Ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշման կոշտացման պատճառը և ինչ հետևանքներ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում հայկական կողմերի՝ Երեւանի ու Ստեփանակերտի դիրքորոշումներում շոշափելի փոփոխություն է նկատվում: Մասնավորապես, օգոստոսի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով փոխզիջումների մասին, հայտարարեց. «Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելն առնվազն կոռեկտ չէ»: Սա այն դեպքում, երբ դրանից առաջ հայաստանյան պաշտոնյաները խոսում էին փոխզիջումների անհրաժեշտության մասին, նույնիսկ այդ ամենը, մի տեսակ, հասարակության տրամադրությունները զոնդաժի ենթարկելու որոշակի տակտիկա էր հիշեցնում:

Իսկ ընդամենը մի քանի օր առաջ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ղեկավար Լեւոն Մնացականյանը ռուսական «Ռեգնում» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել էր, թե հայկական կողմն ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած դիրքերը հետ բերելու հնարավորություն դեռ կունենա: Հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների՝ իրար հետեւից արված նման հայտարարություններն ամենեւին պատահականություն կամ սեփական մոտեցումներով պայմանավորված խոսքեր չպետք է դիտարկել:

Առավել եւս, եթե հաշվի ենք առնում, թե դրանից առաջ ներքին ու արտաքին քաղաքական ինչ գործընթացներ տեղի ունեցան: Ներքին առումով հուլիսին տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի զինված գործողությունը, որի ժամանակ պահանջ հնչեց նաեւ տարածքների վերադարձման բացառման մասին, եւ հասարակական տրամադրություններն այսօր առավել քան մինչ այդ, նման սցենարի դեմ են:

Արտաքին առումով, նախ, օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ապա՝ օգոստոսի 9-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո էլ, ինչպես նշեցինք, օգոստոսի 10-ին իր մոտ ընդունեց Սերժ Սարգսյանին: Այդ հանդիպումների ժամանակ, բնականաբար, չի շրջանցվել արցախա-ադրբեջանական հակամարտության խնդիրը, ինչից հետո թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում տարածքների վերադարձման մասին տեղեկատվություն սկսեց շրջանառվել:

Իհարկե, դժվար է միանշանակ ասել՝ ինչն է իրական պատճառ հանդիսացել պաշտոնական Երեւանի դիրքորոշման փոփոխության համար: Արդյո՞ք Կրեմլում հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին հասկացրել է, որ չի աջակցելու կամ օժանդակելու Ալիեւին տարածքների հանձնման հարցում: Կամ, հակառակը, արդյո՞ք հայկական կողմերը տեղեկացել են Պուտին-Ալիեւ եւ Էրդողան-Պուտին հանդիպումների ժամանակ տրված նման հավաստիացումների մասին եւ փորձում են այսկերպ գրավել ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրների ուշադրությունը, որպեսզի վերջինները դիմեն պրեւենտիվ քայլերի եւ բացառեն ռուս-թուրք-ադրբեջանական գործակցությունը: Մանավանդ, որ այդ հանդիպումներից հետո սկսեցին լուրեր շրջանառվել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Թուրքիային որպես միջնորդ ներգրավելու մասին:

Մյուս կողմից էլ, իհարկե, չի բացառվում, որ հայկական կողմերը փորձում են Սարի թաղի դեպքերից հետո գնալ ներքին պահանջների բավարարման, որպեսզի այդ ուղղությամբ լարումներ չլինեն: Ամեն դեպքում՝ մի բան ակնհայտ է. Երեւանում ու Ստեփանակերտում խոսում են այլ տրամադրությունների մասին, կտրուկ կոշտացնում սեփական դիրքորոշումները: Փաստացի Շավարշ Քոչարյանը հասկացնում է, որ Հայաստանը չի պատրաստվում այլեւս հանդես գալ միակողմանի զիջողի դերում, իսկ Լեւոն Մնացականյանի հայտարարությունը՝ կորցրած դիրքերը հետ բերելու առիթի մասին, նշանակում է, որ ոչ միայն զիջումներ չեն լինելու, այլեւ պետք է ամեն գնով գնալ ապրիլին կորցրած տարածքների վերադարձմանը:

Այսինքն՝ եթե փորձենք քաղաքական տեսանկյունից նայել հարցին, ապա ՀՀ դիվանագետը հայտարարում է չզիջելու, իսկ ԼՂՀ ուժայինը՝ կորցրածը հետ բերելու մասին, ստացվում է՝ հայկական կողմերը փորձում են հստակ ուղերձ հղել գերտերություններին եւ հենց Ադրբեջանին, որ ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական ճակատներով պատրաստվում են ընդունել առկա մարտահրավերը: Թե ինչպիսի հետեւանքներ կունենա այս փոփոխոթյունը, այն արդյոք շարունակական բնույթ կկրի եւ ինչպես կընդունվի գերտերությունների կողմից, պարզ կդառնա առաջիկայում:

Արման Սահակյան




Լրահոս