Օգոստոսի 1-ից հացադուլ հայտարարած «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը:
ԱՆ քրեակատարողական վարչության լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դա կապված է նրա առողջական վիճակի հետ, որոշումը կայացրել է ինքնակամ:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ուենցած բախումներից հետո: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը՝ պատժվում է ազատզրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով):
Հավելենք, որ մեկ ամսից ավել էր արդեն, ինչ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել: Վերջինս նաև հանդես է եկել ուղերձով:
«Հարգելի քաղաքացիներ
օգոստոսի 1-ին կալանավորելու ժամանակ անհրաժեշտ համարեցի շարունակել քաղաքական պայքարին իմ մասնակցությունը հացադուլի միջոցով: Այսօր, երբ պայքարը մտել է տևական փուլ՝ հարգելով Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և շատ այլ գործիչների հորդորները, որոշեցի դադարեցնել հացադուլը: Հուսով եմ, որ բոլորի համար այս ծանր օրերին իսկապես կարողացա ժողովրդին օգտակար լինել քաղաքական պայքարի կամքը և հաղթանակին ձգտումը վառ պահելու գործում:
02.09.2016 «Նուբարաշեն» ՔԿՀ