11 տարեկան էի, ճանաչում էի Դուշման Վարդանին, շփվում էի դաշնակցական տղերքի հետ. Աղասի Իսպիրյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային, ժողովրդական երգերի կատարող Աղասի Իսպիրյանը պատրաստվում է ամիսներ անց ԱՄՆ-ում մասնակցել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված երեկոյի, ունի նաեւ հյուրախաղերի հրավեր արտերկրից: Մենք Աղասիի հետ զրուցել ենք պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ազգային երգչի պարտավորեցնող գործի մասին, պարզել ենք, թե ըստ նրա, որ երկրների հայ համայնքների կողմից են հայրենասիրական երգերն ամենապահանջվածը:

-Աղասի՛, առաջիկայում հյուրախաղեր ունե՞ք, առհասարակ, ո՞ր երկրների հայ համայնքներից եք ունենում համերգների ամենաշատ հրավերները:

-Այս աշնանը պատրաստվում եմ Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանների հետ մեկնել Ռուսաստան` համերգների: Եթե հեռահար ծրագրերից խոսելու լինեմ, ապա Ամանորի գիշերն էլ, երեւի, Հայաստանում չեմ լինի, սփյուռքի մեր հայրենակիցների հետ կնշեմ տոնը: Ինչ վերաբերում է հրավերների աշխարհագրությանը, ապա կարող եմ փաստել, որ ամենաշատը մեզ կանչում են Կանադայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Բելգիայից: Այս երկրների հայ համայնքները բավական ակտիվ են, ազգային-ժողովրդական երգի պահանջարկն էլ այնտեղ բավական մեծ է: Օրինակ` Կանադայի Մոնրեալ քաղաքում հայ համայնքը շատ կենսունակ է, այնտեղ հրաշալի սերունդ է դաստիարակվում: Առաջին անգամ Մոնրեալ այցելեցի 3-4 տարի առաջ եւ բավական զարմացած էի, որ տեղի հայ երիտասարդները բոլորը անգիր գիտեին մեր ազգային երգերը: Գովելի է, որ հայրենիքից այդքան հեռու լինելով` նրանք այդ աստիճան համախմբված են, օտարամոլ չեն: Այդ ամենը տեսնելուց հետո երգիչն էլ առանձնահատուկ ուժ է ստանում:

14249181_1133153063432425_1551303985_n

-Դուք պատերազմական իրավիճակում գտնվող երկրի երգիչ եք, ընդ որում, ազգային, ֆիդայական, հայրենասիրական երգեր եք կատարում: Սա պարտավորեցնող չէ՞: Չէ՞ որ Դուք պետք է հուզեք, ոգեւորեք, թեւեր տաք…

-Գիտեք` դեռեւս 1991 թվականից, երբ ես ընդամենը 11 տարեկան էի, ճանաչում էի Դուշման Վարդանին, շփվում էի դաշնակցական տղերքի հետ: Այսինքն` դեռ երեխա էի, բայց շատ տեղեկություններ ունեի հայրենիքիս, բանակիս մասին: Իհարկե, այդ հարցում մեծ է եղել ծնողներիս դերը, իսկ կոնկրետ ֆիդայական երգերի հանդեպ սերը պապիցս է փոխանցվել: Ես 10 տարեկան էի, ուզում էի գնալ դուրս, ընկերներիս հետ խաղալ, այնինչ՝ հայրս իմ հանդեպ շատ խիստ էր, անգամ անպատվում էր, ասում էր` քո գործն ուրիշ տեղ է, իսկ դու ուզում ես ընկնել փողոցները: Հիմա ես գիտակցում եմ, թե ինչ գործ եմ անում եւ երբեք ուրիշ երգիչների նման կողմնակի աշխատանքով չեմ զբաղվի, դա ճիշտ չէ. ամբողջովին նվիրվել եմ ազգային երգին: Ես գիտակցում եմ, որ պետք է մարդկանց օրինակ ծառայեմ իմ տեսակով. իմ ներկայացրած ժանրի երգիչը չպետք է ազգային երգ երգի, իսկ հինգ րոպե հետո ուրիշ ժանրի երգով «կայֆավատ» լինի:

-Իսկ մեր զինվորների հետ կապ ունե՞ք: Փոխադարձ շփում կա՞:

-Ես իմ վերջին տեսահոլովակը նվիրել եմ մեր քաջարի բանակին, ինքս ծառայել եմ հայոց բանակում, տեղյակ եմ այնտեղի կյանքից, լավ գիտեմ` ինչպիսին է մեր զինվորի վիճակը: Այնպես որ, ոչ միայն երգով, այլեւ անձնական փորձով եմ կապված բանակի հետ: Ամեն շաբաթ Ղարաբաղից, մասնավորապես` Ջաբրաիլից, Շուշիից, ինչպես նաեւ` Շամշադինից զինվորներ, սպայական կազմի անդամներ զանգահարում են ինձ, ասում են, որ իմ երգերն են լսում, ջերմ խոսքեր ենք փոխանակում: Այնպես որ, այդ կապը միշտ կա:

14171964_1133153066765758_389684702_n

-Եվ վերջում, բացի համերգային ծրագրերից` կա՞ ազգային, ժողովրդական երգին առնչվող մի նախագիծ, որի շրջանակում ընդգրկված եք:

-Այո՛, մարտի 12-ին ԱՄՆ-ի «Նոկիա» թատրոնում կանցկացվի ժողովրդական, ազգային երգի մեծ երեկո` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Դա պետական միջոցառում է, եւ հրավիրված մի շարք երգիչների թվում եմ նաեւ ես:

Աննա Բաբաջանյան




Լրահոս