ՈՎՔԵՐ ԵՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել են մոտ մեկ տասնյակ կուսակցություններ, սակայն նրանցից որեւէ մեկը երեկվա դրությամբ իր մասնակցությունը չէր գրանցել տարածքային ընտրական հանձնաժողովում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը:

Փոխարենը կուսակցությունների մեծ մասն արդեն իսկ հայտնել է, թե ով է գլխավորելու ավագանու իր ցուցակը: Այսպիսով՝ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը, ով ՀՀԿ-ին է անդամագրվել միայն ամիսներ առաջ: Նկատենք, որ մինչ ՀՀԿ-ի՝ պաշտոնական հայտարարությունը, Վանաձորում քիչ չէին իշխող կուսակցության ցուցակը գլխավորելու հավակնորդները: Այդ թվում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբայրը՝ Լոռու ԳԳՄ-ի տնօրեն Վարդան Բաղդասարյանը, Կարապետյան եղբայրների հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանն ու Երեւանի Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ, ներկայումս Երեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի եղբայր, «Լոռի Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Հարություն Անտոնյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այն նախառաջադրեց Վանաձորի կառույցի ղեկավար Հրանտ Մարգարյանին, սակայն օրեր առաջ փոխեց որոշումը՝ ցուցակի առաջին հորիզոնականում ներկայացնելով Վանաձորում հայտնի բժշկուհի, սեփական կլինիկա ունեցող Այծեմնիկ Օհանյանին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկու օր առաջ հայտարարեց ցուցակը գլխավորողի անունը՝ Արամ Խաչատրյան, Վանաձոր համայնքի ավագանու միակ ընդդիմադիր անդամ: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից՝ Վանաձորի կառույցի ղեկավար Անդրանիկ Ղուկասյանը, իսկ «Հայկական Վերածնունդ»-ից Արկադի Փելեշյանը կղեկավարեն կուսակցական ցուցակները: Ի դեպ, վերջինս Վանաձորում երթուղային գծի սեփականատեր է, քավոր-սանիկական հարաբերություններ ունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր՝ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի հետ: «Լուսավոր Հայաստան»-ը, որի ղեկավարը Վանաձորից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է, ցուցակի գլխավոր հորիզոնականում առաջադրել է եղբոր՝ Քրիստ Մարուքյանի անունը: Իսկ, ահա, «Ալյանս» ցենտրիստական առաջադիմական կուսակցության ցուցակը կգլխավորի տարածքային կառույցի ղեկավար Մենուա Բրուտյանը:
«Հայ ազգային կոնգրեսի» ընտրական ցուցակը եւս կղեկավարի ՀԱԿ Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը:
Ինչպես երեւում է՝ թեկնածուների պակաս Վանաձորն այս տարի չի ունենա: Հատկանշական է, որ ընդդիմադիր բոլոր ուժերը առանձին են մասնակցում ավագանու ընտրություններին, այդկերպ, բնականաբար, ընդդիմադիր ուժերի ձայների մի մասը պարզապես կփոշիացվի:
Չնայած կուսակցությունների բազմազանությանն ու ցուցակները գլխավորողների վարկանիշներին, պայքարը հիմնականում ընթանալու է ՀՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստան»-ի միջեւ, պակաս շանսեր չունեն նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչն ու քրեական հեղինակություն համարվող Արկադի Փելեշյանը, ով դեռ նախորդ ավագանու ընտրություններում բավականին մեծ ձայներ էր հավաքել: Ի դեպ, այս պահի դրությամբ քաղաքում ամենաշատ գրասենյակներն է բացել «Հայկական վերածնունդը»:
Վանաձորի ընտրություններին մասնակցելու է նաեւ «Համախմբում» կուսակցությունը: Վարչության ղեկավար կազմն իրենց մասնակցության մասին պաշտոնապես հայտարարել է, սակայն ավագանու ցուցակը գլխավորողի անունը դեռեւս չի հրապարակում: Տեղեկություններ կան, որ տարածքային կառույցում չեն կողմնորոշվում, թե ով է գլխավորելու իրենց ցուցակը: Չի բացառվում, որ դա լինի Սեյրան Հարությունյանը՝ Կոմսի Սեյրան մականվամբ, ով Վանաձորի մեծահարուստներից է, ՌԴ զինված ուժերի գեներալ:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ԸՆԴԴԵՄ ՊԵՏԻ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Հովհաննիսյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը վճարի իրեն հասանելիք աշխատավարձը, որը կազմում է 343 հազար 856 դրամ:
Իսկ ինչ հիմնավորում է ներկայացրել Էդգար Հովհաննիսյանը դատարան բերած իր հայցադիմումում: Պարզեցինք, որ էդգար Հովհաննիսյանը նշել է, որ 2015 թ-ին՝ իր ամենամյա արձակուրդի ժամանակահատվածում, կանչվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին եւ ծանուցվել այն մասին, որ մեկ ամսից զբաղեցրած հաստիքը ենթակա է կրճատման:
Ավելի ուշ՝ 2015 թ-ի փետրվարի 2-ին, Հովհաննիսյանը կրկին կանչվել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին եւ տեղեկացել, որ վարչության պետի հրամանի համաձայն 2016 թվականի մարտի 4-ից ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվել է քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում:
Սակայն նկատենք, որ Էդգար Հովհաննիսյանը հայցադիմումում ասել է, որ 2015 թվականի փետրվարի 27-ին առողջության վատթարացման պատճառով դիմել է ՀՀ ոստիկանության ԲՎ պոլիկլինիկա՝ բուժօգնություն ստանալու նպատակով, եւ հետազոտությունների արդյունքում իր մոտ ախտորոշվել է երկկողմանի հայմորիտ, եւ այդ փաստը արձանագրված է ՀՀ ոստիկանության ԲՎ պոլիկլինիկայի ժամանակավոր անաշխատունակության կապակցությամբ ծառայությունից ազատվելու թերթիկում, սակայն նրա փաստերը վարչությանը չեն հետաքրքրել: Եվ, ահա, Էդգար Հովհաննիսյանը մի շարք այլ դրույթների խախտման համար դիմել է դատարան: Վերջինս հայցադիմումում մեջբերել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի թիվ 115-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ նշվում է, որ նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Ասել է, թե Էդգար Հովհաննիսյանին հեռացրել են աշխատանքից՝ առանց նախապես այդ մասին նրան տեղյակ պահելու: Ինչեւէ, այս գործով դատավոր է նշանակվել Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Ինչ հանգուցալուծում կունենա այս պատմությունը, ցույց կտան զարգացումները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԱԳՆ ՀԻՆ ՇԵՆՔԻ ՓՈՂԵՐՈՎ
Կառավարության երեկ ընդունած որոշմամբ առաջարկվում է Երեւանի քաղաքապետին «Տանգո» ընկերության կողմից Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երեւան համայնքի բյուջե վճարման ենթակա 4 միլիոն 886 հազար 296.6 դոլարին համարժեք դրամը (բայց ոչ ավելի, քան 2 միլիարդ 313 միլիոն 661.4 հազար դրամը) ստանալուց հետո ուղղել մայրաքաղաքի փողոցների ընթացիկ նորոգման եւ ճաքալցման, ինչպես նաեւ արտաքին լուսավորության ցանցի շահագործման եւ պահպանման աշխատանքների իրականացմանը: Կառավարության թիվ 2 մասնաշենքում, հիշեցնենք, նախկինում տեղակայված էր Հայաստանի արտգործնախարարությունը: Ավելի քան 14 հազար քառակուսի մետր տարածքով անշարժ գույքը եւ հարակից հողամասը «Տանգո» ընկերությանն է վաճառվել 2012 թվականի հոկտեմբերին` 51 միլիոն 271 հազար դոլարին համարժեք դրամով:

 

 

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ՌԴ զինված ուժերում մարտական պատրաստվածության անսպասելի ստուգումներ կանցկացվեն: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ստուգումներ կանցկացվեն ռազմական երեք՝ Հարավային, Արեւմտյան եւ Կենտրոնական օկրուգներում: «Այսօր ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ՝ զինված ուժերում հերթական անսպասելի ստուգումներն են սկսվել: Հարավային, Արեւմտյան եւ Կենտրոնական օկրուգների զորքերը ժամը 7.00-ից (Մոսկվայի ժամանակով) մարտական լիարժեք պատրաստվածության են բերվում»,-հայտարարել է Շոյգուն: Նրա խոսքով՝ ստուգումները կանցկացվեն օգոստոսի 25-31-ը:

 

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին քաղաքացիների ծեծի ենթարկվելու դեպքերը, կարծես, սովորական են դարձել: ArmLur.am-ի խմբագրություն է դիմել Սերոբ Դաղունցը, ում խոսքով` ինքը տուն գնալու ճանապարհին բռնության է ենթարկվել ՊՊԾ գնդի հարակից տարածքում: Դեպքին ներկա են եղել ոստիկանական համազգեստով երկու անձ, իսկ բուն ծեծողը, պարզվել է, եղել է հատուկ նշանակության ջոկատի ծառայող:

 

 

ՍԿՍՎԵՑ
Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների՝ երեկ երեկոյան խիստ լարված իրավիճակ է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ: Ըստ տեղեկությունների՝ ընդհարվել են ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի` մականունը Ապարիկ, եւ Բալասանյանի թիմակիցները, որի պատճառը մոտակայքում բացված ԲՀԿ նախընտրական շտաբն է: Այստեղ Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցները ցուցադրական հավաքներ եւ աղմկոտ ակցիաներ են կազմակերպել: Բալասանյանի կողմնակիցները փորձել են կարգի հրավիրել, ինչն էլ վեճի պատճառ է դարձել: Բարեբախտաբար, այս անգամ բանն արյան չի հասել, բայց, ըստ ամենայնի, նման լուրեր Գյումրիից դեռ պետք է սպասենք:




Լրահոս