ՀՀ ոստիկանության աշխատանքից գոհ է ոչ միայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը, այլեւ հենց Սերժ Սարգսյանը: Եւ օգոստոսի 1-ին Սարգսյանի կողմից հնչեցված հրապարակային շնորհակալությունը, պարզվում է, գոհունակության միակ ժեստը չէ, որ երկրի ղեկավարն արել է ՀՀ ոստիկանության նկատմամբ: ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասկացրել է, որ նա կշարունակի պաշտոնավարել: «Մենք դեռ միասին պետք է ընտրություններ կազմակերպենք». աշխատանքը շարունակելու մոտավորապես այսպիսի բովանդակությամբ ակնարկ է արել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին: Ինչը նշանակում է, որ մինչեւ 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններ ՀՀ ոստիկանապետ կմնա Վլադիմիր Գասպարյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, սակայն նա հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել տեղեկությունը: Իսկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի հետ կապ հաստատել չհաջողվեց. ինչպես հայտնի է՝ Ս. Սարգսյանն այս օրերին արտերկրում վայելում է ամառային հանգիստը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ընտրական ցուցակների կազմման եւ մատնահետքերի հավաքագրման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է, ավելի կոնկրետ՝ միջազգային կազմակերպությունները հավաստիացրել են, որ իրենք համապատասխան գումարը՝ մոտ 16 մլն եվրո, կտրամադրեն: Սակայն, միեւնույն է, նոր համակարգը ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում ներդնել: «Բանակցություններ են սկսվել մասնագիտացած կազմակերպության հետ, որը նշել է, որ տարեվերջից շուտ հնարավոր չի լինի ապահովել տասը մատնահետքերի ներդրման համար նախատեսված տեխնիկական սարքավորումները: Այդուհետ, բանակցությունները վարվել են երկու մատնահետքի հետ կապված, բայց այդ առումով եւս նշվել է, որ պահանջվում է չորս ամիս ժամանակ»,- պարզաբանել է նախարարը:
Այս տարվա մայիսի 6-ից «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնող Սերոբ Հարությունյանը, ինչպես հայտնի է, ընդամենը մարտի 2-ին էր ազատվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Հարությունյանի պաշտոնանկությունից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հարությունյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատել է քրեական տարրերի հետ «սեղան նստելու համար»: «Ժողովուրդ»-ը, ի թիվս այլ հարցերի, Սերոբ Հարությունյանից փորձեց պարզել նրան ոստիկանությունից հեռացնելու պատճառները: «Ես ոստիկանության համակարգից չեմ հեռացվել, ինձ մարզային վարչության պետի պաշտոնից ՀՀ ոստիկանապետի հրամանով ուղարկել են կադրերի ռեզերվ: Այնուհետեւ ավելի ուշ գտել եմ նպատակահարմար, իմ դիմումի համաձայն տեղափոխվել եմ արդարադատության նախարարություն, ինձ ոչ ոք չի հեռացրել»,- պատասխանեց Հարությունյանը: Իսկ մեր ճշտող հարցին, թե, ի վերջո, քրեական տարրերի հետ սեղան նստել է, նա պատասխանեց. «Ես արդեն ասացի»:
«Սասնա ծռեր» զինված խմբավորման հուլիսյան գրոհին հաջորդող օրերին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ակտիվորեն ներգրավված էր խմբի անդամների եւ իշխանության միջեւ ընթացող բանակցությունների գործընթացում: Ու պարզվում է` բանակցությունները «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ իշխանության միջեւ դեռ շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախկին դաշնակցական, ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը դաշնակցական Արմեն Եղյանի հետ շարունակում է քննարկումները «Սասնա ծռեր» խմբի արդեն կալանավորված անդամների հետ: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը. «Ժողովուրդ»-ի այս հարցին Իսագուլյանը պատասխանեց. «Ես համարյա ամեն օր հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, դա նշանակու՞մ է, որ բանակցություննե՞ր եմ վարում: Ես կարող եմ ասել, որ ոչ մեկի հետ բանակցություններ չեմ վարում, շատ շատերի հետ հանդիպում, զրուցում եմ: Շատ հաճախ հանդիպում եմ Դավիթ Շահնազարյանին, Խաչատուր Քոքոբելյանին, Հրանտ Բագրատյանին, ում որ ճանաչել եմ մեր շարժման սկզբից, բոլոր այդ հանդիպումները, զրույցները չի նշանակում, որ բանակցություններ են»,- պատասխանեց Իսագուլյանը:
ՁԵՌՆՈՑ Է ՆԵՏՈՒՄ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրումը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծել: Փաստորեն՝ մի կողմից դեմ գնալով իր գաղափարակից ընկերների՝ «Հիմնադիր խորհրդարանի» սկզբունքային դիրքորոշմանը՝ մերժել այս իշխանությունների օրոք որեւէ ընտրության մասնակցությունը, դա համարելով այս իշխանության սահմանած խաղի կանոններով խաղալու դրսեւորում, Խանդոյանն իրեն որոշակիորեն դուրս դրեց նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» սահմանած խաղի կանոններից:
Սա ինչ-որ առումով մարտահրավեր է ոչ միայն իր՝ Խանդոյանի համար, քանի որ ակնհայտ է, որ նրա առջեւ իշխանությունները հնարավոր բոլոր խոչընդոտներն ստեղծելու են, այլեւ հենց նույն «Հիմնադիր խորհրդարանի» համար: Առավել եւս, որ Արայիկ Խանդոյանը, փաստորեն, անտեսեց Ալեք Ենիգոմշյանի հրապարակային հորդորը՝ ընտրապայքարից հրաժարվելու մասին: Երեկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մտադիր չէ ինքնաբացարկ հայտնել՝ այդպիսով վերահաստատելով, որ իր կայացրած անձնական որոշումը վեր է դասում իր գաղափարական ընկերների հավաքական դիրքորոշումից:
Ինչեւէ: Միայնակ Գայլը, թերեւս, հենց նրա համար է այս մականունը ստացել, որ մշտապես միայնակ է կայացրել իր որոշումները, եւ սա, ամեն դեպքում, հարգանքի է արժանի: Ի վերջո, նա գերադասում է օգտվել այդ պահին իրեն հասու բոլոր գործիքներից, որոնք ի վիճակի են իշխանության համար խնդիրներ առաջացնել: Ի վերջո, սա մարտահրավեր է «դասեր քաղելու» մասին հայտարարություններ անող ՀՀԿ ղեկավարի համար. ինչ անել՝ գնալ տոտալ ընտրակեղծիքների, ինչպես որ արվել է միշտ եւ ծաղկահովիտցիներին պարտադրել ՀՀԿ-ական գյուղապետի հաղթանակը, թե, այնուամենայնիվ, գոնե այս մեկ համայնքում թույլ տալ, որ կայանան արդար եւ ազատ ընտրություններ: Առաջին դեպքում ոչ միայն հերթական անգամ ակնհայտ կդառնա, որ Սերժ Սարգսյանի թիմը դասեր չի քաղել, այլեւ կարող են լինել անսպասելի դրսեւորումներ՝ ծաղկահովիտցիների ընդվզման տեսքով, իսկ եթե, այնուամենայնիվ, լինի երկրորդ տարբերակը, դա կարող է ընկալվել որպես իշխանության դիրքերի թուլացում եւ կրել վարակիչ բնույթ այլ համայնքներում կայանալիք ընտրություններում:
Անկախ նրանից, թե, ի վերջո, իշխանությունները զարգացումների որ տարբերակը կընտրեն, նկատենք, որ ցանկացած դեպքում Խանդոյանի այս քայլը հենց նույն «Հիմնադիր խորհրդարանի» համար գործելու նոր դաշտ է բացում եւ քաղաքական պրոցեսների, ըստ էության, բովանդակային ակտիվացման հնարավորություն ընձեռում, անգամ եթե ընտրություններում հաղթած Արայիկ Խանդոյանը, ի վերջո, զրկվի համայնքապետ աշխատելու հնարավորությունից՝ կալանավայրում լինելու պատճառով: