Վահրամ Շահինյանը ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը այսօր՝ 2016թ. սեպտեմբերի 2-ին, ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեա Խալուպովային:

Վահրամ Շահինյանը Պյոտր Սվիտալսկու խնդրանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները իրավապահ այլ մարմինների համակարգում՝ ընդգծելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրավական համագործակցության կազմակերպման և քննության մեթոդիկայի կատարելագործման եվրոպական փորձի ուսումնասիրման վերաբերյալ, ինչպես նաև կողմերը կարևորել են ՀՀ հատուկ քննչական ծառայության և Եվրամիության երկրների համապատասխան կառույցների միջև կառուցողական համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին հետաքրքրվել է Երևանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին առնչվող քրեական գործերի նախաքննության ընթացքից:
Զրույցի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը փաստել է, որ հարուցված և քննվող քրեական գործերով կատարվում է լրիվ, անաչառ և բազմակողմանի քննություն: «Նշեմ, որ հանրությանը պարբերաբար ԶԼՄ-ների միջոցով տրամադրվում է տեղեկատվություն՝ իրականացվող անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների մասին: Կատարված առերևույթ հանցագործությունների բոլոր հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրվում են, լայնածավալ աշխատանքներ են տարվում մեղավոր անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծել է Վահրամ Շահինյանը:

Հանդիպման ավարտին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ կարևորելով ՀՀ հատուկ քննչական ծառայության առաքելությունն ընգծել է. «Բարձր եմ գնահատում ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքը և հորդորում եմ ՀՀ իշխանություններին արժանահավատ, արդյունավետ և թափանցիկ քննություն իրականացնել հուլիսյան դեպքերի առնչությամբ: Կարևորում եմ նաև քրեական գործերին վերաբերող թույլատրելի տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը»:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն




Լրահոս