Հոգնում ես անօրեն երկրում ապրելուց. ինչո՞ւ է կիթառահար Կարո Սարաֆյանը հիասթափված հեռացել հայրենիքից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` հայտնի կիթառահար Կարո Սարաֆյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ինչ պատճառով է նա հեռացել Հայաստանից, ինչով է այժմ զբաղվում եւ որ դեպքում կվերադառնա հայրենիք: Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում ծավալում է բուռն երաժշտական գործունեություն, համագործակցում է արտերկրի երաժիշտների հետ, շարունակում է մասնակցել ԱՄՆ-ում անցկացվող հայտնիների համերգներին, նվագակցում է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Թաթան, Արամեն, Քրիստինե Պեպելյանը, Ամենչիկն ու Մարտին Մկրտչյանը:

14248950_1133152613432470_273172902_n

Մենք հարցրինք` որքան ժամանակով է Կարո Սարաֆյանը մեկնել հայրենիքից. «ԱՄՆ-ում կմնամ այնքան, մինչեւ մեր երկրում կհաստատվի օրենք, եւ կտեսնեմ իմ երեխաների ապագան: Ուղղակի հոգնում ես անօրեն երկրում ապրելուց, հոգնում ես, երբ տեսնում ես, որ քո եւ քո ընտանիքի համար բոլոր դռները փակ են, այնինչ՝ արտերկրում քեզ ավելի շատ են գնահատում, քան քո երկրում»,-մեկնաբանեց նա` հավելելով, որ, այնուամենայնիվ, կարոտում է հայրենիքն ու ընկերներին:
Մենք հիշեցրինք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարո Սարաֆյանը, ավելի վաղ խոսելով արտերկրում բնակություն հաստատելու մասին, նշել էր, որ դրսում մեղր ու կարագ չեն բաժանում. «Այստեղ պետք է աշխատես, տանջվես, վազվզես, բայց գոնե քեզ բարոյապես գնահատված ես զգում»,-բացատրեց նա:

14194279_1133152610099137_352747505_n

Խնդրեցինք մանրամասնել` կոնկրետ ինչ ապօրինությունների է բախվել կիթառահարը Հայաստանում. «Հասարակ օրինակ` Երեւանում ճանապարհային ոստիկանության կողմից ամսական շուրջ 200 դոլարի տուգանվում էի: Այնինչ` մեկ տարի է` ԱՄՆ-ում եմ, եւ այստեղի ՃՈ-ն ինձ ոչ մի անգամ չի տուգանել»,-ասաց նա:
Քանի որ Կարո Սարաֆանը դեռ տարիներ առաջ Հայաստանում կիթառի դպրոց բացելու նպատակ ուներ, հարցրինք` ինչ փուլում է այդ ծրագիրը. «Հայաստանում դա ոչ ոքի չհետաքրքրեց, ոչ ոք ինձ ձեռք չմեկնեց…Այնինչ՝ Լոս Անջելեսում՝ Հայաստանի մշակույթի կենտրոնում, ունեմ կիթառի իմ դասարանը: Ընդ որում, այնտեղ աշխատելու առաջարկը եղավ հենց կենտրոնի կողմից»,-պատասխանեց նա:

14203631_1133152623432469_1251936113_o

Ի դեպ, դեռեւս 3 տարի առաջ Կարո Սարաֆյանը սպասում էր, որ կարժանանա վաստակավոր արտիստի կոչման, նրա հույսերը, սակայն, այդպես էլ չարդարացան. «Չնայած ասեմ, որ այդ կոչումն ինձ համար առանձնապես կարեւոր չէր»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս