«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը իր առաջիկա նիստում որոշելու է մոտ 25 հեկտար հողատարածք տրամադրել նոր աղբանոցի տեղակայման նպատակով։ Հողատարածքը գտնվում է Երևանի վարչական սահմաններում, սակայն պատկանում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։
Առաջին հայացքից որոշումը իր մեջ առանձնահատուկ ոչինչ չի պարունակում, մանավանդ որ նախագծի հիմնավորումների մեջ նշված է, թե ներկայումս գործող Նուբարաշենի հայտնի աղբանոցը չի համապատասխանում որոշակի չափանիշների, և պետք է կառուցվի նորը։ Սակայն որոշման նախագծում հանձնարարական կա, ըստ որի պետք է ապահովվի տվյալ տարածքում առկա «անտառային հողը ոռոգման ջրով սնուցող 150 մմ տրամագծով խողովակաշարի շուրջ 800 մ երկարությամբ հատվածի և մետաղական ցանկապատի ապամոնտաժումը, տեղափոխումը և վերատեղադրումը։ Այլ կերպ ասած, նոր աղբանոցի համար տրամադրվող տարածքի առնվազն մի մասը «անտառային հող է», որը անգամ ապահովված է ոռոգման ջրով: Թե որտեղ է գտնվում հողատարածքը և այդ ինչ անտառային հողի մասին է խոսքը, որոշման նախագծում չի կոնկրետացվում։ Նշվում է միայն, որ նոր տարածքը գտնվում է հին աղբանոցի հարակից տարածքներում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։