2015-ի սեպտեմբերից մեկնարկել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսված է տեխնիկապես հագեցնել դահլիճը եւ բեմը: «Ժողովուրդ»-ը Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանից հետաքրքրվեց` վերազինման, կոսմետիկ վերանորոգման աշխատանքները երբ կավարտվեն, եւ նոր եթերաշրջանում ինչ է սպասվում հանդիսատեսին:
-Պարո՛ն Էլբակյան, վերանորոգման աշխատանքների ծայրը երեւո՞ւմ է:
-Աշխատանքները գնում են առաջ, սպասվում է, որ կունենանք նոր, ժամանակակից դահլիճ եւ բեմ: Շինարարությունը նոր շինարարություն է բացում, այնպես որ ստույգ վերջնաժամկետ նշել չեմ կարող, բայց երեւի հոկտեմբերին այս ամենի վերջը կերեւա: Ամեն դեպքում, դեռ բավական գործ կա անելու:
-Առաջիկա թատերաշրջանում հանդիսատեսին ի՞նչ է սպասվում:
-Պատրաստվում ենք հանդիսատեսի դատին հանձնել «Պեպո»-ն. նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Բացի այդ` երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը ղարաբաղյան թեմայով ներկայացում կբեմադրի:
-Սունդուկյանցիները Ձեզ հետ մեծ հույսեր են կապում: Սա պարտավորեցնող չէ՞: Ինչպե՞ս եք պատրաստվում գործել` այդ հույսերն արդարացնելու համար:
-Ես, իհարկե, ուրախ եւ շնորհակալ եմ այդ առիթով, ես էլ իրենց հետ եմ հույսեր կապում: Մեր ստեղծագործական հարաբերությունները բոլորովին նոր փուլ են թեւակոխել: Առհասարակ, դերասանի եւ ռեժիսորի հարաբերությունները նման են ամուսնու եւ կնոջ կապին. նրանք պետք է փոխադարձ սիրեն, լրացնեն միմյանց, կարծում եմ` դա մեզ կհաջողվի: Որպես գեղարվեստական ղեկավար` ես նաեւ հայրական վերաբերմունք ունեմ դերասաններից շատերի հանդեպ. այս դեպքում դու յուրաքանչյուրի ճակատագրի մասին մտածում ես: Այս ամենը պետք է փորձենք պահել, պարզապես թատրոն ասվածը մեկ օրում չի ստեղծվում. դա երկարատեւ, բարդ գործընթաց է, ինչի արդյունքում թատերախումբը հանգում է ընդհանուր մտածողության եւ գեղագիտության:
-Հետաքրքիր է` ավագ սերնդի դերասանների հետ, որոնցից ոմանք տարիքով մեծ են Ձեզնից, ի՞նչ հարաբերությունների մեջ եք: Նրանց հետ հե՞շտ է աշխատելը:
-Այդ դերասաններից, ցավոք, շատ քիչ մարդ է մնացել, ոմանք, օրինակ, հիվանդ են (Աստված նրանց ուժ ու եռանդ տա, որ շարունակենք մեր համատեղ աշխատանքը), իսկ ովքեր կան, նրանց հետ լավ հարաբերություններ ունենք թե՛ ստեղծագործական, թե՛ անձնական կյանքում:
-Իսկ Մայր թատրոնը բաց կլինի՞ երիտասարդ կադրերի, օրինակ` ռեժիսորների, դրամատուրգների առաջ:
-Թատրոնում այս պահին շատ երիտասարդներ կան, նույնիսկ, եթե ուզում եք ճիշտն իմանալ, չափից ավելի շատ (ծիծաղում է): Վստահ եղեք, որ եթե լինեն այնպիսի ուժեր, որոնք կհամապատասխանեն թատրոնում հաստատելիք գեղագիտությանը, եւ կլինեն կադրեր, որոնք կունենան աստվածատուր ունակություններ, նրանք փողոցում չեն մնա:
-Շատ է խոսվում այն մասին, որ Մայր թատրոնը պետք է ժամանակի հրամայականներին ընդառաջ գնա, փորձի ձեռքը պահել դարի զարկերակին: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Այո՛, թատրոնը պետք է կարողանա ճիշտ զգալ ժամանակը եւ պետք է փորձի իր ժամանակի ճիշտ թարգմանը լինել, բարձրացնել այնպիսի խնդիրներ, որոնք մարդուն պետք են համաշխարհային քաոսից ազատագրվելու համար: Համաշխարհային իրականությունը մի մեծ քաոս է, որտեղ տարբեր մտքեր են թեւածում` ե՛ւ բարոյական, ե՛ւ անբարոյական: Թատրոնը պետք է խնդիրների լուծում առաջարկի կամ գոնե մարդկությանը հնարավորություն տա մտորելու` ինչպիսին է մեր իրականությունը, եւ ինչպիսին է լինելու վաղվա օրը:
ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է ՈՒ ԶԱՅՐԱՑԱԾ
Արդեն հայտնի է, որ Երեւանում գործող տարբեր կազմակերպությունների վաճառվել են Հայաստանի ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված կեղծ համերգի տոմսեր։ Այս մասին News.am-ին հայտնել է խաբեությունից տուժած կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։ Որպես քաղաքապետարանի աշխատող ներկայացած ոմն մեկը նրան ասել է, թե իբր տոմսերի վաճառքից ստացված գումարները փոխանցվելու են Խանամիրյանի ընտանիքին: Ենթադրյալ համերգը պետք է տեղի ունենար օգոստոսի 20-ին` ժամը 19։00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Սակայն նշված օրը եւ ժամին թատրոնի մոտ են հավաքվել մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ ու պարզել, որ ոչ մի համերգ էլ տեղի չի ունենալու։
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վանուշ Խանամիրյանի ստեղծած «Բարդիներ» պարախմբի գեղարվեստական ղեկավար, արտիստի դուստր Գայանե Խանամիրյանի հետ: Ուշագրավ է, որ նա կատարվածի մասին առաջինը տեղեկացավ մեզանից եւ դրան արձագանքեց արցունքներով:
«Էս ինչ վատ բան ասացիք, սիրտս վատացավ…Հորս պես ազնիվ մարդու անունը բա կարելի՞ է այդպես շահարկել, բա չե՞ն ամաչում այդ մարդիկ, տեսնես` որ մի այլանդակն է նման բան արել…»,-վրդովվեց նա:
Տիկին Գայանեն իրեն առանձնակի վիրավորված զգաց այն հանգամանքից, որ խաբեբաները շահարկել են նաեւ Խանամիրյանի ընտանիքի անունը. «Ախր մեր ընտանիքից միայն ես եմ մնացել, մայրս էլ չկա, ես միակ ժառանգն եմ: Ստացվում է` ի՞նձ պետք է փոխանցվեր այդ գումարը: Ասեմ, որ ես երբեք ձեռքս չեմ պարզել եւ ոչ ոքից ոչինչ չեմ խնդրել կամ պահանջել, ոչ էլ երբեւէ կանեմ նման բան: Դա մեր ընտանիքում ընդունված չէ: Եվ հետո, փառք Աստծո, ամեն ինչ էլ ունեմ` տուն, աշխատանք, իմ ինչի՞ն էր պետք այդ գումարը: Կարեւորը իմ խիղճը հանգիստ է: Ամեն դեպքում, շատ կցանկանայի նայել խաբեբաների աչքերի մեջ: Սա շատ տհաճ բան է, շատ…»,-զայրացած մեկնաբանեց նա` հավելելով, որ անպայման կհետաքրքրվի գործի մանրամասներով եւ հետեւողական կլինի, որ խաբեբաները բացահայտվեն:
Ավելացնենք, որ ըստ վերոնշյալ աղբյուրի՝ մոտավոր հաշվարկներով խաբեության ճանապարհով կեղծ համերգի «կազմակերպիչները» մոտ 700 հազար դրամ գումար են շորթել։ Տվյալ ահազանգով ստացված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե։
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՈՒՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը նախաձեռնել է «Անատոլիայի մշակութային ժառանգությունը» անվանումով հատուկ նախագիծ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները բացահայտել եւ հաշվարկել են ամբողջ Թուրքիայի տարածքում ազգային փոքրամասնությունների թողած պատմամշակութային շինությունների քանակն ու դրանց ներկայիս վիճակը: «Ակօս» թերթի փոխանցմամբ` Թուրքիայում առկա 10.000 պատմամշակութային կոթողներից 4.600-ը հայկական են, 4.100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրեական: Գրեթե բոլոր պատմական կոթողների անունները թրքացված են: Այս հուշարձանների զգալի մասը մատնված է անուշադրության եւ պահպանության տակ առնվելու լուրջ կարիք ունի:
Ըստ հետազոտության՝ ամենաշատ հայկական պատմական շինություններն առկա են Մուշում՝ 401 պատմական կառույց, Մուշին հաջորդում է Բիթլիսը՝ 325 շինությամբ, այնուհետեւ Խարբերդը՝ 323 հին հայկական շինություններով: Դրանց են հաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան, Դերսիմը: Տասնյակը եզրափակում է Վանը՝ 185 կառույցով:
Հիմնադրամի պատասխանատուները հայտարարել են, որ իրենց ստեղծած նոր արխիվը բաց է բոլորի համար:
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
2016-ի ապրիլին մահացած ամերիկացի հայտնի երգիչ, երաժիշտ Փրինսը, ամենայն հավանականությամբ, թմրանյութերը ձեռք էր բերել ապօրինի: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Գործակալության փոխանցմամբ` երգչի տանը գտնված որոշ դեղահաբեր պարունակել են ֆենտանիլ, որի տարածումը գտնվում է դաշնային վերահսկողության տակ: Իսկ Փրինսին իր կյանքի վերջին մեկ տարվա ընթացքում նման դեղերի ձեռքբերման համար ոչ մի ուղեգիր չի տրվել, ուստի ֆենտանիլը հնարավոր է եղել ձեռք բերել միայն սեւ շուկայից: Սակայն դեռեւս անհայտ է, թե ինչ ճանապարհով են թմրանյութերը հայտնվել երաժիշտի մոտ:
Հիշեցնենք, որ Փրինսը մահվանից օրեր առաջ բուժվում էր թմրանյութերի գերդոզավորումից:
ՍԵՔՍՆ ՈՒ ԴԱՍԵՐԸ
Հայտնի ռուս պոռնոաստղեր Ելենա Բերկովան եւ Անգելինա Դորոշենկովան Պետդումային «Սեքսի դասեր՝ աշակերտների համար» ծրագիր են առաջարկել: Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնի դերասանուհիները նամակով դիմել են Պետդումայի կրթության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովին՝ առաջարկելով կատարելագործել դպրոցական ծրագիրը:
Նրանք հստակ նշել են այն ուղղությունները, որոնցով պետք է դաստիարակել դպրոցականներին՝ անվտանգության միջոցներ, սեքսով զբաղվելու մշակույթ, իրավաբանական պատասխանատվություն, անկանոն սեռական կյանքի հետեւանքներ եւ այլն:
Թե ինչ պատասխան են ստացել դերասանուհիները, դեռեւս հայտնի չէ: