Սարի թաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած բախումների գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել դատարան:
Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին ու Էդուարդ Զեյթունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 19-ին` ժամը 20.00-ի սահմաններում, Խորենացու փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Սարի թաղում հուլիսի 19-ի երեկոյան ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներ էին տեղի ունեցել, որի հետևանքով եղել են նաև տուժողներ: Համաձայն դեպքի հաջորդ օրը տարածված հաղորդագրության` Խորենացու փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն էին գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Ոստիկանության 6 ծառայող տուժող էր ճանաչվել: