Մասիսի քաղաքապետի թեկնածուն մեկ օր անհետանալուց հետո ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. թեժացած կրքեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական կրքերն Արարատի մարզի Մասիս քաղաքում գնալով ավելի են թեժանում:

Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Մասիսի գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը որոշել է աջակցել երիտասարդ կուսակից Դավիթ Համբարձումյանին` «Թույների Մհերի» որդուն, քանի որ քաղաքապետի որդուն պաշտոն են խոստացել։ Սաշա Հակոբյանի որդին՝ Հովհաննես Հակոբյանը, ավելի ուշ նշանակվեց Մասիսի անձնագրային ծառայության պետ։

ՀՀԿ-ական թեկնածուն հակառակորդներին չեզոքացնելու օպերացիան, պարզվում է, չի եզրափակել:

Մասիսում տիրող իրավիճակի մասին ArmLur.am-ին ուշագրավ տեղեկություններ հասան: Պարզվում է՝ ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն` Կարապետ Օհանյանը, ինքնաբացարկ է ներկայացրել: Իսկ ո՞րն է պատճառը:

Երեկ ողջ օրը Կ. Օհանյանն անհետ կորած է եղել: Թե´ կուսակիցների, թե´ հարազատների որոնողական ջանքերն ապարդյուն են անցել: Ուշ երեկոյան արդեն ԲՀԿ-ականը հայտնվել է: Կեսգիշերին Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուի նախընտրական շտաբ են այցելել ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, կուսակցության քաղխորհրդի անդամներ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), Վահան Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը և այլք: Նրանք շտապել են Կարապետ Օհանյանի մոտ՝ հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունեցել, ով է առևանգել իրենց կուսակցին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Օհանյանի երեք որդիները:

BHK-akanner

Եվ այստեղ էլ ԲՀԿ-ական թեկնածուն հայտարարել է ինքնաբացարկ հայտնելու իր մտադրության մասին: Շտաբում աղմուկ է բարձրացել: Օհանյանի կուսակիցները փորձել են պարզել անսպասելի որոշման պատճառը: Երկար համոզելուց հետո միայն Կարապետ Օհանյանը ներկայացրել է ողջ եղելությունը:

Ըստ նրա` ինքը հանդիպել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի` Դավիթ Համբարձումյանի հետ: Վերջինս իրեն առաջարկել է ինքնաբացարկ հայտնել` դրա դիմաց յուղոտ պաշտոններ առաջարկելով: Նախ, նա հայտնել է, որ փոքր որդուն, ըստ պայմանավորվածության, կտրվի Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնը, իսկ իրեն «կտեղավորեն» ավելի բարձր դիրքերում: Ավելին, Դավիթ Համբարձումյանը հայտնել է, որ այս ամենն «առաջինի մակարդակով» ճշտված և համաձայնեցված է: Առաջին ասելով` նկատի է ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին:

176480
ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Համբարձումյան

Քաղաքապետի թեկնածուն էլ, ըստ երևույթին, գայթակղությանը չդիմանալով` նույն օրը` առանց կուսակիցների հետ խորհրդակցելու, ընդունել է առաջարկը: Մինչդեռ մինչ թեկնածություն առաջադրելը, նա վստահեցրել է կուսակիցներին, որ միայն բարոյական աջակցությունը բավական է, որպեսզի ինքը հաղթի, քանի որ իր մոտ կան այնպիսի ֆոտոներ, թե ինչպես է Դավիթ Համբարձումյանը հուլիսի 29-ին Սարի թաղում ուղղորդում ոստիկաններին՝ ջարդել ցուցարարներին ու բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ:

Տեղեկացնենք, որ երեկ արդեն Կարապետ Օհանյանի 3 որդիներն են վիճաբանել ԲՀԿ վերնախավի ներկայացուցիչների հետ՝ ասելով, թե ԲՀԿ-ն իրենց համար խնդիրներ է առաջացնում, իրենք լրջագույն պրոբլեմներ ունեն, որոնք կուսակցությունը չի կարող լուծել: Կարելի է ասել՝ գիշերը ԲՀԿ շտաբում «կռիվ էր ընկել»:

ArmLur.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել ԲՀԿ շտաբում:

vahe-enfiajyan
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան

«Այո´, երեկ գիշերը մեր կուսակցության նախագահը քաղխորհրդի անդամների հետ գնացել է Մասիս՝ հասկանալու, թե ուր է անհետացել մեր թեկնածուն: Ողջ օրը նրան էինք փնտրում: Սակայն նա կուսակցության ներկայացուցիչներին բացատրել է, որ այլևս չի կարող պայքարել, ինքնաբացարկ է հայտնելու»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Իրավիճակի շուրջ առավել մանրամասն տեղեկություններ իմանալու համար ArmLur.am-ը կապ հաստատեց ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուի հետ:

185164
ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարապետ Օհանյան

-Պարո´ն Օհանյան, քիչ առաջ Դուք ինքնաբացարկ եք ներկայացրել` հրաժարվելով Մասիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց: Ի՞նչն է նման որոշում կայացնելու պատճառը:

-Ես հասկացա, որ ես պատրաստ չեմ ընտրությունները հաղթահարելու, դրա համար:

-Իսկ ինչո՞ւ հիմա դա հասկացաք. ո՞վ բացատրեց ձեզ, որ նման բան որոշեցիք:

-Հիմա որոշեցի. խնդիրը կար, վերջնականապես հասկացա, որ եթե պետք է գիտակցաբար գնալ պարտության. դա ինձ պետք չէր:

-Պարո´ն Օհանյան, ինչ-որ ճնշումներ եղե՞լ են Ձեր նկատմամբ:

-Ճնշումներ չեն եղել: Անձնապես իմ հանդեպ ոչ մի բան չի եղել:

-Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ի թեկնածուն Ձեզ պաշտոն է առաջարկել: Ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը:

-Ինձ ոչինչ չեն առաջարկել. դա իմ անձնական որոշումն է եղել, նման բան չկա:

-Ըստ նույն տեղեկությունների` Ձեր որդուն առաջարկել են փոխքաղաքապետ դառնալ:

-Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, եթե Դուք տեղյակ եք ու այդ մարդը կա, որ դեռ ընտրությունները չավարտած բաներ պետք է ասի, ես չգիտեմ: Ժամանակը ցույց կտա:

Զրուցեցինք Մասիսից ընտրված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հ հետ:

Tigran-stepanyan-600x367
Մասիսից ընտրված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյան

-Պարո´ն Ստեփանյան, ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն կուսկացության նիստ է հրավիրել և որոշում է կայացրել Մասիսի քաղաքապետի ընտրություններին առաջադրված, այժմ ինքնաբացարկ հայտարարած Կարապետ Օհանյանին հեռացնել կուսակցությունից:

-Մենք այսօր հեռացրել ենք ԲՀԿ Մասիսի կառույցի խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից:

 -Իսկ ի՞նչն է հիմնական պատճառը, նրա ինքնաբացարկ հայտարարելու որոշո՞ւմը:

-Այո, ինքնաբացարկն է եղել պատճառը:

-Տեղեկություններ կան, որ Կարապետ Օհանյանին ՀՀԿ-ի թեկնածուն պաշտոն է խոստացել:

-Չգիտեմ, տեղյակ չեմ:

ArmLur.am-ը զրուցեց նաև ՀՀԿ-ական թեկնածու, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի հետ:

176480
ՀՀԿ-ական թեկնածու Դավիթ Համբարձումյան

-Պարո´ն Համբարձումյան, ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Մասիսի քաղաքապետի ընտրություններին առաջադրված ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանին հանդիպել եք և նրան պաշտոն եք խոստացել, ինչի պատճառով վերջինս ինքնաբացարկ հայտարարեց:

-Ես պարոն Օհանյանին չեմ հանդիպել, նման հանդիպում չի եղել: Մենք պաշտոններ չենք շռայլում. չեմ հասկանում` ինչի մասին է խոսքը: Դեռ ընտրություններին ահագին ժամանակ կա, սպասենք ընտրությունները վերջանան, նոր, կարծում եմ, ճիշտ կլինի պաշտոններից խոսել, հետագա անելիքների մասին խոսել:

-Ըստ նույն տեղեկության` Կարապետ Օհանյանին խոստացել եք իր որդուն փոխքաղաքապետ նշանակել…

– Նման խոսակցություն չկա. ես չգիտեմ` որտեղից են այդ խոսակցությունները:  Կարծում եմ` ինչ որ լուրեր են տարածվում. չգիտեմ` ինչ-ինչ նպատակներով:

Արփինե Թովմասյան

 




Լրահոս