«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն երեկ ամփոփել է այս տարվա ութ ամիսներին հարկային մուտքերի ցուցանիշը: ՊԵԿ-ի հաղորդագրությունում նշված է. «2016թ.-ի օգոստոս ամսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2016թ.-ի ութ ամիսների արդյունքներով պետական բյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 692 մլրդ դրամի դիմաց»:
Այսինքն՝ նախորդ տարվանից ավել են հավաքել ընդամենը 2,3 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ աճը կազմում է 0,3 տոկոս: Սա այն դեպքում, երբ աճը պետք է առնվազն 5 տոկոս լիներ, ավելի քան 34 միլիարդ դրամ կազմեր, որպեսզի պետբյուջեի պլանը կատարվեր: Բայց որպեսզի իրենց չմեղադրեն, ՊԵԿ-ը «թաքուն» մատնացույց է արել, թե ով է մեղավոր բյուջեի թերակատարման համար: «Ընդ որում, այս ցուցանիշը 3 մլրդ դրամով ավելի կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ս.թ. նույն ժամանակահատվածի հարկային եկամուտների ավելի քան 3 մլրդ դրամ նվազումը»,- նշված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:
ՀՀ ֆինանսների նախարարության հակահարվածը, կարծում ենք, չի ուշանա, բայց պետք է խոստովանել, որ ՊԵԿ-ն այդքան էլ ազնիվ չէ: Ինչո՞ւ, որովհետեւ օգոստոսին 93 մլրդ դրամի հարկերն անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից պակաս են 7 մլրդ-ով: Այսինքն՝ եթե տարեսկզբի 3 մլրդ-ի, հուլիսի 1,5 մլրդ-ի եւ օգոստոսի թերակատարումները չլինեին, ապա բյուջեի մուտքերը 11,5 մլրդ-ով ավել կլինեին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: