Ինչո՞ւ ՀՔԾ-ն անուններ չի նշում. ովքե՞ր են լրագրողների գործունեությանը խոչընդոտած անձիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերթական հաղորդագրությունն էր տարածել, որտեղ նշում էր, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հանցագործություններ կատարելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար երկու անձանց եւս մեղադրանքներ են առաջադրվել:

«Քաղաքացիներ Ա. Տ.-ին և Ֆ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Ուշագրավն այն է, որ նույն քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական ծառայությունը շարունակ տեղեկատվություն է տարածում` հայտնելով, որ տարբեր անձանց մեղադրանքներ են առաջադրվում, սակայն մեզ համար այդպես էլ անհայտ է մնում` ովքեր են այդ մարդիկ և ինչ կապ ունեն լրագրողների ծեծի իրական դրվագի հետ:

Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ ՀՔԾ-ն որեւէ անուն չի նշում, անհայտ է, բայց այն, որ այդ երեւույթը նորմալ չէ, դա փաստ է, նամանավանդ այն բանից հետո, երբ լրագրողները, դատապարտելով Սարի թաղում կատարված դեպքերը, հանդես եկան հստակ պահանջներով` 2 ամիս ժամանակ տալով իշխանությանը բացահայտելու կատարված դեպքերը:

«Սա Հայաստանում կարելի է ասել աննախադեպ ակցիա է, քանի որ տարբեր դիրքորոշում ու պատկերացում ունեցող մի շարք խմբագիրներ գործող իշխանությանը կոնկրետ պահանջներ են ներկայացնելու` տալով վերջնաժամկետ: Ինչպես հայտնի է՝ հուլիսի 29-ին Սարի թաղում քաղաքացիական հագուստով անձինք ոստիկանների թիկունքից հարձակվեցին լրագրողների վրա ու թիրախավորված ծեծի ենթարկեցին մեր գործընկերներին, կոտրեցին մասնագիտական գործիքները»,- հայտարարել էին մեդիադաշտի 15 ներկայացուցիչները:

Գուցե, այս մասով կատարվող աշխատանքների տեմպերը լավ են ընթանում, բայց պետք է մենք` լրագրողներս, իմանանք, թե ովքեր եւ ինչի համար են ձերբակալվում, ոչ թե շարունակ հետեւենք, թե ինչպես են անբացահայտ մեղադրանքներ առաջադրվում մարդկանց, եւ այդպիսով նրանց դարձնելով քավության նոխազ` «նստացնում»:

Արփինե Թովմասյան




Լրահոս