ԼՂՀ դատախազության պարզաբանումը Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով քրգործի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի օգոստոսի 29-ին ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմը տարածել է հայտարարություն, ըստ որի մարդու իրավունքների պաշտպանը անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂՀ դատախազությունը հրապարակայնորեն ներկայացնի 2016թ. հունիսի 6-ին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հանցագործության վերաորակման իրավական և փաստական հիմնավորումը: Ընդ որում, ՄԻՊ աշխատակազմը ցանկալի է համարել, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար:

Ելնելով վերոգրյալից` ԼՂՀ դատախազությունը տալիս է հետևյալ պարզաբանումը.

Մարդուն առևանգելու հանցագործության հասկացությունը և դոկտրինալ մեկնաբանությունը տրված է ԵՊՀ-ի կողմից բազմակի հրատարակված <<Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք>> դասագրքում /խմբագրությամբ` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ.Ս.Ղազինյան/:

Մարդուն առևանգելու հանցագործության օբյեկտիվ կողմն են կազմում այն գործողությունները, որոնք դրսևորվում են մարդուն` նրա կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով: Այսինքն` առևանգման օբյեկտիվ կողմը նշված երեք գործողությունների ամբողջությունն է` հաջորդաբար կատարվող: Մարդուն առևանգելու հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ, իսկ հանցակազմը ձևական է:

ԼՂՀ քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` <<Եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա>>: Ինչպես երևում է հոդվածի նշված մասի մեկնաբանությունից, ձևական հանցակազմ ունեցող հանցագործությունները կարող են կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Քրեական իրավունքի տեսության համաձայն, ինչպես նաև ըստ ԼՂՀ քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակության` առևանգումը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` անձը պետք է գիտակցի տուժողին առևանգելու հանգամանքը և ցանկանա դա կատարել: Ինչպես հայտնի է քրեական իրավունքի տեսությունից` «գիտակցելը» ուղղակի դիտավորության ինտելեկտուալ /մտավոր/ հատկանիշն է, իսկ «ցանկանալը»` կամային, և այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայությունը նշանակում է ուղղակի դիտավորության բացակայություն, իսկ եթե տվյալ հանցագործությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, նշանակում է մեղքի` հետևապես սուբյեկտիվ կողմի, ուստի և հանցակազմի բացակայություն /անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հոդվածով/:

Ինչպես վերը նշվեց, անձը պետք է գիտակցի մարդուն առևանգելու, այսինքն` նրան իր կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու, բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելու և այնտեղ պահելու հանգամանքը, և ցանկանա կատարել այդ գործողությունները: Տվյալ դեպքում մեղադրյալները գիտակցել են նշված գործողությունները կատարելու հանգամանքները, սակայն չեն ցանկացել տուժողին /Հայկ Խանումյանին/ պահել այլ վայրում, այսինքն` նրանց մոտ բացակայել է ուղղակի դիտավորության կամային հատկանիշը` ցանկանալը, որն էլ նշանակում է մարդուն առևանգելու հանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայություն` սուբյեկտիվ կողմի բացակայություն, ուստի և առևանգման հանցակազմի բացակայություն:

Առևանգելու հանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայության փաստական հիմնավորում /մեջբերում մեղադրյալների ցուցմունքներից/. <Մենք նպատակ չունեինք նրան տանեինք ինչ-որ տեղ պահեինք: Ուզում էինք տեղում մի լավ դաս տալ, որ իր նմանները մինչև բառ խոսելը մտածեն, նոր խոսեն: Սակայն, քանի որ չկարողացանք մեր ուզածը տեղում լրիվությամբ անենք, ասել ենք` տանենք ուրիշ տեղ ասելիքներս, անելիքներս անենք, նոր թողենք>: Տուժող Հ.Ռ.Խանումյանին մարմնական վնասվածք պատճառելուց հետո նրան տաքսի ավտոմեքենայով ուղարկել են նրա ցանկացած վայրը:

Իսկ այն, որ մեղադրյալների կատարած մյուս բոլոր գործողությունները ամբողջությամբ որակվում են միայն ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, պայմանավորված է նրանով, որ դրանք նույն բարդ հանցագործության տարբեր հանցավոր գործողություններն են` բռնության գործադրմամբ խուլիգանություն և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Եվ քանի որ լրացուցիչ անմիջական օբյեկտին պատճառված վնասի /առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու/ համար նախատեսված չէ առավել խիստ պատասխանատվություն, ուստի արարքը որակվում է ոչ թե հանցագործությունների համակցությամբ, այլ որպես մեկ բարդ հանցագործություն:

Ինչ վերաբերում է հանցագործության` նախաքննության ընթացքում վերաորակմանը ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերից` ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ապա ինչպես հայտնի է հանցագործությունների որակման գիտական հիմունքներից` մինչդատական վարույթում հանցագործությունների որակումը անցնում է հետևյալ փուլերով.

– հանցագործության որակում քրեական գործի հարուցման փուլում, որը կրում է նախնական, կողմնորոշիչ բնույթ, քանի որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, որպես կանոն, քիչ փաստական տվյալներ են գտնվում, որոնք անհրաժեշտ են ճիշտ որակման համար,

– հանցագործության որակում նախաքննության փուլում` որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և մեղադրական եզրակացության կազմում ու հաստատում:

Նշված փուլերում հանցագործության որակման տարբերությունը պայմանավորված է հանցագործության հանգամանքների բացահայտման աստիճանով, որի արդյունքներով հանցագործությունը կարող է որակվել ինչպես ավելի խիստ, այնպես էլ ավելի մեղմ պատիժ նախատեսող քրեաիրավական նորմով:

ԼՂՀ դատախազություն




Լրահոս