ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց
Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին հաշմանդամ օդաչուները, որոնք պահանջում էին վերականգնել իրենց խախտված իրավունքները: Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներում» աշխատելու տարիներին հաշմանդամություն ստացած օդաչուներն արդեն 10 տարի չեն ստանում իրենց հասանելիք գումարները:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ դիմորդն իրավունք ունի՞ բուհի ընդունելության քննությունների ժամանակ հայոց լեզվի փոխարեն այլ լեզվից քննություն հանձնել: Եթե այո, ապա խնդրում եմ նշել՝ ո՞ր դեպքերում:
Սվետլաննա Միրզոյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում հայոց լեզվից եւ գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ ռուսաց լեզվից եւ գրականությունից գնահատական չունեցողները՝ որեւէ օտար լեզվից՝ գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն):
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2016-2017 ուսումնական տարվա պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ամենամեծ հոսքը եղել է Երեւանից՝ 3610, հաջորդը Շիրակի եւ Լոռվա մարզերն են՝ համապատասխանաբար 939 եւ 930: Ի դեպ, ամենաքիչ դիմորդները եղել են Վայոց ձորի մարզից՝ 238: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այս տարի բուհերը ստացել են 877 հայտ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 73-ով: Ամենամեծ թվով դիմորդներ ունի Երեւանի պետական համալսարանը՝ 3193 դիմորդ, սակայն նախորդ տարվա համեմատ ԵՊՀ դիմորդների թիվը նվազել է:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ես ի՞նչ կարող եմ անել այն դեպքում, երբ վթար է տեղի ունեցել, սակայն ես համաձայն չեմ մեղավորության կամ վնասի չափի հետ: Ինչպե՞ս վարվեմ, ո՞ւր կարող եմ դիմել:
Նորայր Մանուկյան (49 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ապահովագրական պատահարի արդյունքում Ձեզ պատճառված գույքային վնասների կամ պատահարի պատճառների փորձաքննության արդյունքներին համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք առաջնային փորձաքննության արդյունքների ծանուցման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշանակել լրացուցիչ փորձաքննություն կամ բյուրո գրավոր դիմում ներկայացնելու միջոցով պահանջել կրկնակի փորձաքննության անցկացում:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը (ԱՊՊԱ) գործում է Հայաստանում 2011 թվականի հունվարի 1-ից: ԱՊՊԱ փոխհատուցման պայմանագրերի թիվը հինգ տարում ավելացել է՝ 25.313-ից հասնելով 41.203-ի: Նշենք, որ 2015 թվականին մերժվել են 929 պայմանագրերով ներկայացված փոխհատուցումներ՝ 2011 թվականին գրանցված 349-ի համեմատ: Ապահովագրական հատուցումները հինգ տարում ավելացել են՝ 7,2 մլրդ դրամից հասնելով 8,8 մլրդ դրամի: Միաժամանակ 2015 թվականին հատուցումները կրճատվել են 9,27 տոկոսով:
Ավելացնենք նաեւ, որ Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցման միջին վճարը հինգ տարում նվազել է՝ 223.392 դրամից հասնելով 212.661 դրամի: Ի դեպ, ՀՀ-ում ԱՊՊԱ-ի ներդրումից հետո ապահովագրված մեքենաների թիվն ավելացել է՝ 2015 թվականին 390.266-ից հասնելով 457.878-ի: