«Իսպանիայի թագավոր, բիզնես, մշակույթ եւ մի քիչ Հայաստանի նախագահ»` ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունն ահա այսպիսի խոսուն վերնագրով է անդրադարձել Դմիտրի Մեդվեդեւի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպմանը: Ռուսական այս հեղինակավոր լրատվամիջոցը, անդրադառնալով Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքային օրվա իրադարձություններին, հսկայական տեղ է հատկացրել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինի հետ վերջինիս ունեցած հանդիպմանը, ընթրիքին, ռուս-իսպանական մշակութային եւ բիզնես համագործակցության հեռանկարներին, ստորագրված պայմանագրերին եւ այլ միջոցառումներին` արանքում, իմիջիայլոց, թռուցիկ կերպով նշելով, որ Մեդվեդեւը հասցրել է նաեւ «ոտքի վրա» փակ ֆորմատով հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչից անմիջապես հետո շտապել է իր բարձրաստիճան հյուրին ուղեկցել«Տավրիչեսկի» պալատ` ունկնդրելու Իսպանիայում պատվիրված նոր, եզակի երգեհոնի համերգը:Ռուսական իշխանական տրամադրություններն արտացոլող այս կայքի հրապարակմանն այսքան մանրակրկիտ չէինք անդրադառնա, եթե դրա վերնագիրն ու տոնը մեզ համար այդքան նվաստացուցիչ չինեին: Եվ դրան հակառակ` այդքան հաղթական ու պաթետիկ չլինեին «հայլուրիկների» պատրաստած ռեպորտաժները: Իսկ հաղթականության առիթն այն է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել իր ավագ եղբորը (այս ձեւակերպումն էլ օգտագործում ենք իբրեւ սրտահովանք), որ նա առայժմ չթանկացնի Հայաստան առաքվող գազի սակագինը: Դրա համար, հավանաբար, պարտական ենք արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխություններին, որոնց` Հայաստան տեղափոխվելու վտանգն էլ, ըստ ամենայնի, եղել է ռուսներին համոզելու որոշիչ փաստարկը: Ուստի ֆորպոստում կայունությունն ապահովելու նպատակով Ռուսաստանը համաձայնել է 2011թ. ընթացքում անփոփոխ թողնել գազի սակագինը: Սակայն, ինչպես հաջողվեց ճշտել մեր աղբյուրներից, սա եղել է Իսպանիայի թագավորի հետ համերգի շտապող Դմիտրի Մեդվեդեւի եւ այդ համերգին չհրավիրված Ս. Սարգսյանի հանդիպման միակ դրական արդյունքը: Ուստի, եթե անգամ Սերժ Սարգսյանին հրավիրեին էլ այդ համերգին, վերջինս հազիվ թե գնար` տրամադրության կտրուկ անկման պատճառով: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, փակ ֆորմատով կայացած այդ հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին ոչ երկիմաստ կերպով հասկացրել է, որ վերջինս ստիպված է լինելու առաջիկայում Ղարաբաղի հարցում գնալ լուրջ զիջումների, հակառակ դեպքում ակնարկելով պատերազմի անխուսափելիության հեռանկարը: Դ. Մեդվեդեւը Ս. Սարգսյանին նաեւ հիշեցրել է ինչպես նրա նախորդի` Ռ. Քոչարյանի, այնպես էլ վերջինիս տված խոստումները եւ զգուշացրել, որ դրանցից խուսանավելու եւ ժամանակ ձգելու հնարավորություններն արդեն մոտեցել են զրոյական նիշին: Ի պատասխան Սերժ Սարգսյանն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նշել է, որ ինքը պատրաստ է գնալ կառուցողական քայլերի` ընդհուպ մինչեւ որոշակի տարածքային զիջումներ, եթե Ադրբեջանը եւս կատարի առնվազն ոչ պակաս ադեկվատ քայլեր: Ամեն դեպքում Սերժ Սարգսյանին հասկացրել են, որ նա ժամանակ ունի մտածելու մինչեւ մարտի 5-ը: Հանդիպման ընթացքում, մեր տեղեկությունների համաձայն, Մեդվեդեւը նաեւ պահանջել է, որ Սերժ Սարգսյանը վերանայի իր կադրային քաղաքականությունը` երկրի համար կարեւորագույն պաշտոններում նշանակելով բացարձակ ռուսամետ եւ իրենց կողմից վերահսկվող կադրերի: Եվ եթե Ղարաբաղի հարցում Ս. Սարգսյանին, այնուամենայնիվ, հաջողվել է խուսափողական պատասխան տալով եւս մի կարճ ժամանակ շահել, ապա ֆորպոստի ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերում նա ստիպված է եղել շատ կոնկրետ խոստումներ տալ: Այնպես որ չի բացառվում, որ արդեն առաջիկա օրերին ականատես դառնանք որոշակի կադրային փոփոխությունների: ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԳԱԶԻ ՓՈԽԱՐԵՆ ԹԱՆԿ ԿՎՃԱՐԵՆՔ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ