Բոլորիս անելիքը մեկը պետք է լինի` հայկական երկու պետությունների շենացում և հզորացում. շնորհավոր տոնդ, Արցա՛խ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է իր Անկախության 25-ամյակը: Արցախի անկախության այս տարվա տարեդարձի տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն: Պատճառը ոչ այնքան հոբելյանական թվով է պայմանավորված, որքան ապրիլի քառօրյա պատերազմից հետո հայկական երկրորդ պետության հզորությունը թշնամուն ի ցույց դնելու մղումը:

Այսօր կարծիքներ են հնչում, որ Արցախի անկախության հռչակումը մարտավարական սխալ քայլ է եղել, եւ ավելի ճիշտ կլիներ Արցախը Հայաստանին միավորելու գործընթացը ավարտին հասցնելը: Սակայն իրավիճակի նրբությունն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիք ունի, մեր անելիքի էությունը չի փոխվում: Իսկ բոլորիս անելիքը մեկը պետք է լինի` հայկական երկու պետությունների՝ Արցախի եւ Հայաստանի շենացում եւ հզորացում: Հայկական երկու պետությունները պետք է հայի համար դառնան աշխարհի երեսին ամենացանկալի ապրելու վայրը: Հայը, լինի Հայաստանում, թե Արցախում, պետք է օրենքով պաշտպանված լինի, պետք է համոզված լինի, որ իր երեխայի ապագան որոշվելու է բացառապես նրա օրինապահ կենսակերպ վարել-չվարելով, իսկ եկամուտի չափն էլ որոշվելու է աշխատասիրությամբ:

Ու այս ճանապարհին չի կարող որեւէ խոչընդոտ լինել:

Հ.Գ. Հայաստանի իշխանություններից Արցախի Անկախության տոնակատարություններին կմասնակցի Սերժ Սարգսյան, որը երեկ արդեն մեկնել է Ստեփանակերտ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս