ՄԵԿ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գիտենք՝ օգոստոսի 16-ին Երեւանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել էին ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիների, այդ թվում` Կովկասի ռազմաքաղաքական իրադրությունը, նախանշվել էին կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները:

Նիստի ընթացքում կողմերն անդրադարձել էին ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի փոխգործակցության կատարելագործմանը, ռազմական շինարարության զարգացմանը եւ ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության ոլորտում բազային գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը վերաբերող խնդիրներին եւ քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:
«Ժողովուրդ»-ը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների՝ Հայաստան կատարած այցի մասին զրուցեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:
-Պարո՛ն Քոչարյան, այդպես էլ շատերի համար անհասկանալի մնաց, թե ինչ նպատակ էր հետապնդում Հայաստանում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների այցը:
-Դա ընդամենը նշանակում է, որ մենք հիմա նախագահում ենք ՀԱՊԿ-ում, առջեւում հոկտեմբերի 14-ին պետք է լինի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների նախագահները գալու են, եւ անհրաժեշտ էր նախապատրաստական աշխատանք, որը իր մեջ նախատեսում էր նաեւ հանդիպում մեր արտգործնախարարների, պաշտպանության նախարարների միջեւ եւ այս վերջինը հենց դա էր: Այն փաստաթղթերը, որոնք պետք է վերջնականացվեն եւ հաստատվեն հոկտեմբերին, դա կատարվելու է Հայաստանում, քանի որ մենք ենք նախագահող, եթե մենք չլինեինք, դա կլիներ ուրիշ տեղ:
-Տեսակետ կա, որ օգոստոսի 16-ին կայացած այս օրինակ հանդիպումները ձեւական բնույթ են կրում, քանի որ փորձը ցույց է տվել՝ երբ սահմանին հակառակորդի կողմից հարձակման դրսեւորումներ են լինում, եւ մենք բազմաթիվ կորուստներ ենք կրում, կոնկրետ ՀԱՊԿ-ն որեւէ կերպ չի արձագանքում իրավիճակին:
-Գիտեք ինչ, նայած ինչ սպասելիք ունեք: Ասել եմ ու էլի եմ կրկնելու, որ ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ իր անվտանգության հարցերը առաջին հերթին պետք է իր հետ կապի եւ հույսը չդնի ուրիշի վրա, լինի դա նույնիսկ ամենա քու դաշնակից բարեկամ, սա համար մեկ խնդիրն է, երկրորդը սպասելիք, որ ՀԱՊԿ-ը քո փոխարեն կլուծի խնդիրները, այ, դա նույնիսկ կործանարար է:
-Այս կառույցը անգամ չի էլ արձագանքում տիրող իրավիճակին, եւ նոր փաստաթղթերի ստորագրումը ի՞նչ կտա մեզ:
-Ինքնին այդպիսի դաշինքի առկայությունը եւ Հայաստանի մասնակցությունը, իհարկե, կարեւոր է, որպեսզի այդ հնարավոր արկածախնդրությունը կանխվի, իսկ ինքնին ՀԱՊԿ-ին անդամակցությունը դրան նպաստում է: Բացի դրանից՝ ՀԱՊԿ-ը նաեւ հնարավորություն է տալիս ավելի արտոնյալ գներով գնել զենք-զինամթերք, իհարկե, դա նաեւ երկկողմանի է արվում: Հետո ՀԱՊԿ-ում ինքնին լինելը նաեւ կաշկանդում է առանձին պետություններին, մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք հանդիսանում են թուրքալեզու պետությունների դաշինքի անդամ, իրենք այնտեղ էլ պարտավորություններ ունեն: Այսինքն՝ սա ինչ-որ չափով նաեւ հավասարակշռում է այն պարտավորությունները, որոնք կան այդ դաշտում: Ճիշտը ոչ թե սեւ եւ սպիտակով նայելն է, այլ պետք է դիտարկել այդ համատեքստում: Իսկ ամենակարեւորը, կրկնում եմ նույնը, առաջին հերթին մեր հույսը մեր վրա պետք է դնենք:
-Իհարկե, պաշտոնապես հրապարակվեց, թե ինչն էր ՀԱՊԿ անդամ պետությունների այցը Հայաստան, սակայն ինչպես ՌԴ պաշտպանության նախարարի այցը, այնպես էլ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների այցը մի նոր վտանգի մասին է խոսում:
-Բացատրեցի, թե այդ գալը ինչով էր պայմանավորված, ընդամենը նախապատրաստական այց էր արդեն հոկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի համար, մինչ այդ եղել են նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների տեղակալների մակարդակով բազմաթիվ քննարկումներ: Այս ընթացքում լուրջ փաստաթղթեր են պատրաստվել, որովհետեւ ՀԱՊԿ-ի ռազմավարության փաստաթուղթն առ այսօր գոյություն չուներ, եւ մեր նախագահության ընթացքում հաջողվեց այդ փաստաթուղթը ի մի բերել:
-Ի՞նչ կտա այդ փաստաթուղթը մեզ:
-Եկեք ճիշտը հասկանանք, մեկ փաստաթղթով հարց չի լուծվում, իրականում ամենօրյա աշխատանք է, որ հաշվի է առնվում բոլոր նրբերանգները, ցանկացած պետություն գիտեք սեւ ու սպիտակով չի: Գիտեք ինչ, ամեն մի պետություն իր շահերից է խոսում, դա ակնհայտ է, եւ պետք է միշտ հաշվի առնել տարբեր պետությունների շահերը, եւ այնտեղ է համագործակցությունը, որտեղ շահերը համընկնում են:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ԼԱՎԻ ՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ

Օգոստոսի 17-ին հրապարակված Արցախի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանի հետ:

-Պարո՛ն Մելքումյան, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ԼՂՀ կիսանախագահական կառավարման համակարգից անցմանը նախագահական համակարգին:
-Ես հանգիստ եմ վերաբերվում այդ հանգամանքին եւ ամենեւին էլ զարմացած չեմ փաստից. պետական կառավարման համակարգն այն ոլորտներից է, որն անընդհատ կատարելագործման կարիք ունի: Իհարկե, իդեալական մոդել շատ դժվար է գտնել, բայց կարեւոր է, որ կառավարման համակարգի ընտրությունն անպայման հաշվի առնի տվյալ երկրի առանձնահատկությունները:
Հաշվի առնելով Արցախի սահմանափակ ռեսուրսները՝ մեզ համար կառավարման համակարգի արդյունավետության ապահովումը կարեւոր նշանակություն ունի, ուստի ես կողմնակից եմ առաջարկվող մոդելին: Ինչպես ներկայացված է սահմանադրական բարեփոխումների հրապարակված հայեցակարգում, այն թույլ կտա խուսափել գործադիր իշխանության երկակի հսկողությունից ու գործառույթների կրկնությունից, ինչպես նաեւ նախագահ-խորհրդարան հարաբերություններում կգործեն հակակշիռների ավելի հստակ մեխանիզմներ, քան գործող համակարգն է երաշխավորում:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ սահմանադրական փոփոխություններից հետո Բակո Սահակյանի պաշտոնավարությունը երկարաձգվելու է 3 տարով: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման հեռանկարը:
-Խիստ կասկածում եմ բերված տեղեկությունների հավաստիության վրա, բայց որ անցումային ինչ-որ ժամանակահատվածի կարիք կլինի, կարծում եմ՝ վիճարկելի չէ: Վստահ եմ` մասնագիտական հանձնաժողովը, որին հանձնարարված է աշխատել սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա, անցումային դրույթներում անպայման հաշվի կառնի սահմանադրական գործող կարգից նորին անցնելու խնդիրը, եւ հնարավոր կլինի խուսափել փակուղային կամ ցնցումային իրավիճակից:
-Ձեզ համար կա՞ն խնդրահարույց կետեր արդեն հրապարակված սահմանադրական հայեցակարգում:
-Քանի որ հայեցակարգը սահմանադրական բարեփոխումների տեսլականը ներկայացնող փաստաթուղթ է, դրանում ներառված հիմնադրույթներն ավելի լայն պարզաբանման կարիք ունեն: Երբ սահմանադրական բարեփոխումների նախագծում ավելի մանրամասն կշարադրվեն առաջարկվող փոփոխություններն ու դրանց իրականացման մեխանիզմները, այն ժամանակ ավելի հեշտ կլինի խոսել խնդրահարույց թեմաների մասին:
-Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, փաստորեն, փորձ է արվելու սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:
-Ինձ թվում է, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների համատեքստում, նկատի ունենալով խորհրդարանի դերի բարձրացումը, համամասնական ընտրակարգի գաղափարը արդարացված է: Համամասնական ընտրակարգը ենթադրում է նաեւ կուսակցությունների կայացվածության ու քաղաքական պատասխանատվության ավելի բարձր մակարդակ: Հուսով եմ, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունների ծրագրերն ու ընտրացուցակներն առավելագույնս կհամապատասխանեն պահանջվող չափորոշիչներին, եւ ժողովրդի ընտրությունը կկայանա լավի ու լավագույնի միջեւ:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ ընթացիկ տարում պետական բյուջեից շրջակա միջավայրի պաշտպանության համար հատկացվել է 4 միլիարդ 834 միլիոն 224 հազար դրամ, որից արդեն հասցրել են ծախսել 2 միլիարդ 756 միլիոն 772 հազար դրամը: Ի դեպ, նշված գումարից 147 միլիոն 673 հազար դրամը նախատեսված է աղբահանության համար, որից 20 միլիոն 542 հազար դրամն արդեն ծախսվել է: Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար հատկացվել է 177 միլիոն 238 հազար դրամ, որից ծախսվել է 108 միլիոն 814 հազար դրամը: Շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսված գումարներից կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության համար առանձնացվել է 2 միլիարդ 785 միլիոն 433 հազար դրամ, որի կեսից ավելին՝ 1 միլիարդ 642 միլիոն 370 հազար դրամը, արդեն հասցրել են ծախսել: Թե ինչքանով է մեր շրջակա միջավայրը պաշտպանված ու մաքուր, կարող է դատել յուրաքանչյուրը:

 

 

ՄԵԿՆ ԷԼ ՍՆԱՆԿԱՑԱՎ
Մինչ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը երեկ Արմավիրի մարզի Արաքս գյուղում սալոր էր հավաքում՝ ՌԴ արտահանելու նպատակով, այս ընթացքում Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացնում: Բանն այն է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը գյուղացիներին 145 մլն դրամ է պարտք խաղողի մթերման դիմաց: Իսկ ընկերությունը չի կարողանում այն վճարել՝ պատճառաբանելով, որ գումար չունի: «Ժողովուրդ»-ը Աղավնաձորի գյուղապետից տեղեկացավ, որ ընկերության ներկայացուցիչները գյուղացիներին ասել են, որ չեն կարող պարտքերը մարել, քանի որ գումար չունեն եւ սնանկանում են: «Ժողովուրդ»-ը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանից փորձեց մեկնաբանություն ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա ասաց, որ վերջերս կառավարությունը փորձել է միջամտել վարկ տալ, սակայն պարզվել է, որ «Վեդի Ալկո»-ն գույք չունի, որպեսզի գրավադրվի: Ինչի արդյունքում դադարեցվել է վարկի տրամադրման գործընթացը: Մարզպետը հայտարարեց, որ զբաղվում է խնդրով:

 

 

ԿԱՇԽԱՏԻ ՀԵՏՈ
Երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին մոտեցան «Նաիրիտ» ՓԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ եւ փորձեցին նախարարից հետաքրքրվել, թե երբ է լուծվելու իրենց գործարանի վերագործարկման խնդիրը: Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե թողնեն, որ ինքը աշխատի, ապա խնդիրը կլուծվի: «Նաիրիտի» նախկին աշխատակիցները, վստահելով նախարարին, ասացին, թե թողնում են, որ գնա եւ աշխատի ու մեկ-մեկ էլ իրենց մասին մտածի:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վիճակն ավելի բարդ էր: Նրան շրջապատել էին մի խումբ քաղաքացիներ, եւ ամեն մեկն իր խնդիրն էր փորձում ներկայացնել: Թաթոյանը համբերատար լսում էր իրար հերթ չտվող քաղաքացիներին՝ փորձելով ցույց տալ իրավիճակից դուս գալու ելքը, եւ այդպես մոտ կես ժամ նա չէր կարողանում մոտենալ իրեն ուղեկցող մեքենային:




Լրահոս