Շաքիի ջրվեժը` անհետացման եզրին. Բնապահպանության նախարարը չի տիրապատում իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենաբարձր (18մ բարձրություն) ջրվեժի` գեղատեսիլ Շաքիի խնդիրը երկար տարիներ է, ինչ չի լուծվում: Բանն այն է, որ վերջին տարիներին ջրառեսուրսի մեջ հնարավոր էկոլոգիական թողքը չի ապահովում ջրվեժին անհրաժեշտ ջրի քանակությունը, եւ այն որպես այդպիսին չի գործում:

Ըստ բնապահպանների՝ ջրաղբյուրի ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ջրվեժն այսօր, կարելի է ասել, չկա: Նշենք, որ Շաքիի ջրերը օգտագործվում են թե՛ հիդրոէներգետիկ, թե՛ գյուղատնտեսական, թե՛ կենցաղային եւ այլ նպատակներով: Բացի դրանից, ջրվեժի տարածքը, որը նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ամբողջովին ցանկապատված է, ինչը բնապահպանների պնդմամբ՝ խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ջրվեժի ճակատագիրը տնօրինում է «Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ»-ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: «Շաքի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Շաքի գյուղի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Շաքի գետի վրա, դրա շահագործման ընթացքում Շաքիի ջրվեժը ցամաքում է. այս ՓՀԷԿ-ի ջրառը ազդում է ջրվեժի ջրատվության վրա: Տեղեկացնենք, որ Շաքիի ջրվեժը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն ՀՀ կառավարության 2008թ-ի օգոստոսի 14-ի 967-Ն որոշման:

Շաքիի ջրվեժի խնդրով մտահոգված է նաեւ «Civil Voice» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, որը ահազանգում է, որ բնապահպանության նախարարության անգործության հետեւանքով ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ջրվեժը չի պահպանվում: Ըստ կազմակերպության՝ «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շաքիի» ՓՀԵԿ-ի շահագործման հետեւանքով «Շաքի» ջրվեժ բնության հուշարձանն ուղղակի անհետանում է, իսկ Շաքի գետը` Շաքիի ջրվեժից մինչեւ գետաբերան վերածվել է ռիսկային ջրային մարմնի՝ ջրի էկոլոգիական հոսքը չպահպանվելու պատճառով, որն ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված հարավային գետավազանային կառավարման պլանում:

«Առնվազն տարօրինակ եւ անհասկանալի է այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը սկզբում թույլատրում է «Շաքի» ՓՀԷԿ-ի աշխատանքը՝ հաշվի չառնելով հետեւանքները, այնուհետեւ 2016 թվականին նախատեսում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում, ներառյալ՝ ջրառի ծավալ եւ ռեժիմ, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին: Առավել տարօրինակ է, որ միայն 2017 թվականին է նախատեսում ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիների (հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ) սահմանում»,-բարձրաձայնում է «Civil Voice»-ը՝ կոչ-պահանջ ուղղելով բնապահպանության նախարարությանը` օր առաջ ապահովել ջրվեժի բնականոն գոյությունը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ: Վերջինս «Civil Voice»-ի կողմից տարածված հաղորդագրությունը համարեց հերյուրանք: «Սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է: Քաղաքական պատվեր է, որն էլ անում են: Այժմ նախըտրական շրջան է, եւ ես պետք է նորից առաջադրվեմ որպես քաղաքապետի թեկնածու, եւ հիմա այդ հարցը բարձրացվում է անբարո կերպով, որպեսզի ինձ խոչընդոտեն:

Ես այդ ՓՀԷԿ-ը երկար տարիներ առաջ գնել եմ պետությունից եւ դրա համար լուրջ գումարներ եմ վճարել: Բավականին լուրջ ներդրումներ ենք իրականացրել. կանաչապատել եմ, բարեկարգել: ՓՀԷԿ-ին բնապահպանության նախարարության կողմից տրված է որոշակի քանակության ջրի թողքի թույլտվություն: Ինչով էլ առաջնորդվում եմ: Ոչ մի օրենք չի խախտվում»,- պարզաբանեց Սիսիանի քաղաքապետ, «Շաքի» ՓՀԷԿ-ի սեփականատեր Աղասի Հակոբջանյանը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է «Civil Voice»-ի կողմից բարձրացված խնդիրը: Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը իր լիազորությունների սահմանում ուսումնասիրություններ է սկսել ընկերության ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման ուղղությամբ եւ գործող կարգին համապատասխան դիմել է ՀՀ կառավարություն` ստուգում իրականացնելու թույլտվության համար:

Խախտումներ հայտնաբերելու եւ դրանք չշտկելու դեպքում ԲՆ-ն կկիրառի օրենքով սահմանված միջոցները` ընդհուպ մինչեւ ընկերության ջրօգտագործման թույլտվության հետ կանչելը եւ կդիմի լիազոր մարմնին` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիայից զրկելու առաջարկությամբ:

Իսկ «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին ԲՆ-ի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը երկարացվել է 2015 թվականին` համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի, որով սահմանվում է, որ ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է՝ էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիայի ժամանակահատվածին համաձայն: Ջրօգտագործման երկարացման թույլտվությամբ հստակ սահմանված է էկոլոգիական թողքի չափը:

Գաղտնիք չէ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր տեսչությունների հետ բնապահպանական լուրջ խնդիրների ու խախտումների վերաբերյալ հիմնականում տեղեկանում է բնապահպանական կազմակերպությունների կամ նախաձեռնությունների կողմից բարձրաձայնելու, ինչպես նաեւ մամուլի հրապարակումների արդյունքում:

Սա նշանակում է, որ բնապահպանության նախարարը՝ իր աշխատակազմով հանդերձ չի կատարում օրենքով իր վրա դրված գործառույթներն ու պարտավորությունները եւ լիարժեք չի տիրապետում իրավիճակին: Արդյունքում վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս