ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կարգադրել է հանձնաժողով ստեղծել՝ մարզի մի շարք գյուղերում հեռագնա արոտավայրերի վարձակալության եւ գումարների գանձման ընթացքի շուրջ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Հնգօրյա ժամկետով ուսումնասիրությունները սկսվել են հուլիսի 27-ին եւ ավարտվել օգոստոսի 2-ին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուսումնասիրություններն իրականացվել են Շղարշիկ, Ոսկեթաս, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Վերին Սասունիկ, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Իրինդ, Արուճ, Բազմաղբյուր, Կարբի, Սաղմոսավան գյուղերում: Իսկ վերոնշյալ գյուղերում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակը հեռագնա արոտավայրերի վարձակալության եւ գումարների գանձման ընթացքն է եղել:
ՀՀ Արագածոտնի մարզի Շղարշիկի գյուղապետ Հովհաննես Հարությունյանի խոսքերով՝ դրանք հերթական ստուգումներն են եղել. «Արտակարգ բան չի եղել: Մենք բնակչությունից տարեկան հավաքում ենք գումար անասունի, ոչխարի գլխաքանակների հետ կապված: Եւ այդ մասով թերություններ չեն հայտնաբերվել»:
Իսկ, ահա, Իրինդի գյուղապետ Բարսեղ Հեբոյանի խոսքերով՝ մարզպետարանի համապատասխան աշխատակիցները ստուգել են գյուղապետարանի աշխատանքը: «Բայց ամեն ինչ նորմալ է եղել: Դե, մանր-մունր թղթերի հետ կապված թերություններ էին հայտնաբերվել, բայց դրանք շատ չնչին էին»,- արդարացավ գյուղապետը:
Այս թեմայի շուրջ Արագածոտնի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ եւ վարչական հսկողության հանձնաժողովի նախագահ Սիրազնիկ Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ յուրաքանչյուր տարի վարչական հսկողության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ ծրագիրը հաստատվում է ե՛ւ մարզպետի, ե՛ւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի կողմից, ինչից հետո էլ դրանք կատարվում են: «Դրանք դեռ չեն ավարտվել, գյուղերը բաժանված են խմբերի. առաջին խմբում ընդգրկված է 30 համայնք, մյուսում ավելի քիչ եւ այդպես շարունակ: Առայժմ 20 գյուղում են սկսվել եւ ավարտվել ուսումնասիրությունները: Մենք հիմնականում ուսումնասիրում ենք, թե ինչպես է գյուղերում իրականացվում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումը: Ենթադրենք՝ գյուղապետը իր պարտադիր լիազորությունները ինչպես է իրականացնում քաղաքացիների ընդունելության մասով»,- բացատրեց մարզպետարանի պաշտոնյան՝ հավելելով, որ ուսումնասիրվում է նաեւ, թե գյուղապետը քանի դիմում է ստացել, ինչպես է քաղաքացիներին ընդունել, արդյոք ունի գործավարության, ընդունելության կարգ եւ այլն:
Մեր զրուցակցի պատմելով՝ ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, թերություններ, որոնք ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: Ինչից հետո գյուղապետերին տրվել է ժամկետ՝ 10-15 օր, որպեսզի վերջիններս վերացնեն առկա թերությունները:
«Օրինակ՝ քաղաքացիները ակտիվ մասնակցություն պետք է ունենան համայնքի կառավարմանը: Նույնիսկ դրա վերաբերյալ օրենքի հոդված կա, այսինքն՝ մինչեւ գյուղապետը համայնքի ավագանու նիստին ներկայացնի հարցը, ինքը մինչ այդ պետք է այն քննարկի համայնքապետին կից ստեղծված խորհրդակցական մարմնում: Այսինքն՝ գյուղերում ծրագրեր իրականացնելու քննարկումներին պետք է բնակչությունը մասնակից դառնա: Ենթադրենք՝ համայնքի ղեկավարը առաջարկություն է անում ջրագիծ անցկացնել, իսկ խորհուրդը ասում է՝ ոչ, ջրագիծ պետք չէ, բերեք, փողոցները ասֆալտապատենք: Ընդհանուր համաձայնության պետք է գան: Այս օրենքը նոր է մտնում իրավական դաշտ, դրա համար խնդիրներ են ծագում: Այսօր ոչ մի գյուղում դա չի իրականացվում: Այն պետք է կիրարկվի»,- նկատեց պաշտոնյան:
Վերջինս համոզված է, որ այս ամենի պատճառը գյուղապետերի ցածր կրթական մակարդակն է: «Գյուղապետերի կրթական ցենզը չի բավարարում, որպեսզի իրենց կարդացածը ընկալեն այնպես, որ կարողանան կիրարկել: Մենք 114 համայնք ունենք, որից 70-ի գյուղապետերը չունեն բարձրագույն կրթություն, նրանց մի 20 տոկոսը հազիվ ունի միջնակարգ կրթություն: Այսինքն՝ դա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության թերացումն է, չի կարելի թուլ տալ, որ անգրագետը համայնք ղեկավարի: Բայց, դե, եվրոպական մասսան ասում է, որ անգրագետն էլ պետք է ղեկավարի: Ոչ ոք իրենցից իրավունք չունի նեղանալ, որովհետեւ իրենք անում են այնքան, որքան կարդում եւ ընկալում են այդ օրենքը: Մենք գյուղապետ ունենք, որն ունի չորրորդ դասարանի կրթություն, բայց գյուղապետ է»,- ներկայացրեց Ս. Հովսեփյանը՝ ընդգծելով, որ մարզի ընդամենը 20 համայնքի ղեկավարներն ունեն բարձրագույն կրթություն:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ էլ ստուգումներ են իրականացվել մարզի 2 գյուղերում՝ Շաղիկում եւ Սալուտում, որտեղ նույնպես թերություններ են հայտնաբերվել: Գյուղապետերին ժամանակ է տրվել՝ դրանք վերացնելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԼԻՑԵՆԶԻԱ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ըստ փոփոխության՝ այսուհետ ինտերնետ շահումով խաղերի ոլորտում գործունեություն ծավալելու համար եւս անհրաժեշտ է լինելու լիցենզիա ունենալ:
Նախարարը ընդգծեց, որ նպատակն այդ ոլորտում մյուս գործունեություն ծավալողների հետ հավասար պայմաններ ստեղծելն է: Նրա խոսքով՝ այս փոփոխությամբ ապահովվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը: Նա առաջարկեց նաեւ նախագծի ընդունումը համարել անհետաձգելի: Առաջարկը գործադիրն ընդունեց միաձայն:

 

 

ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՆՀԻՄՆ ՉԷ
Կառավարության երեկվա նիստի ժամանակ ներկայացվեց մի նախագիծ, որով նախատեսվում է պետական հոգածության մի քանի դպրոցների ապամոնտաժում, ապա նորերի կառուցում:
Հարցը գործադիրին ներկայացրեց պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու են դպրոցը կառուցող եւ ապամոնտաժող ընկերությունները տարբեր: Նա նկատեց, որ ճիշտ կլիներ, եթե հենց կառուցող ընկերությունը ապամոնտաժեր դպրոցների շենքերը: Ի պատասխան՝ Ա. Մարկոսյանը նշեց, թե իրենք մտահոգություն ունեն, որ եթե ապամոնտաժող եւ կառուցող ընկերությունները նույնը լինեն, ապա ապամոնտաժված գույքը հետագայում կարող են օգտագործել դպրոցի շինարարության համար: «Անհիմն բան եք ասում»,-հակադարձեց Հ. Աբրահամյանը:

 

 

«ՎԵՐՋԻՑ  ԴԵՊԻ ՍԿԻԶԲ»
Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամտով ապահովելու ծրագիրը քննարկվել է կառավարությունում, բոլոր գերատեսչությունների հետ անհրաժեշտ ընթացակարգերն անցել է, եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արդեն ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն:
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ շուտով այն կհաստատվի կառավարության կողմից: «Սա շատ հետաքրքիր նախաձեռնություն է, որի սկիզբը դրվելու է «վերջից դեպի սկիզբ» բանաձեւով, որը նախատեսում է մի քանի գերատեսչությունների միաժամանակյա գործունեություն՝ պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տարածքային զարգացման եւ էկոնոմիկայի նախարարությունների»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմնական նպատակը նման ընտանիքներում այն անձանց բացահայտումն է, ովքեր ունակ են իրականացնելու բիզնես-նախագծեր. նրանք ստանալու են աջակցություն՝ ուսուցանումից մինչեւ իրավական խորհրդատվություն:

 

 
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այժմ ուսումնասիրում է ազգային վիճակագրական ծառայության՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ վերջին հրապարակումները, որի ավարտից հետո կներկայացնեն այն պատճառները, որոնք բերել են տնտեսական ակտիվության անկման: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արծվիկ Մինասյանը: «Մենք առաջիկայում կնայենք, մանրամասն վերլուծությունների հիման վրա կներկայացնենք պատճառները: Աննախադեպ արտահայտությունը ոչ միայն տեղին եւ իրական չի, այլեւ որեւէ լավատեսություն ձեր հարցադրման մեջ չկար»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

 

 

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է հղել այժմ կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանին՝ կոչ անելով նրան դադարեցնել հացադուլը:
Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ Անդրիաս, քո նման նպատակասլաց պայքարող մարդու տեսակը խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին: Դժբախտաբար այս օրերին քիչ է ազատամիտ քաղաքական գործիչների քանակը, որոնք վստահելով միմյանց՝ մեր նման լծված են մի գործունեության, որի նպատակն է Հայաստանում օր առաջ ինքնիշխան պետության ստեղծումը: 28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը: Այո՛, ընդունելով եւ հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը՝ միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետեւ արդեն իսկ վաղուց հատել ես առողջության համար վտանգավոր ժամանակահատվածը: Հուսով եմ, որ այս հորդորը, նախորդ օրերի մեր պայքարակից ընկերների հորդորներին միանալով, կլինի այն վերջին կաթիլը, որ վերանայես քո որոշումը եւ առաջնահերթորեն ուրախացնես քո ընտանիքին եւ մեզ բոլորիս»:




Լրահոս