«Ժողովուրդ»-ը մի շարք քաղաքացիներից պարբերաբար դժգոհություններ է ստանում «Հայբիզնեսբանկի» գործելաոճի հետ կապված: Այս անգամ մեզ դիմել են Վարդենիս քաղաքի «Հայբիզնեսբանկի» ծառայություններից օգտվող պայմանագրային զինծառայողները: Նրանց խոսքով արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատավարձեր ստանալուց հետո աստիճանաբար իրենց հաշվից գումար է «անհետանում»:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Հայբիզնեսբանկի» Վարդենիսի մասնաճյուղի կառավարիչ Արթուր Միլիտոնյանի հետ:
-Պարո՛ն Միլիտոնյան, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ «Հայբիզնեսբանկում» պայմանագրային զինծառայողների հաշվից շարունակ գումար է պակասում:
-Խնդիրները անհատական են, տարբեր պատճառներ կարող են լինել: Բարդ մեխանիզմ է մշակած, ժողովրդի, զինվորականների մոտ մի քիչ շատ դժվար է ընկալվում: Կարող է լինել նախորդ ամսվա համեմատ գերածախսի, չնվազող մնացորդի խնդիր, եթե նոր քարտ է հանել, կարող է լինել սպասարկման վճարի խնդիր, գումարը դուրս գալուց յուրաքանչյուր անգամ կանխիկացման խնդիր էլ է առաջանում, ամեն անգամ բանկոմատից հանելուց կանխիկացման տոկոս է պահվում: Մարդկանց տեղյակ պահել ենք, որ ուրիշ բանկոմատներից աշխատեն չօգտվել, հնարավոր է, որ այլ բանկի բանկոմատներից են օգտվում, այդ դեպքում կանխիկացման տոկոսն ավելի բարձր է լինում: Կարող են դիմել բանկ, մասնագետները հատ-հատ բացատրեն՝ որտեղից է գումարը պակասում, որտեղ ավելանում: Որ բանկը ցանկություն էլ ունենա, չի կարող հաշվից ինչ-որ պայմանով գումար տանել, առնվազն դա հնարավոր չի:
-Անգամ զինվորականների հեռախոսահամարներին հաղորդագրություններ են գալիս նշումներով, թե նրանց հաշվին մինուս 900 դրամ է: Սա ի՞նչ խնդիր է:
-Վերջերս քարտերը փոխել ենք, քարտերի վրա ավելացվել է սպասարկման վճարի մնացորդի 900 եւ 1200 դրամ: Հենց քարտը սկսում է ակտիվանալ, մինուս 900 դրամ չնվազող մնացորդ է հավաքվում, աշխատավարձը փոխանցելու դեպքում 900 դրամը մարվում է, եւ աշխատավարձը 900 դրամի չափով պակաս են ստանալու: Բացի դրանից՝ կա 1200 դրամ սպասարկման վճար, համագործակցության պայմանագրի համաձայն՝ բավականին էժան է, քանի որ առանց պայմանագրի սպասավճարը կազմում է մոտ 3000 դրամ: Մենք տվյալ զորամիավորման հետ ունենք համագործակցություն եւ նրանց հետ ցածր սակագներով ենք աշխատում:
-Պարո՛ն Միլիտոնյան, այնուամենայնիվ, պայմանագրային զինծառայողները իրենց կյանքը վտանգի ենթարկելով են գումար աշխատում, այս խնդիրները լուծելու համար ի՞նչ քայլեր եք անում:
-Մեր հնարավորության չափով ե՛ւ մենք, ե՛ւ վարչության նախագահի կարգադրությամբ ամեն ինչ անում ենք, որ օգնենք մեր բանակին` թեկուզ բանկի շահերից ելնելով:
-Հետաքրքիրն այն է, որ նման դժգոհություններն անպակաս են, բայց պետական կառույցի աշխատողները հենց «Հայբիզնեսբանկից» են աշխատավարձեր ստանում: Պարտադրված ինչ-որ բան կա՞:
-Երեւի սպասարկումը բարձր որակի է, ձգտում են դեպի «Հայբիզնես» բանկ, համեմատած մեծ բանկերի՝ ավելի ճկուն ծառայություն է մատուցում, պարտադրված որեւէ բան չկա:
-Պարո՛ն Միլիտոնյան, քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների անուններով վարկային պարտավորվածությունները «Հայբիզնեսբանկում» պետք է զրոյանային: Քանի՞ ընտանիք է դիմել այս խնդրի համար եւ լուծում ստացել:
-Կոնկրետ մեր մասնաճյուղում կային չորս հոգի զոհվածներ, որոնց վարկերը վարչության որոշմամբ բանկը մարեց, բացի քառօրյա պատերազմից՝ դժբախտ դեպքեր են եղել՝ ավտովթարներ, որոնց վարկերը եւս մարվեցին, ու այդ մեխանիզմը միշտ աշխատում է մեզ մոտ:
Արփինե Թովմասյան