Երեկ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:
Ուշագրավն այն է, որ բավականին տարողունակ եւ ծավալուն օրենսդրական փաթեթը պատգամավորների քննարկմանն էր ներկայացվել՝ առանց նրանց կողմից կանխավ ուսումասիրվելու: Հենց այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյան
-Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում այն փատը, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորներին քննարկման են ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության ծավալուն օրենսգիրքը այն դեպքում, երբ վերջիններիս կողմից այն կանխավ չի ուսումնասիրվել:
-Մեծ օրակարգ մտնելուն կողմ էինք, բայց այժմ քննարկման դնելուն ես ու Ջհանգիրյանը ձեռնպահ էինք, որովհետեւ ծավալուն օրենք է, ո՛չ մեկ, ո՛չ երկու, ո՛չ էլ 10 օրվա ընկալելու բան չի դա, պետք է ժամանակ լինի, որպեսզի ծանոթանանք դրույթներին եւ քննարկենք: Թե ինչպիսի մարտավարություն կընտրի քաղաքական մեծամասնությունը, դա ես չեմ կարող ասել: Բայց որ այն մարսված չի պատգամավորների կողմից, դա միանշանակ է:
Միգուցե մասնագետները, մասնագիտացված կառույցները ինչ-որ քննարկումներ են արել տարիներով, բայց մենք՝ պատգամավորներով, դա չընկալեցինք: Վերջիվերջո, քվեարկողը, որոշում կայացնողը մենք ենք, խորհրդարանն է: Պետք է մասնագետների հետ քննարկենք, ուսումնասիրենք, վերջիվերջո, քաղաքացիական օրենսգիրքն է: Այսօր բերել են, վաղն էլ մտնելու է քառօրյա, հետո՞, վաղն էլ քվեարկելու ենք, ոնց կլինի երկու-երեք օրում:
-Իսկ ինչպիսի՞ առանցքային փոփոխություններ են արված նոր փաթեթում:
-Այսօր հիմնական եւ հարակից զեկուցողները ներկայացրին օրենքներն ու վերջ, որոշեցին այս քառօրյա չմտցնել, այլ հաջորդ քառօրյայում, բայց հաջորդ քառօրյայում մի շաբաթ, երկու շաբաթվա խնդիր չի, որ մի շաբաթում ուսումնասիրես, վերջիվերջո, մենք՝ պատգամավորներս, իրավաբաններ չենք: Սա սովորական օրենքի լրացում չի: Չի կարելի բերել, մի օրվա մեջ ծանոթանան, քննարկեն, հո՞ նոտարական գրասենյակ չի, վերջիվերջո, խորհրդարան է:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ առանց պատգամավորների կողմից ուսումնասիրվելու քննարկման է դրվել քաղաքացիական դատավարության օրենսգիրքը:
-Փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրել է, ճիշտ է՝ այդպես շատ մանրակրկիտ չէ, վերցրել եմ, որպեսզի մանրամասնորեն ուսումնասիրեմ, ծանոթանամ անձամբ: Դեռ ժամանակ ունեմ, քառօրյա օրակարգում էլ մանրամասն ծանոթանալու ենք: Ընդհանուր ներկայացվեց, որ օրենսգիրքը վատ բան չի: Պատգամավորի գործն այնպիսի գործ չի, որ հեշտ լինի: Եթե ընտրել են, ուրեմն պետք է մի քանի գիշեր չքնենք, որ քննարկենք, մանրամասն ուսումնասիրենք, հասկանանք՝ ինչ է կատարվում: Շատ ծավալուն փաթեթ է:
Արփինե Թովմասյան