ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաք Երեւանում

Երեկ մի խումբ քաղաքացիներ, այդ թվում նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատները, փաստաբաններ, Զարուհի Փոստանջյանը եւ Դավիթ Սանասարյանը ՄԻՊ գրասենյակում պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպումից հետո երթով շարժվեցին դեպի արդարադատության նախարարություն: Նրանք պահանջում են «Սասնա ծռեր» խմբավորման անդամների համար պատշաճ բուժօգնություն ապահովել:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ժառանգը ինչպե՞ս կարող է ստանալ իրեն հասանելիք գումարը, եթե ունի երկքաղաքացիություն: Եվ կցանկանայի իմանալ նաեւ՝ եթե ժառանգություն ստացողը զինծառայող է, ապա ինչպե՞ս է կարգավորվում նրա գումարը ստանալու գործընթացը:

Գայանե Հովակիմյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երկքաղաքացիության հանգամանքը որեւէ կերպ չի սահմանափակում անձի իրավունքները կուտակային բաղադրիչում: Եթե երկքաղաքացիություն ունեցող անձը բազային եկամուտ է ստանում Հայաստանում, ապա նա պարտավոր է կատարել նպատակային սոցիալական վճարներ: Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, նա կարող է միանվագ ստանալ իր խնայողությունները, եթե հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից եւ մշտական բնակության նպատակով մեկնի Հայաստանից:
Տեղեկացնում ենք, որ կուտակային կենսաթոշակային ակտիվների ժառանգման հետ կապված հարաբերությունները, ինչպես այդ ակտիվների կուտակման, այնպես էլ դրանց կենսաթոշակի վերածելու փուլում կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Պարտադիր բաղադրիչի մասնակցի՝ կենսաթոշակային ակտիվների կուտակման փուլում մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ակտիվները փոխանցվում են ժառանգի կուտակային կենսաթոշակային հաշվին (բացառությամբ, եթե ժառանգը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի եւ չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ): Ժառանգը կենսաթոշակային այդ ակտիվների՝ միայն հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկ չափը կարող է ստանալ կանխիկ:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե օտարերկրացի ժառանգն ունի անհատական կենսաթոշակային հաշիվ իր բնակության վայրում, ապա կարող է իր հաշվին առկա գումարը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միանվագ փոխանցել իր բնակության վայրի անհատական կենսաթոշակային հաշվին:

 

 

 
ՀԱՐՑ. Արդյոք ԱՄՆ ուսման նպատակով մեկնելու դիմումները այն դեպքում, երբ քաղաքացին համապատասխանում է բոլոր չափանիշներին եւ չունի որեւէ խնդրահարույց տվյալ, դեսպանատունը կարող է մերժել առանց հիմնավորման: Ո՞րն է պատճառը, որ մարդու իրավունքների ջահակիրը հանդիսացող Միացյալ Նահանգների դեսպանատունը սահմանափակում է ԱՄՆ-ում ուսում ստանալու ՀՀ օրինապաշտ քաղաքացիների իրավունքը: Կոնկրետ ես արդեն երկու անգամ առանց հիմնավորման մերժում եմ ստացել, դիմել եմ երրորդ անգամ: Խնդրում եմ պարզաբանել:

Կարինե Տոնոյան (21 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վիզաների հետ կապված առանձին գործեր քննարկելու իրավասություն մենք չունեք: Վիզայի շատ ու շատ դիմումներ բավարարվում են, իսկ ուսանողական վիզայի մերժման հիմքերը սահմանված են ԱՄՆ օրենսդրության համաձայն: Դիմումը կարող է մերժվել, եթե հյուպատոսական պաշտոնյան չունի բավարար հիմքեր վիզայի տրամադրման համար, քանի որ դիմողը չի համապատասխանում վիզայի տվյալ տեսակի պահանջներին կամ հյուպատոսական պաշտոնյայի մոտ չկա համոզմունք, որ վիզան կկիրառվի պատշաճ կերպով, եւ որ դիմողը օրինական ուսանող է կամ ունի ամուր կապեր Հայաստանի հետ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի հետ կապված մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում: Հաճախ դիմումատուներին որեւէ բացատրություն չի տրվում, թե ինչու են նրանք զրկվում ԱՄՆ մեկնելու հնարավորութունից այն դեպքում, երբ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացված են, եւ չկա որեւէ խոչընդոտ: Իհարկե, մուտքի վիզայի տրամադրումը հյուպատոսի իրավունքն է եւ կարող է որոշ չափով կրել կամայական, սուբյեկտիվ բնույթ, սակայն երբ քաղաքացիներին առանց որեւէ բացատրության ուղղակի ասվում է՝ մերժված եք, դա բավականին նվաստացուցիչ եւ մարդու իրավունքների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք է, առավել եւս ԱՄՆ ուսանելու համար մեկնողների դեպքում:




Լրահոս