ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ դրա կատարմանը ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալի մասնակցության վերաբերյալ։
2016 թվականի մարտ ամսին քաղաքացի Գ. Աբրահամյանից ահազանգ է ստացվել առ այն, որ մարտի 9-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ վերցրել է խոշոր չափի արժողության ոսկյա վզնոցը՝ րոպեներ անց այն վերադարձնելու պայմանով, սակայն չի վերադարձել և ոչ էլ գումարն է վճարել:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Քննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ վերջինս միայնակ չի գործել և ունեցել է հանցակից, բացի այդ, բացահայտվել են խարդախության նոր դրվագներ և դրանց մեխանիզմը։
Նախնական քննության տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը, տեղեկանալով տարբեր քաղաքացիների կողմից վաճառվող ապրանքների մասին, քրեակատարողական հիմնարկի տարածքից բջջային հեռախոսով հեռախոսազրույց է ունեցել նրանց հետ, պայմանավորվածություն ձեռք բերել՝ դրանք գնելու վերաբերյալ՝ առանց պատշաճ տեղեկություն տրամադրելու իր ինքնության և գտնվելու վայրի մասին։
Պայմանավորվածության համաձայն՝ վաճառվող ապրանքը ձեռք բերելու նպատակով հանդիպման է գնացել մեկ այլ անձ, և վերջինիս միջոցով իրականացվել ուրիշի գույքի՝ խարդախությամբ հափշտակումը։
Մասնավորապես՝ որպես պոտենցիալ գնորդի ներկայացուցիչ հանդիսացած անձը թանկարժեք զարդ կամ բջջային հեռախոս, որևէ այլ գույք վաճառող քաղաքացուց վերցրել է այն՝ խոստանալով գումարը վճարել րոպեներ անց՝ մոտակա տարածքում նշված ապրանքի որակն ստուգելուց հետո, սակայն գումարը չի վճարել և ոչ էլ գույքն է վերադարձրել՝ խարդախությամբ տիրանալով դրան։
Նախաքննության ընթացքում ստացվել են նոր ահազանգեր՝ նշված եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ, որոնց ուղղությամբ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն։
Տեղեկացնելով տարածված հանցագործության այս եղանակի մասին՝ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ կասկածելի գործարքներից:
Հ.Գ. Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել է, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում տեսչական հսկողության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արսեն Դանիելյանի որդին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից մի շարք քաղաքացիների գույքը հափշտակելու մեղադրանքով գործի քննությանը:
Սակայն, ինչպես հայտնի է, խարդախությունից բացի՝ Ս. Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ 2016թ. ապրիլի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորներին պահելու համար նախատեսված խցից փախուստի դիմելու համար:
Քրգործը մայիսի 11-ին ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հունիսի 13-ին հրապարակված դատավճռով Ս. Դանիելյանը փախուստի համար դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման»: