Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և առանձնակի կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, նույնանման արժեհամակարգի և զարգացման համադրելի տեսլականի հետ, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների այցը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է պատգամավորների այցը նաև Արցախ, որտեղ նրանք հնարավորություն կունենան ուղղակիորեն տեղում ծանոթանալու ԼՂ հիմնախնդրի էությանն ու ավելի լավ պատկերացնելու արցախցիների ձգտումները, մտահոգությունները, առօրյան և անցած ավելի քան երկու տասնամյակի ձեռքբերումները:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, նշելով, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում այդ քայլը և ընդունում այն որպես ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման գործում Բելգիայի վճռական հանձնառություն:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են խորհրդարանական ակտիվ շփումները և հատկապես բարեկամության խմբի գործունեությունը Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման գործում:
ՀՀ Նախագահը պատասխանել է նաև բելգիացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Երախտագիտության մեդալով` ընդգծելով, որ պարոն Դալմանը Հայաստանում աշխատել է դեռևս 1988թ.՝ մեր ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանում՝ ավերիչ երկրաշարժից հետո որպես բժիշկ կատարելով իր մասնագիտական պարտքը:
Ժորժ Դալմանը մեծ պատիվ է համարել նման բարձր պարգևի արժանանալը, ընդգծել, որ Հայաստանն իր սրտում է արդեն 28 տարի, և այսօր էլ պատրաստ է իր գործունեությամբ օգտակար լինելու մեր երկրին ու ժողովրդին: