Գեղարքունիքի մարզի 130 բնակիչ ունեցող Անտառամեջ գյուղում հոկտեմբերի 2-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: Առաջադրված թեկնածուներն դեռևս երկուսն են՝ ՀՀԿ-ականներ Կառլեն Մարտիրոսյանը, ով գործող համայնքի ղեկավարն է և Սմբատ Սարիբեկյանը, վերջինս ինքնառաջադրվել է:Նշենք, որ ՀՀԿ-ական Կառլեն Մարտիրոսյանն արդեն 7 տարի է Անտառամեջ համայնքի ղեկավարն է, ում առաջադրել է ՀՀԿ կուսակցությունը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Անտառամեջ համայնքի ղեկավարի հետ:
-Ինչո՞ւ ՀՀԿ-ն հենց Ձեզ առաջադրեց թեկնածու, այլ ոչ թե Սմբատ Սարիբեկյանին:
-Ես յոթ տավա փորձ ունեմ, իսկ նա երեկվա երեխան ա: Դե՛ ինքն էլ, համենայնդեպս, պայքարում է:
-Իսկ ՀՀԿ-ն Ձեզ աջակցու՞մ է գալիք ընտրություններում:
-Ոչ, ոչ-ոք բացարձակապես:
-Ինչո՞ւ եք այդքան վստահ, որ հենց դուք եք անցնելու:
-Կատարած աշխատանքի, չարչարանքի վրա:
–Իսկ այս 7 տարվա մեջ ի՞նչ եք արել գյուղի համար, կամ ի՞նչն եք կիսատ թողել , որ այս տարի առաջադրվելով ուզում եք շարունակեք:
-Եթե ոչ մի բան չէ, ապա գյուղի կամանդիրն եմ եղել, հրամանատարը պատերազմի ժամանակ: Բոլորն էլ իմ զինակիցներն են, իմ զինվորները: Ամեն ինչով աշխատել եմ ժողովրդի համար օգտակար լինեմ: Ջրագծերի 30% վերանորոգել եմ, երևի կշարունակեմ վերանորոգել և ճանապարհները պետք է նորոգվեն:
-Պարո՛ն Մարտիրոսյան, գումար բաժանելո՞ւ եք բնակիչներին քվեի համար:
-Այս գյուղն ունի 130 ընտրող և բոլորս մեկս մյուսի հետ բարեկամական հարաբերությունների մեջ ենք, իմ տոհմն էլ ամենամեծն է գյուղում, բնական է, որ իմ ընտրողներն ավելի շատ են լինելու:
Լիդա Եղիազարյան