Վանաձորի քաղաքապետն իրեն արդեն նախկին է համարում. ստեղծված քաոսային իրավիճակի միակ պատասխանատուն կառավարությունն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին իշխող ՀՀԿ-ն մասնակցում է նոր թեկնածուով: Մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ այնտեղ գործունեություն ծավալող ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանն ուղղակի ձախողել է աշխատանքը: Հետեւաբար, վանաձորցին պետք է ինքն իրեն հարց տա. ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն կրկին հաղթի այդ քաղաքում:

Հիշեցնենք, որ տեւական քննարկումներից հետո Հանրապետական կուսակցությունը որոշեց, որ կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանը: Թե ինչ հաջողություն կգրանցի Ասլանյանը, դեռ վաղ է ասել, բայց նրա՝ չափից ավել ինքնավստահությունը փոքր-ինչ կասկածահարույց է:

Տեղեկացնենք, որ Ասլանյանի իմիջի կերտմամբ ու շտաբի քարոզչական հարցերով դարձյալ զբաղվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչպես Հրազդանի ընտրությունների դեպքում:

Իսկ ի՞նչ գործունեություն ծավալեց եւ ի՞նչ հաջողություններ ունեցավ Վանաձորի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ինչպես հայտնի է՝ նա պարզապես տապալել է իրեն վստահված աշխատանքները՝ ասֆալտապատումից սկսած, աղբահանություն, կադրային քաղաքականություն եւ այլն: Ստորեւ ներկայացնում ենք Վանաձորում առկա դժգոհությունների մի մասը միայն:

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մի քանի մանկապարտեզների աշխատակիցներից: Նրանց պատմելով՝ Վանաձորի քաղաքապետարանը իրենց աշխատավարձերը չի վճարել:
Նշենք, որ Վանաձոր քաղաքում գործում է 20 մանկապարտեզ:

«Ժողովուրդ»-ին դիմած մանկապարտեզների աշխատակիցների պատմելով՝ իրենք չեն ստացել հուլիսի աշխատավարձը, իսկ օգոստոսի աշխատավարձի մասին անգամ չեն էլ մտածում: Դժգոհող աշխատակիցների խոսքերով՝ Վանաձորի մի քանի մանկապարտեզների աշխատակիցներն են միայն ստացել իրենց աշխատավարձերը, իսկ շատերը՝ ոչ:

«Քաղաքապետին ինչպես հարմար է, այնպես էլ վարվում է: Եւ ոչ մի բացատրություն: Իսկ մենք կոմունալ վճարումներ ունենք անելու, ընտանիք պետք է կերակրենք: Չեն էլ պատճառաբանում, թե ինչու չեն վճարում: Հավանաբար գումար չունեն»,- «Ժողովուրդ»-ին դժգոհելով՝ պատմեց Վանաձորի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը, ով հարգելի պատճառներով չներկայացավ:

Քանի որ քաղաքապետ Սամվել Դարբինյանն իրեն արդեն համարում է նախկին քաղաքապետ եւ բոյկոտում է համայնքի կառավարումը, ուստի խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքապետի տեղակալ Լորիկ Սարդարյանի հետ: Վերջինս հաստատեց այն տեղեկությունը, ըստ որի՝ որոշ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը վճարվել է, իսկ մի մասինը՝ ոչ:

Ինչու աշխատավարձերը չեն վճարվել հարցին, փոխքաղաքապետ Սարդարյանը կարճ պատասխանեց. «Գումար չկա: Հուլիս ամսվա աշխատավարձը մանկապարտեզների մեծ մասը ստացել է: Վանաձորի 20 մանկապարտեզներից միայն 6-ի աշխատակիցները չեն ստացել իրենց աշխատավարձերը, իսկ օգոստոսը դեռ չի ավարտվել, որ ստանան»:

«Ժողովուրդ»-ի հարցին՝ ի վերջո, ե՞րբ են վճարվելու մարդկանց աշխատավարձերը, փոխքաղաքապետը արդարացավ. «Դեռեւս 2013 թվականին նվազագույն աշխատավարձը 5000 դրամով բարձրացվեց, եւ կառավարությունը ընդամենը մեկ տարվա փոխհատուցում արեց, իսկ մյուս տարիներինը ոչ, ինչի հետեւանքով էլ այս իրավիճակը ստեղծվեց»: Վանաձորցի պաշտոնյայի ներկայացմամբ՝ աշխատողների թվաքանակը, մուտքերը նույնն են մնացել, բայց բեռը ավելացել է:

«Մեր համակարգի 1200 աշխատողից 1000-ը նվազագույն աշխատավարձ է ստանում, դե, պատկերացրեք, որ այդ 5000 դրամականները ինչ հսկայական գումար է կազմում: Այս հարցով դիմել ենք կառավարություն, քանի որ ինքնակառավարման մասին օրենքի համապատասխան կետով պետք է առաջացած ծախսերի համար պատասխան տա ծախսը բարձրացնող մարմինը: Վճարեք այդ գումարները, որպեսզի մենք աշխատավարձ տանք: Երբ այդ գումարները մեզ կտան, հույս ունենք, որ կտան, որովհետեւ արդեն խոստումներ կան, հետեւաբար մենք էլ կկարողանանք ժամանակին աշխատավարձեր տալ»,- ներկայացրեց Սարդարյանը:

Այսպիսով՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերի չվճարելու մեղքը գցում է կառավարության վրա: Մինչդեռ մանկապարտեզների ֆինանսավորումը բոլոր համայնքներում իրականացվում է համայնքապետարանների կողմից եւ կառավարության վրա մեղքը բարդելը, մեղմ ասած, սխալ է: Թեեւ մյուս կողմից, եթե դիտարկում ենք ՀՀԿ-ին մի ամբողջության մեջ, ապա պետք է արձանագրենք, որ կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն մեղքը բարդում է կուսակցության առավել բարձր էշելոնում կանգնածների վրա: Այնպես որ, ՀՀ քաղաքացին ունի դժգհության մեկ օբյեկտ՝ ՀՀԿ-ն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս