ԸՆԴԱՄԵՆԸ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ՄԻ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տարիներ շարունակ կիրառվող ընտրակեղծարարության հիմնական հենքը ընտրացուցակների ուռճացվածությունն է, հենց դա է պատճառը, որ ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի ընտրական ցուցակները «չմաքրվեն», եւ դրանցում շարունակեն մնալ մոտ մեկ միլիոն անուններ, որոնց տերերը վաղուց Հայաստանում չեն բնակվում, օտարերկրյա քաղաքացիություն են ընդունել կամ այդ ճանապարհին են:

Ընտրակեղծիքները ընդհանուր առմամբ կարելի է երկու խմբի բաժանել. մեկը ընտրողի անմիջական մասնակցությամբ կատարվողներն են, մյուսը` ընտրակեղծարարի կողմից թիվ «նկարելը»: Ընտրողի մասնակցությամբ իրականացվող ընտրակեղծիքները, ընտրակաշառքի կամ աշխատանքը կորցնելու վախով պայմանավորված քվեարկություններն այդքան մեծ վտանգ չեն ներկայացնում: Այո՛, ընտրակաշառք բաժանելը հանցագործություն է, այո՛, ենթականերին ընտրություն պարտադրելը հանցագործություն է, բայց, միեւնույն է, երբ ընտրողը ընտրակաշառքի դիմաց կամ իր ղեկավարի ասելով իշխանության օգտին քվեարկում է, նա իր ընտրությունը կատարում է: Ի վերջո, երբ քվեարկության խցում ընտրողը հինգ կամ տասը վայրկյան մենակ է, նա է իր ընտրության տերը եւ ցանկության դեպքում կարող է ըմբոստությունն արտահայտել: Հայաստանի պես երկրներում, որտեղ իշխանությունը գտնվում է ուղնուծուծով կոռումպացված մի խումբ մարդկանց ձեռքին, եթե մարդիկ իսկապես ցանկանում ենք փոխել իրենց կյանքը, ապա իրենց մեջ պետք է ուժ գտնեն եւ վերը նշված ըմբոստությունը դրսեւորեն: Հակառակ դեպքում, ուղնուծուծով կոռումպացվածները լիարժեք արդարացված՝ կիշխեն այնքան ժամանակ մինչեւ սերունդների փոփոխության արդյունքում հասարակության մեծամասնությունն այլեւս չի վախենա քվեարկության խցում իր ընտրությունը կատարելուց:
Հայաստանի ընտրական համակարգի չարիքը բացակա ընտրողների տվյալներն են, որոնք սովորաբար օգտագործվում են համապետական եւ մեծ քաղաքների ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Երբ ընտրակաշառքով կամ վարչական ռեսուրսներով իշխանությունները չեն կարողանում իրենց համար անհրաժեշտ թիվը ստանալ, նրանք պարզապես «լրացնում» են բացը լցոնումների միջոցով: Ընտրացուցակների «մաքրվելու» դեպքում լցոնումները պարզապես կդառնային անհնար: Նոր ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ ընտրական ցուցակների խնդիրը, բնականաբար, հիմնական կռվանն էր: Թվում էր, թե խնդիրը շատ պարզ է. իշխանությունները պետք է պարտավորվեին մեկ տարվա ընթացքում ինչ-որ փաստաթուղթ թողարկել, կլինի դա նույնականացման քարտ, թե հատուկ` ընտրական անձնագիր, էական չէ, եւ ընտրական ցուցակներում ընդգրկեին ՀՀ միայն այն քաղաքացիներին, որոնք համապատասխան փաստաթուղթը ստացել են: Բայց ընտրակեղծիքի ծնունդ իշխանությունը չէր կարող նման տարբերակը թույլ տալ, եւ սկսեցին տարբեր ուղիներ փնտրել: Արդյունքում պարզ խնդրի լուծումը աստիճանաբար բարդացվեց, եւ նույնականացման քարտ տրամադրելը փոխկապակցվեց ընտրողների մատնահետքերի հավաքագրման համակարգի ներդրման հետ: Այնուհետեւ պարզվեց, որ նման համակարգի ներդրման համար առնվազն չորս ամիս ժամանակ է հարկավոր, այսինքն՝ մինչեւ ԱԺ ընտրություններն այդ խնդիրը հնարավոր չէ լուծել: Այս մասին ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները արդեն հրապարակային են հայտարարում:
Փաստորեն Հայաստանի ներկա իշխանությունները՝ շատ լավ հասկանալով, որ իրենց գոյության երաշխիքը կեղծարարությունն է, բայց միեւնույն ժամանակ չցանկանալով, որ այդ փաստը նաեւ պաշտոնապես արձանագրվի, ինչպես միշտ, խնդիրը ժուլիկությամբ լուծեցին: Չառարկելով ընտրացուցակները «մաքրելու» դեմ՝ այդ գործընթացը տապալեցին: Ի վերջո, Հայաստանի իշխանությունները չեն կարող բացեիբաց հայտարարել, որ ընտրակեղծարարության բոլոր համակարգերը իրենք են ստեղծել ու պահպանում, որպեսզի ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվեն չունենալով շարունակեն իշխել եւ թալանել Հայաստանը:
Այս պատմության մեջ ամենազավեշտականը ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող քննարկումներին մասնակցող ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչների վիճակն է: Նրանք, փաստորեն, շատ պարզ խնդիրը լուծելու փոխարեն խաբվեցին ինչ-որ բարդ համակարգերի ներդնելու մասին խոստումներով եւ արդյունքում, ոչինչ էլ չստացան. մնացին իրենց կոտրած հին տաշտակի դիմաց նստած:
Ի դեպ, այն հանգամանքը, որ իշխանությունները չեն ցանկանում ընտրական ցուցակները մաքրել, դա դեռ չի նշանակում, որ ապագա խորհրդարանական ընտրությունները հնարավոր չի վերահսկել: Պարզապես, «մաքրված» ցուցակների պարագայում ընտրությունները վերահսկելու համար ընդդիմադիր քաղաքական ուժերին անհրաժեշտ կլիներ առավելագույնը երկու հազար վստահված անձ ունենալ, իսկ ներկա պայմաններում ընտրական գործընթացը լիարժեք վերահսկելու համար ընդդիմադիր քաղաքական ուժերին հարկավոր կլինի ունենալ չորս հազար եւ ավել թվակազմ ունեցող վստահված անձանց բանակ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՉԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Գյումրիում եւ Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրություններում օգոստոսի 18-ից սկսված առաջադրումների ժամկետը օգոստոսի 28-ին կավարտվի, սակայն երեկվա դրությամբ դեռեւս ոչ մի կուսակցություն չէր առաջադրվել: Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած կուսակցություններից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու նրանք մինչ այժմ չեն ներկայացրել իրենց առաջադրման փաստաթղթերը: «Բոլոր իրավական փաստաթղթերը պատրաստ են, անհրաժեշտ 2 միլիոն գրավի գումարը ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Վանաձորում արդեն փոխանցված է, կանոնադրությունները նոտարով հաստատված են, վաղը կամ մյուս օրը ե՛ւ Վանաձորում, ե՛ւ Գյումրիում մեր թիմը կդիմի՝ առաջադրվելու համար»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն էլ ասաց. «Թղթերը արդեն պատրաստ են, այսօր, ամենայն հավանականությամբ, կներկայացվի Վանաձորի, իսկ այսօր կամ վաղը նաեւ Գյումրիի փաստաթղթերը»: «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը գրեթե նույն պատասխանը հնչեցրեց: «Մենք մեր սեփական ցուցակով մասնակցելու ենք թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում. դա որոշված է: Դեռ փաստաթղթերը չի ներկայացվել, ենթադրում եմ՝ այսօր կամ մյուս օրը կներկայացվեն: Տեղեկանքները կվերցնեն անձնագրային կետերից եւ այլ, այդ խնդիրներով ենք զբաղված հիմա, այս պահին այդ գործընթացների մեջ ենք»,- ասաց նա:

 

 

ՓՈԽԱՐԻՆՈՂ Է ԳՏԵԼ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 23-ին ստորագրած որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար է նշանակել Տաթեւիկ Դավթյանին: Նա կպաշտոնավարի մինչեւ տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշանակելը: Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ստորագրած որոշմամբ վարչապետը վերը նշված պաշտոնից ազատել էր Գուրգեն Խաչատրյանին: «Ժողովուրդ»-ը Գուրգեն Խաչատրյանից փորձել էր պարզել, թե ինչու Է նա ազատման դիմում ներկայացրել: Ի պատասխան՝ նա ասել էր. «Մեկնաբանություն չունեմ տալու: Դա եղել Է իմ ցանկությունը՝ այս պահին այդ պաշտոնից ազատվելու»:

 

 

«ՇԵՖԸ» ՉԿԱ, ՆԻՍՏ ԷԼ ՉԿԱ
Սովորաբար ամեն հինգշաբթի տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը: Երեկվա նիստը, սակայն, տեղի չունեցավ: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ում խուսափել են առանց Սերժ Սարգսյանի ԳՄ նիստ անցկացնելուց: Վերջինս օգոստոսի 10-ին Հայաստանից դուրս է եկել ու չի վերադարձել: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից փորձեց պարզել, թե ինչու է ՀՀԿ ԳՄ նիստը հետաձգվել, երբ է տեղի ունենալու եւ արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելու է նիստին: «Գործադիր մարմնի նիստերը հրավիրում եւ վարում է կուսակցության նախագահը»,- պատասխանեց Թադեւոսյանը:

 

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է առեւտրատնտեսական համագործակցության շուրջ Չինաստանի հետ բանակցային գործընթացի, ինչպես նաեւ ԵՏՄ-ի անդամ երկրների հետագա ինտեգրացման հեռանկարների մասին: Նա հիշեցրել է, որ 2015 թվականի մայիսին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում է ընդունել ՉԺՀ-ի հետ բանակցություններ սկսել առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման շուրջ: Սարգսյանը նշել է, որ չինական կողմը, ինչպես նաեւ ԵՏՄ-ի անդամ պետությունները ԱՏՀ-ի մասին ապագա համաձայնագիրը դիտում են որպես կազմակերպության եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու չինական նախաձեռնության զուգակցման գործընթացի բաղադրիչ մասը:

 

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել պետական անվտանգության ծառայությանն ու դրա ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին՝ Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցումը կանխելու համար: «Կարծում եմ, որ տարածաշրջանում նման բազմաթիվ մարտահրավերների պայմաններում լուրջ աշխատանքները պետք է շարունակվեն»,- ասել է Վրաստանի վարչապետը կառավարության նիստի ժամանակ:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ Երեւանում կայացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Եվրոպայի պառլամենտի անդամ, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում տիրող ներկա իրավիճակը, ինչպես նաեւ Եվրոպա-Հայաստան հարաբերությունները:

 

 

 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի խորհրդարանը նախօրեին միաձայն հավանության է արժանացրել Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը: Այս համաներումը թվով 6-րդն է, որից 4-ը հայտարարվել է ԼՂՀ հռչակման տոնի առթիվ:

 

 

430 ԿՐԱԿՈՑ
Օգոստոսի լույս 25-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 30 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց:




Լրահոս