«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների` զենքերը վայր դնելուց եւ իշխանություններին հանձնվելուց հետո մեր քաղաքացիների շրջանում հակասական տրամադրություններ են տիրում: «Ժողովուրդ»-ը զրուցեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ, ով եւս ներկա էր ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիաներին եւ աջակցում էր ցուցարարներին: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպիսին է այժմ նրա դիրքորոշումը:
-Պարո՛ն Հախվերդյան, «Սասնա ծռեր»-ի` զենքերը վայր դնելուց հետո Խորենացիում պայքարող ժողովրդի զգալի հատվածը, կարծես, պասիվացավ: Դուք ի՞նչ տպավորություն ունեք:
-Ոչ ոք էլ չի լռել: Այն, ինչ արեցին «Սասնա ծռեր»-ը, նախեւառաջ սոցիալական պայթյուն էր, որովհետեւ ժողովուրդն այլեւս չի կարողանում ապրել, իսկ պարազիտները մեր ժողովրդի մեջ ավելի շատ են, քան սովորական աշխատավորները: Մեծ թվով պարազիտ է կպել այդ կենդանի մարմնին: Մեռան ժողովրդի արյունը քաշելով: Դեռ որքա՞ն պետք է այդ ամենը շարունակվի: «Սասնա ծռեր»-ի գործողությունների հիմքում միայն հողերը չհանձնելու հարցը չէր դրված, այլեւ, ինչպես նշեցի, սոցիալական հարցը: Այնպես որ, տղաների գործողություններին չի կարելի միանշանակ նայել: Ամեն դեպքում, այն համոզման եմ, որ մեր ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա: Փաստաբանների մի մասսա պետք է անպայման քննի, թե ով ինչքան ունեցվածք ունի դրսում, այդ թվում օֆշորային գոտիներում եւ ներսում:
-«Սասնա ծռեր»-ի գործողություններին հաջորդած իրավիճակն ի՞նչ է ցույց տալիս: Պարզվում է` զենքի ուժո՞վ էլ հնարավոր չէ հասնել փոփոխությունների:
-Չի կարելի նման բան ասել, որովհետեւ ինձ թվում է` շարժումը դեռ կշարունակվի, սեպտեմբերից դեպի մայրաքաղաք երիտասարդների մեծ հոսք կգրանցվի… Ասեմ, որ առաջիկայում մի քանի համերգ կունենամ, այդպիսով ինչ-որ կերպ կօգնեմ «Սասնա ծռեր»-ի անդամների վիճակին, դա համերգ-ցույցի նման մի բան կլինի: Բացի այդ` ինձ ու ինձ հետ նվագող երաժիշտներին հրավիրել են Եվրոպա` բարեգործական համերգներով հանդես գալու, սա եւս «Սասնա ծռեր»-ի անդամների համար:
-Ակտիվորեն մասնակցում եք ներքաղաքական կյանքին, չեք հապաղում համարձակ կարծիքներ հայտնել ամենատարբեր հարցերի շուրջ, վերջերս էլ կանգնեցիք «Սասնա ծռեր»-ի կողքին: Վերեւներից ճնշումներ չեղա՞ն:
-Ազնվորեն` բնավ ոչ: Բայց որոշ պաշտոնյաներ խնդրել են, ասել են` ի՞նչ գործ ունես, պետք չի եւ այլն: Դա միշտ էլ լինում է, ես արդեն սովորել եմ: Ինձնից խնդրում էին, որ համերգ չտամ, մարդիկ շատ չգան եւ այլն, եւ այլն: Բնականաբար, ես արեցի ճիշտ հակառակը: Ես գիտեմ, որ այս խմորը շատ ջուր է քաշելու: Եթե կառավարական շրջանակները կարծում են, որ ամեն բան այսքանով ավարտվեց, չարաչար սխալվում են: Ուղղակի վերեւները ոչ մի կերպ չեն ուզում թողնել իրենց պաշտոնները եւ հրաժարվել իրենց լափած փողերից: Իսկ ժողովուրդն ուզում է վերադարձնել իրենից գողացածը:
-Եվ վերջում, հետաքրքիր է Ձեր անձնական կարծիքը «Սասնա ծռեր»-ի` զենքը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու վերաբերյալ:
-Ինձ թվում է` նրանց խաբեցին, ինչ-որ բան խոստացան ու չարեցին: Ես չհասկացա, թե ինչու նրանք զենքերը վայր դրեցին: Առանձնակի ողջունում եմ այն տղային, որը հաց տարավ տղերքին. դրա համար հատուկ քաջություն էր պետք: Ես շատ շնորհակալ եմ նրան: Նա ցույց տվեց, որ մենք էլ մարդ ենք, եւ չի կարելի մեզ որպես անասունի նայել:
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՌՈՒԶԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ
Տեւական ժամանակ է` «Հայաստան», «Ջանա, ջանա», «Շեկ տղա» եւ այլ երգերի կատարող, երգչուհի Ռուզան Ավետիքյանին էկրաններին չենք տեսնում: Ուստի հետաքրքիր է` որտեղ է նա այժմ եւ ինչով է զբաղված: Ռուզանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ էկրաններին չերեւալը դեռ չի նշանակում, թե իր ստեղծագործական կյանքը թեւակոխել է պասիվ շրջան: Նա տեղեկացրեց, որ աշխատում է նոր երգերի վրա, որոնք ձայնագրման եւ գործիքավորման փուլում են:
Երգչուհին առաջիկայում հանդես կգա նաեւ համերգային ծրագրերի շրջանակներում. «Մի քանի օր անց կմասնակցեմ հատուկ համերգի, որը կազմակերպվելու է ապրիլյան պատերազմի ընթացքում ծանր վիրավորված մեր զինվորների համար, որոնք այսօր արդեն ապաքինվել են: Երբ ինձ առաջարկեցին մասնակցել այս ծրագրին, մեկ վայրկյան անգամ չվարանեցի, քանի որ այս կերպ ամեն մեկս մեր շնորհակալությունը կհայտնենք հայ զինվորին: Համերգին ելույթ ունեցողների թվում են Համլետ Գեւորգյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո)»,-մանրամասնեց նա:
Բացի այդ` Ռուզան Ավետիքյանը պատրաստվում է սեպտեմբերի 2-ին մասնակցել Արցախի անկախության օրվան նվիրված համերգին. այն կազմակերպում է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Երգչուհին ծրագրում է նոյեմբերի սկզբին համերգներ ունենալ նաեւ արտերկրում:
Ռուզան Ավետիքյանը տեղեկացրեց, որ դասավանդում է միաժամանակ երկու ուսումնական հաստատություններում` Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. «Այնպես որ, ժամանակավոր դադարը պայմանավորված էր նաեւ մանկավարժական աշխատանքին նվիրվելով: Այժմ արդեն այդ գործունեությունը կարողանում եմ համատեղել երգչական կարիերայի հետ»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԵՆ
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու սկանդալային նկարիչ Կարեն Արայանը ամուսնացել են։ Այս մասին տեղեկանում ենք Ալինայի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա իր մասին տեղեկությունների բաժնում կարգավիճակի փոփոխություն է գրանցել: Նշենք, որ նորապսակները ամիսներ առաջ էին սկսել հանդիպել։
Զույգի ընկերներն արդեն ողողել են դերասանուհու էջը շնորհավորանքներով եւ բարեմաղթանքներով:
Հիշեցնենք, որ Կարեն Արայանը դերասանուհի Անժելա Սարգսյանի սեքս-սկանդալի հերոսն է: Նա 2011-ին ձերբակալվել էր ՀՀ ՔՕ 144-րդ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263-րդ (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Նկարիչը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման:
ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ
Թուրք ռեժիսոր Իսմայիլ Գյունեշի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարավան 1915» ֆիլմը հոկտեմբերի 7-ին կցուցադրվի Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber» կայքը: Կինոնկարը պատմում է Գիրեսուն քաղաքից դեպի Հալեպ գաղթած 200 հայի` դաժան փորձություններով եւ խոչընդոտներով լի ճանապարհորդության մասին:
Ի դեպ, ռեժիսորը զերծ է մնացել «ցեղասպանություն» բառը օգտագործելուց, փոխարենը ֆիլմում 1915-ի արյունալի ոճրագործությունները որակվել են ընդամենը որպես «աքսոր»:
«Քարավան 1915»-ում նկարահանվել են թուրք դերասաններ Այշե Աքընը, Մուրադ Հանը, Իբրահիմ Քենդիրջին, Իփեք Թուզջուօղլուն, Ֆաթիհ Այհանը, Ալի Քեմալ Յըլմազը եւ Մերիչ Բաշարանը:
ԿՎԵՐԱԾԵՆ ՍԵՐԻԱԼԻ
Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի 2006թ. The Departed քրեական դրամայի հիման վրա հեռուստասերիալ կնկարահանվի: Newsru.com-ի փոխանցմամբ` նախագծի վրա կաշխատեն միաժամանակ մի քանի ընկերություններ` Amazon Studios, Vertigo Entertainment, Initial Entertainment Group եւ Plan B Entertainment: Սերիալում գործողությունները կընթանան Չիկագոյում՝ մեր օրերում:
Նշենք, որ ֆիլմը, որտեղ հանդես են եկել նաեւ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մեթ Դեյմոնն ու Ջեք Նիկոլսոնը, 2002թ. հոնկոնգյան Infernal Affairs քրեական թրիլերի ռեմեյքն է՝ նոր տարբերակը:
Ֆիլմի սցենարի հեղինակն Ուիլյամ Մոնախանն է: Կինոնկարն արժանացել է 4 «Օսկար» մրցանակի, այդ թվում` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: