Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում վերջին երկու ամիսներին պարբերաբար ներքին «բախումներ» են ծավալվում, եւ այս ընթացքում հաճախակի կարելի է լսել այդ առճակատումները դադարեցնելու մասին կոչերը:
«Խաղաղության» կոչերի բովանդակությունն հիմնականում նույնն է. ընդդիմադիրներն իրար չպիտի քննադատեն, բոլոր լուտանքները պետք է հասցեագրված լինեն միայն Հայաստանի իշխանություններին: Միմյանց հետ չմարտնչելու մասին խոհափիլիսոփայական դատողությունների շարքին է դասվում նաեւ «ընդդիմությունը պետք է միավորվի» թեւավոր դարձած միտքը:
Վերջին քսան տարիներին Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը փաստացի գործել են վերը նշված «խաղաղ» սցենարով` խուսափելով ընդդիմադիր մյուս կուսակցություններին եւ ոչ բացահայտ իշխանական դիրքերից հանդես եկող անհատ գործիչներին քննադատելուց: Վերջին քսան տարիներին տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում ընդդիմության արձանագրած արդյունքները ցույց են տալիս, թե այդ մարտավարությունը որքանով է արդարացված եղել:
1996-ի նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցույցերի ժամանակ հարթակում ընդդիմադիր կուսակցությունների եւ գործիչների իսկական խառնաշփոթ էր ստեղծվել: Թվացյալ «միասնությունն» իրականում նպաստեց, որպեսզի տեղի ունենան սեպտեմբերի 26-ի հայտնի իրադարձությունները` խորհրդարանի շենքի վրա հարձակումը, ինչի արդյունքում հետընտրական շարժումը մի քանի ժամում անհետացավ:
2003-ի նախագահական ընտրություններում «ընդդիմադիրներին» չնեղացնելու մարտավարության արդյունքը եղավ այն, որ Արտաշես Գեղամյանը ընդդիմության քվեներից 250 հազար ձայն «թռցրեց» եւ հետո համարժեք կուրսով իշխանությունների հետ փոխանակեց: Նույն 2003-ի ԱԺ ընտրություններում էլ ընդդիմադիրներն իրար չնեղացրին, արդյունքում խորհրդարանն այնքան բազմագույն ստացվեց, որ իշխող ՀՀԿ-ին հաջողվեց 38 հոգանոց խմբակցությունով իշխանությունն իր ձեռքում պահել:
Իսկ ամենավերջին՝ 2012 թվականի ԱԺ ընտրությունների օրինակը, ընդդիմադիրների մեկմեկու չնեղացնելու արդյունքը եղավ այն, որ ընդդիմության ձայների մեծամասնությունը գնաց իշխանական երկրորդ կուսակցության՝ ԲՀԿ-ի օգտին, իսկ ընդդիմադիրները ստիպված էին բավարարվել 7 տոկոսով:
Ընդդիմադիրների՝ միմյանց «չնեղացնելու» քաղաքականության ճիշտ կամ սխալ լինելը գնահատելու համար անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ հարցին. ինչպես պետք է ընդդիմադիր հայացքներ ունեցող ընտրողը կողմնորոշվի, թե ընդդիմադիրներից որ մեկն է այն քաղաքական ուժը, որն ի վիճակի է իշխանափոխություն իրականացնել կամ առնվազն նպաստել Հայաստանում դրական փոփոխություններին: Այդ խնդրի լուծումը հնարավոր է միայն ընդդիմության ներքին բանավեճերի եւ փոխադարձ քննադատությունների դեպքում:
Այսինքն՝ իրականում ընդդիմադիրների ներքին «բախումները» ոչ միայն անհրաժեշտ են, այլ ինչ-որ առումով պարտադիր նախապայման` իշխանություն դառնալ հավակնող քաղաքական ուժերի հաջողության հասնելու համար: Ընտրողը պետք է հստակ պատկերացում ունենա, թե ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերից որ մեկն իրենից ինչ է ներկայացնում, ինչպիսի ճանապարհ է անցել, ինչ հայացքներ է դավանում եւ իրականում որքանով է պահպանում հռչակած սկզբունքները:
Իսկ ընդդիմության «միավորման» գաղափարը որքան էլ սիրուն է հնչում, իրականում այն ՀՀ իշխանությունների կողմից գցված խայծ է, որը պարբերաբար ասպարեզ է բերվում՝ ընտրողներին մոլորեցնելու համար: Հասկանալի է, չէ, որ գաղափարապես իրար հետ կապ չունեցող քաղաքական ուժերը չեն կարող միավորվել: Այսինքն՝ ի սկզբանե անիրականանալի նպատակ է դրվել, որպեսզի երբ արդեն բոլորի համար պարզ կլինի, որ խնձորը տանձ չի դառնա, անմիջապես հայտարարեն՝ վերջ, փրկություն չկա, իշխանությունները հաղթեցին, հայերս միասնական չենք, իշխանություններն իրենց ուզածին հասան, ու այսպես շարունակ: Այս մարտավարության նպատակն ընդդիմությանը մինչեւ բուն ընտրությունները արդեն իսկ պարտված հռչակելն է, ինչն էլ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների քարոզիչները փայլուն իրագործել են: Պատճառը եղել է այն, որ ընդդիմադիրները չեն համարձակվել բաց հայտարարել, որ իրենք չեն կարող գաղափարական ընդհանրություն չունեցող քաղաքական ուժի հետ միավորվել:
Ի դեպ, անգամ երբ քաղաքական ուժերը հանուն «միասնության» միավորվել են գաղափարական ընդհանրություն չունեցող կուսակցությունների հետ, նման տարբերակը եւս ձեռնտու է եղել իշխանություններին, քանի որ այդ դաշինքները ի սկզբանե դատապարտված են եղել տապալման, առավել եւս, որ այդ դաշինքները եւս գործել են ընդդիմադիրներին «չնեղացնելու» ռազմավարության շրջանակներում:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ վեճերը եթե ավելի թեժանան ու սպառնան դաշտում պարզություն մտցնել, ապա բացառված չէ, որ մի օր էլ իշխանական գործիչները կսկսեն գոռգոռալ, թե նման երեւույթներն անթույլատրելի են, եւ որ ընդդիմությունը պետք է միավորվի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ