Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի: Այս մասին հայտնում է Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի կայքը: Անցյալ տարի Սուրում տեղի ունեցած երկարատև զինված բախումների ընթացքում հայկական կաթոլիկ եկեղեցին լրջորեն վնասվել էր, սոցկայքերում տարածված լուսանկարներում երևում էր, որ կառույցը գրեթե կիասքանդ վիճակում է:
Թուրքիայի շրջակա միջավայրի պահպանության և քաղաքաշինության նախարարությունը Սուրում գտնվող և բախումներից տուժած 11 պատմական կառույցի համար վերականգնման աշխատանքների ծրագիր է մշակել: Նախագծի շրջանակներում ծրագրվում է նաև հայկական կաթոլիկ եկեղեցու վերակառուցումը, որի ավարտը նախատեսված է 2018թ.: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կղեկավարի Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը, որին ներկայումս պատկանում է կաթոլիկ եկեղեցու սեփականության իրավունքը:
Եկեղեցու տարածքում արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները, տարածք մաքրվում և բարեկարգվում է:
2013թ. ևս Սուրի հայկական եկեղեցին վերանորոգվել էր, ինչից հետո օգտագործվում էր որպես գորգերի արհեստանոց: «Ակոսի» համաձայն՝ խոսակցություններ կան, որ այս անգամ վերակառուցումից հետո կառույցը նորից կարող է վերածվել եկեղեցու: