ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն առաջիկայում կառավարությանը կներկայացնի երկու բուհերի միավորման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը միացնել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտի հետ եւ ստեղծել Շիրակի պետական համալսարան: Միավորման արդյունքում տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի շենքի մի մասը տրամադրվելու է մանկավարժականին, իսկ մյուս մասը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Այսպիսով ստացվում է, որ կառավարության այս որոշմամբ վաճառքի ենթակա նոր գույք է ստեղծվում:
Նշված բուհերի միավորման մասին տեղեկությունը խիստ մտահոգել է տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմին: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս խնդրի շուրջ նախորդ չորեքշաբթի կրթության եւ գիտության նախարարը հանդիպել է տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմի հետ: Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս, նույն բուհի գիտական խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ նախարարությունը բուհերի միավորումը պատճառաբանում է ուսանողների թվի նվազմամբ: «Իհարկե, մենք գիտենք, որ Հայաստանում բնակչության թվի նվազման խնդիր կա: Եթե ուսանողների թվի դանդաղեցում կա, ապա դա օբյեկտիվ է եւ ընդհանուր, այլ ոչ թե մեր բուհին է միայն վերաբերում: Իհարկե, մանկավարժական ինստիտուտում ուսանողների էական կրճատում մենք տեսել ենք: Իսկ մեզ մոտ հակառակն է՝ դինամիկ աճ կա: Բայց մենք մտահոգված ենք, քանի որ մանկավարժական ինստիտուտը եւ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը ելակետային նույն դիրքերը չունեն: Մրցունակության տեսանկյունից նույնիսկ կա փաստ: Ես որպես մասնագետ կարծում եմ, որ պետք է ապահովել ազատ մրցակցային դաշտ: Իսկ եթե ամբողջը կոնսոլիդացնում ենք, ապա այստեղ մենաշնորհացման հնարավոր վտանգ կա: Չէ որ այսպես այդ ռիսկերը նվազեցնելը այդքան էլ հեշտ չէ»,- ներկայացրեց Առաքելյանը: Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ ԿԳ նախարարը վստահեցրել է, որ որեւէ փոփոխություն, որը տեղի կունենա, մանրակրկիտ կքննարկվի բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: «Ցանկացած փոփոխություն, որը կդրվի սեղանի վրա, պետք է քննարկվի եւ հիմնավորվի: Այս պահին կոնկրետ որեւէ տարբերակ նախարարը չի ասել: Ուղղակի կոնսոլիդացման մի քանի տարբերակ կա, որոնք ինքն էլ է ցանկանում քննարկել: Միայն հավաստիացրել է, որ մեզ հետ անպայման պետք է այն քննարկվի»,- ներկայացրեց դասախոսը:
Ի դեպ, տեսակետ է շրջանառվում, որ երկու բուհերի միավորման արդյունքում դասախոսների կրճատումներն անխուսափելի կլինեն: Չնայած սրան՝ Առաքելյանը այս գործընթացը դիտարկում է բարեփոխումների շրջանակներում: Ըստ նրա՝ Շիրակի պետական համալսարան ստեղծելու գաղափարը վատը չէ, բայց այն պետք է լինի էվոլյուցիոն, տարիների ընթացքում եւ ամենակարեւորը պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ մասնակցությամբ: Այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսական կազմը հույսով սպասում է, որ ԿԳ նախարարը իրենց կառաջարկի մի լուծում, որում հաշվի առնված կլինեն իրենց մտահոգությունները:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ բուհերի միավորումից հետո տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին պատկանող շենքի մի մասը կմիացվի մանկավարժական ինստիտուտին, իսկ համալսարանին ամրակցված որոշ շենք, շինություններ կհանձնվեն պետական գույքի կառավարման վարչությանը: Դրանց թվում են համալսարանի հանրակացարանային մասնաշենքը, ուսումնական մասնաշենքը, հրաձգարանը, ջրավազանը, ավտոտնակները, կաթսայատունը, ճաշարանը, հողատարածք եւ այլն: Բուհերի միավորման արդյունքում շենք, շինություններ հանձնելու հեռանկարը խիստ զայրացրել է տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսական կազմին: Ավելին՝ նույնիսկ ուսանողներն են պատրաստ ոտքի կանգնել եւ բողոքի ակցիաներ անցկացնել: Նրանք համոզված են, որ պետական գույքի կառավարման վարչությունը հող է նախապատրաստում իրեն հանձնվող համալսարանական գույքը հետագայում վաճառքի հանելու կամ վարձակալության տրամադրելու համար:
Նկատենք, որ այս մտահոգությունները, մեղմ ասած, արդարացված են, քանզի ամենեւին էլ գաղտնիք չէ, որ հայրենի կառավարությունը շարունակում է անխնա կերպով պետական սեփականություն համարվող շենքերը եւ հողատարածքները էժան գներով յուրայիններին վաճառել կամ վարձակալության տալ: Եվ չի բացառվում, որ հետագայում համալսարանական ներկայիս շինությունները դառնան հյուրանոց կամ սուպերմարկետ:
Ավելին՝ այս միավորումից հետո կրթության եւ գիտության նախարարությունը, ըստ նախագծի, որոշել է նորաստեղծ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սահակ Մինասյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Նա պատրաստվում էր առաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններում, սակայն գործող իշխանությունը նրան դա թույլ չտվեց: ՏԻՄ ընտրություններում Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունն առաջադրելուց հետո ՀՀԿ-ն որոշեց ինչ-որ չափով շահել նաեւ Մինասյանի սիրտը: Եւ կարճ ժամանակ անց վերջինս նշանակվեց Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին այս ինստիտուտի ռեկտորի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել մանկավարժականի երկարամյա ռեկտոր, նախկին ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ Ձեր ո՞ր արժանիքի համար են նշանակելու նոր ստեղծվող Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար՝ հաշվի առնելով նաեւ այն, որ առջեւում ՏԻՄ ընտրություններն են, Մինասյանն ասաց. «Հարցը բացարձակապես չքաղաքականացնեք: Ես կրթության ոլորտում եմ արդեն 35 տարի, եւ այդ նշանակումներն ու սպասվող պաշտոնանկությունները բացարձակապես քաղաքական ենթատեքստ չունեն»: Նրա խոսքերով՝ տնտեսագիտական համլսարանի՝ պետական գույքի կառավարման վարչությանը հատկացվող գույքը հետագայում անվարձահատույց կերպով կրկին կհանձնվի նոր կազմավորվող հիմնարկին՝ Շիրակի պետական համալսարանին:
Ինչեւէ, առջեւում ՏԻՄ, իսկ մի քանի ամիս անց՝ խորհրդարանական ընտրություններն են: Թե Մինասյանի այս նշանակումը որքանով կապ ունի ընտրությունների հետ, ժամանակը ցույց կտա: Սակայն պարզ է, որ կառավարությունը ինչ-որ մեկի քմահաճույքի համար մարդկանց ճակատագրերի հետ է խաղում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՂԲԱՄԱՆԻ ԳՈՂԸ
Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին՝ Բաղանիս-Ջուջեւան հատվածում, 6 տեղ բետոնյա կառույցներ են սարքվել, որոնց մեջ տեղադրել են չժանգոտող մետաղից աղբամաններ: Դրանից հետո երթեւեկող ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորներն աղբը նետում են ոչ թե միջպետական ավտոճանապարհի եզրին, այլ նշված աղբամանների մեջ:
Դրամաշնորհային նույն ծրագրով հատկացված աղբատար մեքենայով այդ աղբամանների աղբը պարբերաբար տեղափոխվում է աղբավայր: Սակայն անհայտ անձինք այդ աղբամաններից մի քանիսը եւ դրանց կափարիչները գողացել են: Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, եւ ոստիկանները գողերին հայտնաբերելու համար երկար ժամանակ դարանակալել են: Եւ, ահա, օգոստոսի լույս 21-ի գիշերը Ջուջեւան գյուղի հարավային մուտքի մոտ ոստիկանները տեսել են, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պոկել աղբամանը եւ այն տեղավորել իր ավտոմեքենայում: Քիչ անց այդ ավտոմեքենան կանգնեցվել է Ջուջեւանի հարեւան Բաղանիս գյուղի տարածքում:
Պարզվել է, որ աղբամանի գողը Գավառ քաղաքի 39-ամյա բնակիչ Տ.Մ.-ն է: Ջուջեւանի գյուղապետը, ոստիկանները ամոթանք են տվել գողության մեջ բռնվածին: Նա ասել է, որ գողացած աղբամանը տեղադրելու էր Գավառ քաղաքում գտնվող իր առաձնատան բակում: Ժորա Չիլինգարյանը երկարատեւ եւ համառ աշխատանքի համար շնորհակալ է նոյեմբերյանցի ոստիկաններին: Նա հույս ունի, որ միջպետական ավտոճանապարհից այլեւս աղբամաններ չեն գողանա:
ՕԴԻՑ ՓՈՂ Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ
Սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանի մի քանի բնակիչներ «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ իրենց երեխաները խաբվել են՝ մասնակցելով Հ2 հեռուստաընկերությունով ցուցադրվող «Օդից փող» հեռուստախաղին: Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Ալվինա Պետրոսյանն ասաց, որ իր ընտանիքը 18 հազար դրամ է վճարելու այդ հեռուստախաղի պատճառով: Նրա վկայությամբ՝ հեռուստախաղի ժամանակ, սովորականի նման, տրվել է բավական հեշտ հարց, որին պատասխանելու համար իր երեխան զանգահարել է եթերում հայտարարված հեռախոսահամարին, սակայն զանգերն անպատասխան են մնացել: Եվ այդպես երկար ժամանակ: Սակայն այդ ամբողջ ընթացքում իրենցից գանձելու համար գումար է հաշվարկվել՝ րոպեն 540 դրամով: Նույն կերպ սահմանամերձ Բաղանիս գյուղից մի ընտանիք զրկվել է 10 հազար դրամից: Փորձեցինք նշված հեռուստախաղի կազմակերպիչների հեռախոսահամարներն իմանալ, նրանցից պարզաբանումներ ստանալ, սակայն ապարդյուն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
7 ԿՈՎ ՊԱՅԹԵԼ Է
Օգոստոսի 21-ի առավոտյան՝ ժամը 9-ն անց 30-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղի սահմանագոտում, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում հակահետեւակային ականների վրա 7 կով է պայթել: Դրանք պատկանում էին Ոսկեպարի 3 բնակչի: Կովատերերից մեկին հաջողվել է Ոսկեպար գետն անցնելով՝ վիրավոր մեկ կովի հանել եւ սպանդի ենթարկել: Վիրավոր կովը ականի վրա պայթելով՝ զառիվայրից դեպի գետի ափն էր գլորվել:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶՈՎ
Լոռու մարզում ընթացիկ տարում գրանցվել է կապույտ հազով վարակվածության 5 դեպք, որից վերջինը՝ երկու տուժածով, գրանցվել է օրերս: «ժողովուրդ»-ի հետ զրույցում հիվանդությունների կանխարգելման կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանն ասաց, որ վերջին դեպքի ժամանակ մայրն է վարակվել իր փոքրիկից կապույտ հազով, քանի որ ծնողները հրաժարվել էին պատվաստել 7-ամյա փոքրիկին: Երեխան բուժումն ստանալուց հետո մի քանի օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մայրը, ով հղիության 36-րդ շաբաթում է գտնվում, համապատասխան ստացիոնար բուժում է ստացել, վիճակը կայունացել է, եւ երեկ արդեն նա եւս դուրս է գրվել հիվանդանոցից: Մասնագետի խոսքով՝ կնոջ առողջությանն ու հղիությանը այլեւս վտանգ չի սպառնում: Հովհաննիսյանը բնակչությանը հորդորում է՝ ժամանակին ստանալ համապատասխան պատվաստումներն ու չվտանգել ոչ միայն սեփական, այլ նաեւ դիմացինի առողջությունը, քանի որ, ըստ նրա, կապույտ հազով մարդիկ վարակվում են օդակաթիլային ճանապարհով:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր