ եմ այդ կուսակցության հետ եղել:
-Մեծ անդամնե՞րը: Ո՞վ է Ձեր բարեկամը:
-Արթուր Վահանիչը, Արթուր Բաղդասարյանը:
-Իսկ մինչ գյուղապետի պաշտոնին առաջադրվելը Ձեր բարեկամի հետ քննարկե՞լ եք…
-Էդ լրիվ ուզում ես միանգամի՞ց իմանաս… պետք չի…
-Հետաքրքիր է՝ քննարկե՞լ եք Ձեր առաջադրվելու հարցը…
-Մի՛ խորացի:
-Իսկ փող բաժանելո՞ւ եք բնակիչներին:
-Փող չունեմ, կարտոշկա եմ բաժանելու (ծիծաղում է-Ս.Հ.): Ես փող չեմ բաժանելու:
Երնջատափի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հրաչյա Սահրադյան
-Պարո՛ն Սահրադյան, Ձեր մրցակիցներից Պարգեւ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Դուք նպաստառու ընտանիքներին սպառնում եք…
-Նպաստի հետ համայնքի ղեկավարները կապ չունեն: Նա երեւի չի ջոկում, թե ինչ է նշանակում օրենք, նպաստ… Արդեն չորս տարի է, ինչ գյուղապետները կապ չունեն նպաստների հետ:
-Հաշվարկե՞լ եք, թե քանի ձայն կհավաքեք:
-Ես հաշվարկներ չունեմ անելու: Ես գյուղապետարանի գործերով եմ զբաղված, երեկոյան, եթե ժամանակ է լինում, զբաղվում եմ իմ անձնական գործերով՝ գարի եմ քաղում, գարի եմ չորացնում եւ այլն:
-Պարո՛ն Սահրադյան, Պարգեւ Խաչատրյանը նշեց նաեւ, որ Արթուր Բաղդասարյանն իր բարեկամն է… Ձեզ այդ փաստը մտահոգո՞ւմ է:
-Ես դրանց բարեկամության մասին չգիտեմ: Ինձ դա չի հետաքրքրում: Ես 17 տարի է, ինչ գյուղապետ եմ, ի՞նչ եք կարծում, դա ինձ կմտահոգի՞:
-Իսկ փող էլ չե՞ք բաժանելու բնակիչներին, որ Ձեզ ընտրեն:
-Ես փող չունեմ, նույնիսկ պարտքեր ունեմ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս